39221/98;41963/98

WyrokETPCz2000-07-13ECLI:CE:ECHR:2000:0713JUD003922198

Analiza orzeczenia

Sekcja wygenerowana przez AI na podstawie treści orzeczenia — nie stanowi cytatu.

Rozstrzygnięcie
Trybunał jednogłośnie: 1. Oddala wstępny zarzut Rządu. 2. Stwierdza brak naruszenia art. 8 Konwencji w zakresie zawieszenia praw rodzicielskich pierwszej skarżącej i oddania dzieci pod opiekę. 3. Stwierdza naruszenie art. 8 Konwencji w zakresie opóźnień i ograniczonej liczby kontaktów między pierwszą skarżącą a jej dziećmi. 4. Stwierdza naruszenie art. 8 Konwencji w zakresie umieszczenia dzieci pierwszej skarżącej w ośrodku „Il Forteto”. 5. Stwierdza brak naruszenia art. 8 Konwencji w odniesieniu do drugiej skarżącej. 6. Stwierdza, że nie ma odrębnej kwestii w związku z art. 6 ust. 1 i art. 14 Konwencji. 7. Stwierdza brak naruszenia art. 3 Konwencji w zakresie traktowania dzieci pierwszej skarżącej w ośrodku „Il Forteto”. 8. Stwierdza, że skarżący nie mają legitymacji procesowej do skarżenia się na naruszenie art. 3 Konwencji w związku z cierpieniem wynikającym z ich ogólnej sytuacji. 9. Stwierdza brak naruszenia art. 2 Protokołu nr 1 do Konwencji. 10. Postanawia: (a) że pozwane państwo ma zapłacić pierwszej skarżącej kwotę 100 000 000 ITL (sto milionów lirów włoskich) tytułem szkody niemajątkowej w terminie trzech miesięcy; (b) że pozwane państwo ma zapłacić każdemu z dzieci pierwszej skarżącej kwotę 50 000 000 ITL (pięćdziesiąt milionów lirów włoskich) tytułem szkody niemajątkowej w terminie trzech miesięcy; (c) że pozwane państwo ma zapłacić adwokatowi pierwszej skarżącej kwotę 17 685 000 ITL (siedemnaście milionów sześćset osiemdziesiąt pięć tysięcy lirów włoskich) tytułem kosztów i wydatków w terminie trzech miesięcy; (d) że pozwane państwo ma zapłacić pierwszej skarżącej kwotę 800 000 ITL (osiemset tysięcy lirów włoskich) tytułem opłat, które pierwsza skarżąca już uiściła swojemu adwokatowi; (e) że po upływie wspomnianego trzymiesięcznego terminu do dnia faktycznej zapłaty należne będą odsetki proste w wysokości 2,5% rocznie. 11. Oddala pozostałą część żądania skarżących w zakresie słusznego zadośćuczynienia.

Pełny tekst orzeczenia

COUR EUROPÉENNE DES DROITS DE L’HOMME EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS   ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ   ՍԿՈՑԱՐԻՆ ԵՎ ՋԻՈՒՆՏԱՆ ԸՆԴԴ. ԻՏԱԼԻԱՅԻ (CASE OF SCOZZARI AND GIUNTA v. ITALY) (գանգատ թիվ 39221/98 և գանգատ թիվ 41963/98)   ԴԱՏԱՎՃԻՌ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 13-ը հուլիսի, 2000 թ.     Սկոցարին և Ջիունտան ընդդ. Իտալիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հանդես գալով Մեծ պալատի դատավորների հետևյալ կազմով` Պրն. Լ. ՎԻԼԴՀԱԲԵՐ, նախագահ, պրն. Ջ.-Պ. ԿՈՍՏԱ, պրն. Լ. ՖԵՐԱՐԻ ԲՐԱՎՈ, պրն. Գաուքուր ՋՈՐՈՒՆԴՍՈՆ, պրն. Լ. ՔԵՖԼԻՇ, պրն. Ի. ԿԱԲՐԱԼ ԲԱՌԵՏՈ, պրն. Վ. ՖՈՒՐՄԱՆ, պրն Կ. ՋՈՒՆԳՎԻՐԹ, պրն. Մ. ՖԻՇԲԱԽ, պրն. Բ ԶՈՒՊԱՆՉԻՉ, տկն. Ն. ՎԱՅԻՉ, պրն. Ջ. ՀԵԴԻԳԱՆ, տկն. Մ. ՑԱՑԱ-ՆԻԿՈԼՈՎՍԿԱ, պրն. Տ. ՊԱՆՏԻՐՈՒ, պրն. Է. ԼԵՎԻՑ, պրն. Կ. ՏՐԱՅԱ, պրն. Ս. ՌՈՒՍՍՈ` փոխարինող դատավոր, և պրն. Մ. ԴԵ ՍԱԼՎԻԱ, քարտուղար,   Ավարտելով 2000 թվականի հունվարի 26-ի և հուլիսի 5-ի դռնփակ խորհրդակցությունները, կայացնում է հետևյալ դատավճիռը, որն ընդունվել է դատավճռի վերջնամասում նշված ամսաթվին:   ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ 1. Գործը փոխանցվել է Դատարանին այն դրույթների համաձայն, որոնք կիրառելի էին նախքան Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (հետայսու` «Կոնվենցիա») թիվ 11 արձանագրության ուժի մեջ մտնելը:[1] Գործը Դատարանին են փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովը (հետայսու` «Հանձնաժողով») և Իտալիայի կառավարությունը (հետայսու` «Կառավարություն»)` համապատասխանաբար 1998 թվականի դեկտեմբերի 4-ին և 1999 թվականի հունվարի 21-ին (թիվ 11 արձանագրության 5-րդ հոդվածի 4-րդ մաս, Կոնվենցիայի նախկին 47-րդ և 48-րդ հոդվածներ): 2. Գործը սկիզբ է առել Իտալիայի Հանրապետության դեմ ներկայացված երկու գանգատներից (գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, որոնք միացվել են): Առաջին գանգատաբերը` Բելգիայի և Իտալիայի քաղաքացուհի տկն. Դոլորատա Սկոցարին, ով ներկայումս բնակվում է Ֆիգլինե Վալդարնոյում, հանդես է գալիս նաև իր երեխաների` 1987 թվականին ծնված և Բելգիայի և Իտալիայի երկքաղաքացի Գ.-ի, ինչպես նաև 1994 թվականին ծնված և Իտալիայի քաղաքացիություն ունեցող Մ.-ի անունից: Երկրորդ գանգատաբերը` տկն. Կարմելա Ջիունտան, Իտալիայի քաղաքացի է, ով ծնվել է 1939 թվականին և բնակվում է Բրյուսելում: 1998 թվականի տարեվերջից սկսած նա տուն ունեցել է նաև Իտալիայում: Նա առաջին գանգատաբերի մայրն է: 3. Առաջին գանգատաբերն առաջին գանգատը Հանձնաժողովին ներկայացրել է 1997 թվականի դեկտեմբերի 9-ին` Կոնվենցիայի նախկին 25-րդ հոդվածի հիման վրա: Ավելի ուշ` 1998 թվականի հունիսի 16-ին, երկու գանգատաբերները ներկայացրել են երկրորդ գանգատը: Գանգատները միացվել են 1998 թվականի հուլիսի 8-ին: 4. Առաջին գանգատաբերը պնդել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, քանի որ Ֆլորենցիայի անչափահասների դատարանը որոշել է կասեցնել բոլոր հարաբերություններն իր և իր երեխաների միջև, իսկ երեխաներին հանձնել «Իլ Ֆորտետո» համայնքին, ինչպես նաև` քանի որ ինքն ի վիճակի չի եղել տեսնել կրտսեր որդուն: Երկրորդ գանգատաբերը գանգատի մեջ նշել է, որ չի դիտարկվել երեխաներին իր խնամքին հանձնելու հնարավորությունը: Գանգատաբերները նաև գանգատվում էին Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 14-րդ հոդվածի խախտումների մասին` պնդելով, թե իրենց գանգատների քննությունը ձգձգվել էր, և թե տեղի է ունեցել խտրական վերաբերմունք: Ի վերջո, առաջին գանգատաբերը գանգատվում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման մասին` պնդելով, թե համայնքում երեխաների նկատմամբ տեղի է ունեցել անմարդկային վերաբերմունք, ինչպես նաև` Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի խախտման մասին` պնդելով, թե երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն անբավարար են եղել: 5. Հանձնաժողովը 1998 թվականի մարտի 10-ին անընդունելի էր ճանաչել առաջին գանգատի մեկ մասը (թիվ 39221/98): 1998 թվականի սեպտեմբերի 15-ին Հանձնաժողովն ընդունելի էր ճանաչել երկրորդ գանգատը (թիվ 41963/98) և առաջին գանգատի մնացյալ մասը: 1998 թվականի դեկտեմբերի 2-ի զեկույցում (Կոնվենցիայի նախկին 31-րդ հոդվածը)[2] Հանձնաժողովը կարծիք էր հայտնել, որ առաջին գանգատաբերի ծնողական իրավունքները կասեցնելու և նրա երեխաներին խնամատարության վերցնելու առումով տեղի չէր ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (ձայների 24-1 հարաբերակցությամբ), երեխաներին «Իլ Ֆորտետո» համայնքում տեղավորելու առումով տեղի չէր ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (ձայների 13-12 հարաբերակցությամբ), իսկ առաջին գանգատաբերի և նրա երեխաների միջև բոլոր շփումները կասեցնելու առումով տեղի էր ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (ձայների 21-4 հարաբերակցությամբ): Հանձնաժողովը նաև միաձայն կարծիք հայտնեց, որ երկրորդ գանգատաբերի առնչությամբ տեղի չէր ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կամ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում, և որ առանձին խնդիր չէր ծագում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 14-րդ հոդվածի ներքո: 6. Կառավարության ներկայացուցիչն էր արտաքին գործերի նախարարության դիվանագիտական վեճերի վարչության ղեկավար, Դատարանում Կառավարության ներկայացուցիչ պրն. Ու. Լեանզան: 7. Մեծ պալատի հանձնախումբը 1999 թվականի փետրվարի 3-ին որոշել էր, որ գործը ենթակա է լուծման Մեծ պալատի կողմից (Դատարանի կանոնակարգի 100-րդ կանոնի 1-ին կետ): Իտալիայից ընտրված դատավոր պրն. Բ. Կոնֆորտին, ով մասնակցել էր Հանձնաժողովի կողմից գործի քննությանը, ինքնաբացարկ հայտնեց Մեծ պալատում գործի քննությունից (28-րդ կանոն): Կառավարությունը նրա փոխարեն պրն. Ս. Ռուսսոյին նշանակեց որպես փոխարինող դատավոր (Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ մաս, Կանոնակարգի 29-րդ կանոնի 1-ին մաս): 8. Գանգատաբերները հուշագրեր ներկայացրեցին 1999 թվականի մարտի 3-ին, հուլիսի 16-ին և սեպտեմբերի 22-ին, իսկ պատասխանող կառավարությունը` 1998 թվականի դեկտեմբերի 9-ին, մարտի 1-ին, ապրիլի 6-ին և 10-ին, հուլիսի 19-ին և սեպտեմբերի 10-ին: Դիտարկումներ ստացվեցին նաև Բելգիայի կառավարությունից, որն օգտագործել էր միջամտելու իր իրավունքը (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին մաս, Կանոնակարգի 61-րդ կանոնի 2-րդ մաս): 9. 2000 թվականի հունվարի 26-ին դռնփակ դատական նիստ անցկացվեց Ստրասբուրգում` Մարդու իրավունքների շենքում:   Դատարանի առջև ներկայացան. (ա) Իտալիայի կառավարության անունից. մագիստրատ պրն. Վ. ԷՍՊՈԶԻՏՈՆ` գործուղված արտաքին գործերի նախարարության դիվանագիտական վեճերի վարչության կողմից, Կառավարության համաներկայացուցիչ, (b) գանգատաբերների անունից. Լիվորնոյի փաստաբանների խորհրդի անդամ տկն. Ա. ՄԱԶԱՐԻ, գանգատաբերներ տկն. Դ. ՍԿՈՑԱՐԻ, տկն. Կ. Ջիունտա, (գ) Բելգիայի կառավարության անունից` իրավախորհրդատուներ տկն. Ա. ԴԵՅՎԻՍ, տկն. Մ. ԺԻԼԵՏ:   Դատարանը լսեց նրանց ելույթները:   10. 2000 թվականի մարտի 8-ին Դատարանը դիտեց 1999 թվականի ապրիլի 29-ի և սեպտեմբերի 9-ի կոնտակտային տեսակցությունների տեսագրությունները, որոնք պատասխանող Կառավարությունը տրամադրել էր 2000 թվականի փետրվարի 2-ին: Դատարանը համարեց, որ գործը պատրաստ է որոշում կայացնելուն, և որ անհրաժեշտ չէ բավարարել լրացուցիչ քննություն իրականացնելու մասին կողմերի և Բելգիայի կառավարության լրացուցիչ միջնորդությունը:   ՓԱՍՏԵՐԸ I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ Ա. Առաջին գանգատաբերի ընտանեկան կյանքին իշխանությունների միջամտությանը նախորդած իրադարձությունները 11. Առաջին գանգատաբերը հանդիպեց իր երեխաների հորը` Բելգիայում բանտարկված Ն.Ա.-ին: Ավազակային հարձակման և սպանության փորձի համար նա 1984 թվականի փետրվարի 17-ին դատապարտվել էր` ստանալով հարկադիր աշխատանքով զուգորդված ցմահ ազատազրկման պատիժ: Նա նախկինում մի քանի անգամ դատված եղել էր հանցագործությունների, ներառյալ` գողության, մինչև 15 տարեկան երեխայի ներկայությամբ անառակաբարո բացահայտ գործողությունների և 10-14 տարեկան անչափահասի բռնաբարության համար (վերջին երկու հանցագործությունների համար նրան ներում էր շնորհվել և նրա պատժաչափը կրճատվել էր): Հարկադիր աշխատանքով զուգորդված ցմահ ազատազրկման պատիժը հետագայում` 1991 թվականին կիրառված ներման արդյունքում կրճատվել էր` փոխարինվելով 27 տարվա հարկադիր աշխատանքով: 12. Ավագ երեխան ծնվել էր Ն.Ա.-ի բանտում գտնվելու ընթացքում: Ավելի ուշ առաջին գանգատաբերը և Ն.Ա.-ն ամուսնացել էին: 1993 թվականին (ամսաթիվը նշված չէ) Ն.Ա.-ն չէր վերադարձել բանտ, և այդ ժամանակից ի վեր մնացել էր Բելգիայի իշխանությունների կողմից հետախուզվողների ցուցակում: Այդ ժամանակ Ն.Ա.-ն և առաջին գանգատաբերն իրենց երեխայի հետ մեկնել էին Իտալիա: 13. 1994 թվականի փետրվարին ծնվել էր կրտսեր որդին: Այնուամենայնիվ, ընտանիքում մթնոլորտը սկսել էր վատթարանալ: Ծնողների միջև վեճերը թեժացել էին, և դրանց արդյունքում բռնություն էր գործադրվել առաջին գանգատաբերի նկատմամբ, ով հետագայում բողոք էր ներկայացրել ամուսնու դեմ (Դատարանը չի տեղեկացվել այդ վարույթի ելքի մասին): 14. Այդ ընթացքում, Ֆլորենցիայի շրջանի սոցիալական ծառայության սոցիալական աշխատող Մ.Լ.-ն լավ հարաբերություններ էր հաստատել առաջին գանգատաբերի ընտանիքի հետ: Նա նախկին թմրամոլ էր, ով այդ ժամանակ արդեն խորհրդատվություն էր իրականացնում պրոբլեմներ ունեցող ընտանիքներից խնամատարության վերցված մի շարք երեխաների համար: Նա առաջարկել էր շաբաթ-կիրակի օրերին անվճար հետևել առաջին գանգատաբերի ավագ որդուն: Առաջին գանգատաբերն ընդունել էր առաջարկը, քանի որ ինքը և ամուսինն աշխատում էին, ինքը պետք է խնամեր նորածնին, իսկ սոցիալական ծառայությունները շաբաթ-կիրակի օրերին երեխաներին առնչվող անվճար աջակցություն չէին տրամադրում: 15. Կարճ ժամանակ անց ավագ որդու մոտ առողջական խնդիրներ էին ի հայտ եկել: Առաջին գանգատաբերը մի քանի անգամ հիվանդանոց էր տարել նրան, սակայն խնդիրները սկզբնական շրջանում բացատրվել էին սննդակարգի անբավարարությամբ: 16. Առաջին գանգատաբերը 1996 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ չի ցանկանում, որպեսզի Մ.Լ.-ն շարունակի ընդունել իր որդուն: Դրանից հետո Մ.Լ.-ն սկսել էր երեխային հանդիպել առաջին գանգատաբերի տանը` միայն ծնողների ներկայությամբ: Առաջին գանգատաբերը փորձել էր դադարեցնել այդ հանդիպումները, սակայն դա հոգեբանական հետևանքներ էր առաջացրել տղայի համար, ով փորձել էր հանդիպել Մ.Լ.-ին առանց ծնողների իմացության: 17. Կարճ ժամանակ անց տղան ընտանեկան ընկերներից մեկին տեղեկացրել էր «անսովոր խաղերի» մասին, որոնց մի քանի անգամ իրեն համոզել էր մասնակցել Մ.Լ.-ն: Իմանալով իրենց որդու խոստովանության մասին, առաջին գանգատաբերը և նրա ամուսինը պաշտոնական բողոք էին ներկայացրել ոստիկանություն 1997 թվականի փետրվարի 2-ին: 18. Հարուցվել էր քննություն: Քննիչներն արագորեն մի շարք գործոններ էին բացահայտել, որոնք վկայում էին այն մասին, որ Մ.Լ.-ն պեդոֆիլների կազմակերպված խմբի առանցքային դերակատար էր: Մասնավորապես, նա մեղադրվում էր 1986 թվականից ի վեր մի քանի երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ` օգտագործելով սոցիալական ծառայությունների հետ իր առնչությունը և իր` որպես սոցիալական աշխատողի դերակատարումը (նրա գործողություններից ենթադրաբար տուժած անձանցից մի քանիսը տեղավորված էին եղել տարբեր տներում, իսկ երեխաներից մեկի խնամքը Պալերմոյի անչափահասների դատարանն անգամ վստահել էր իրեն` Մ.Լ.-ին): Մ.Լ.-ն մեղադրվում էր նաև երեխաների, ներառյալ` առաջին գանգատաբերի ավագ որդու հետ իր սեռական շփումների ընթացքում արված լուսանկարները վաճառելու մեջ, ինչպես նաև` թմրադեղերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ ղեկավարելու մեջ: 19. Քննող դատավորը 1997 թվականի հունիսի 6-ին կարգադրել էր, ի թիվս այլ գործողությունների, ձերբակալել Մ.Լ.-ին: Դատավորը նշել էր, որ Մ.Լ.-ն , լինելով նախկին թմրամոլ, ձևացրել էր, թե ցանկանում է ուղղվել` այդկերպ կարողանալով մուտք գործել երեխաների պաշտպանությամբ զբաղվող պետական մարմիններ և շահագործել անհատների և պետական իրավասու մարմինների կողմից իր խնամքին վստահված երեխաներին: Առաջին ատյանի դատարանը դատավարության ավարտին մեղավոր էր ճանաչել նրան: 20. Նույն ժամանակահատվածում սոցիալական ծառայությունները սկսել էին ավելի ուշադիր ուսումնասիրել առաջին գանգատաբերի ընտանիքի վիճակը: 1997 թվականի հունվարի 30-ի տեղեկանքում սոցիալական աշխատող տկն. Ս.Գ.-ն նշել էր, որ ծնողների միջև առկա է լուրջ հակասություն (առաջին գանգատաբերն իրավիճակի առնչությամբ նախորդ ամառվա ընթացքում բողոքել էր տարբեր իրավասու մարմիններին), և որ նրանց արդյունավետ համագործակցությունն ապահովելու առումով կան դժվարություններ: 1997 թվականի փետրվարի 7-ին պատրաստված երկրորդ զեկույցում արձանագրվել էր իրավիճակի վատթարացում: Ավելին, տկն. Ս.Գ.-ն նշել էր, որ կրտսեր երեխան ոչ լուրջ հիվանդությունների պատճառով պարբերաբար չի հաճախում մանկապարտեզ, մինչդեռ ավագ երեխան ուսուցիչների կողմից նկարագրվում էր որպես խելացի և շատ ակտիվ երեխա: 21. Ֆլորենցիայի անչափահասների դատարանը 1997 թվականի փետրվարի 25-ին կարգադրել էր երեխաներին և մորը տեղափոխել սոցիալական ծառայությունների կողմից ընտրված տուն: Դատարանը հղում էր արել, մասնավորապես, առաջին գանգատաբերի ավագ որդու նկատմամբ ենթադրաբար տեղի ունեցած սեռական բռնության վերաբերյալ ստացված բողոքին: 22. 1997 թվականի մարտի 12-ի զեկույցում սոցիալական ծառայությունները նշել էին, որ երեխաներին և նրանց մորն ընդունելու պատրաստ տուն գտնելը դժվար է: Ավելին, առաջին գանգատաբերը հրաժարվել էր առանձնացվել երեխաներից, իսկ ավագ որդին ասել էր, որ ցանկանում է մնալ մոր հետ: Բոլոր երեքը ժամանակավորապես տեղավորվել էին «Կարիտաս» բարեգործական կազմակերպության հյուրատանը: Երեխաներն առաջին գանգատաբերի նախաձեռնությամբ սկսել էին կրկին դպրոց հաճախել: Սոցիալական ծառայությունները նշված զեկույցում առաջին գանգատաբերին նկարագրել էին որպես անկայուն և փխրուն: 23. 1997 թվականի մարտին սոցիալական ծառայություններ նշել էին, որ «Կարիտասը» չի կարող շարունակել կացարան ապահովել առաջին գանգատաբերին: Նրանք նաև ասել էին, որ վերջինս ըստ երևույթին ի վիճակի չէր պահպանել երեխաների պաշտպանության պատշաճ ծրագրի պայմանները, և որ առկա էին կասկածներ նրա` երեխաներին արդյունավետորեն խնամել կարողանալու առումով: Ավելին, նա շարունակել էր կազմակերպության տարածքում և դրանից դուրս հանդիպել մի տղամարդու հետ, և նշել էր, որ ցանկանում է տուն վերադառնալ, քանի որ ամուսինն այլևս բռնություն չի գործադրում իր նկատմամբ: 24. Տեղի առողջապահական հիմնարկում աշխատող նյարդահոգեբույժը 1997 թվականի հունիսի 9-ի եզրակացության մեջ գրել էր, որ առաջին գանգատաբերն ըստ երևույթին ունի անձի խանգարումներ: Եզրակացության համապատասխան մասերում գրված էր հետևյալը. «...տիկինն ըստ երևույթին ի վիճակի չէ գնահատել իրականությունը և համապատասխանաբար ճշգրտել իր վարքը: Նա կարծես շատ շփոթված է երևույթները նկարագրելու և ոչ ռացիոնալ գործողությունները նկարագրելու առումով: Ի վիճակի չէ տարբերակել երեխայի լավն ու վատը, ուստի` չի կարող պաշտպանել նրան: Ժամանակի որոշ պահերի իրեն պահում է երեխայի պես` մոր իդեալականացված կերպարին համահունչ, իսկ երբեմն էլ` Գ.-ին վերագրում է մեծահասակի դեր` գայթակղիչ և որոշ առումներով անպարկեշտ հատկություններով: Կարող եմ եզրակացնել, որ տիկինը ... անձի լուրջ խանգարում ունի, որը ժամանակ առ ժամանակ ազդում է իմացության և գաղափարների դաշտի վրա, երբեմն էլ` հույզերի և հարաբերությունների դաշտի վրա, և կարելի է առաջ քաշել «սահմանային վիճակի» թեզը: Տիկինը ներկայումս ցույց է տալիս, որ ի վիճակի չէ կառավարել ընտանեկան խիստ բարդ իրավիճակը և Գ.-ի առանձնապես նուրբ հանգամանքը, առավել ևս` ստեղծել բավականաչափ դրական միջավայր նրա համար»: 25. Դպրոցի 1997 թվականի հունիսի 10-ի եզրակացության մեջ նշվել էր, որ ավագ որդին գնալով ավելի դյուրագրգիռ է դառնում, և որ առաջին գանգատաբերի վերաբերմունքը որդու և դպրոցի աշխատողների նկատմամբ խիստ փոփոխակեն է եղել, երբեմն` ագրեսիվ, երբեմն` ուշադիր: Դպրոցը եզրակացրել էր, որ նրա հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելը շատ դժվար է եղել: Սոցիալական աշխատողի հաջորդ օրվա եզրակացության մեջ հաստատվել էր, որ տղայի դժվարությունները խորանում են: 26. Անչափահասների դատարանը 1997 թվականի հուլիսի 22-ին կարգադրել էր ավագ տղային տեղավորել մեկ այլ տանը: Ծնողները 1997 թվականի հուլիսի 30-ին վիճարկել էին այդ որոշումը: 1997 թվականի օգոստողի 8-ին անչափահասների դատարանը սահմանել էր տեղավորման եռամսյա ժամկետ` նշելով, որ տեղավորման նպատակն է հնարավոր դարձնել երեխայի վարքի դիտարկումը: Այնուհանդերձ, տղան ցույց էր տվել, որ այդ լուծումն իրեն դուր չի գալիս և փախել էր այդ տնից` վերադառնալով ծնողների մոտ: Սոցիալական ծառայությունները, սակայն, պնդել էին, որ նա մնա այդ տանը: 27. Այդ ժամանակ ներկայացված բժշկական գաղտնի տեղեկանքում ընդգծվել էր, որ տղան, ով ահաբեկված էր տունը ղեկավարող քահանայից, իր անցյալից ոչ պակաս ողբերգական անցյալ ունեցած այլ երեխաների շրջապատում լինելու փոխարեն կարիք ուներ ավելի խաղաղ միջավայրի: 28. Կրտսեր երեխան այդ ընթացքում տեղափոխվել էր մեկ այլ տուն: 29. 1997 թվականի սեպտեմբերի 8-ին` առաջին գանգատաբերին և նրա երեխաներին հսկած սոցիալական աշխատողների և մասնագետների, ինչպես նաև այլ անձանց մասնակցությամբ անցկացված հանդիպման ավարտին համապատասխան սոցիալական ծառայությունների բաժնի ներկայացուցիչները եզրակացրեցին, որ երեխաներին անհրաժեշտ է առանձնացնել բնական ընտանիքից, և խորհուրդ տվեցին նրանց տեղավորել «Իլ Ֆորտետո» համայնքում, որը կազմակերպված էր որպես գյուղատնտեսական կոոպերատիվ: 30. Ֆլորենցիայի անչափահասների դատարանը 1997 թվականի սեպտեմբերի 9-ին քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Condotta del genitore pregiudizievole ai figli – «երեխաների համար վնասակար ծնողական վարքագիծ») համաձայն որոշում կայացրեց երեխաներին տեղավորել «Իլ Ֆորտետո» համայնքում, քաղաքացիական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Decadenza dalla potestà sui figli – «ծնողական իրավունքների դադարելը») համաձայն կասեցրեց հոր և մոր ծնողական իրավունքները, կարգադրեց ծնողների կողմից որոշումը կամովի չկատարելու դեպքում դրա հարկադիր կատարումը ոստիկանության աջակցությամբ, և ծնողներին իրավունք վերապահեց այցելել միայն կրտսեր որդուն, ընդ որում՝ սահմանելով, որ այդ այցերը պետք է տեղի ունենան կոոպերատիվի տարածքում, վերջինիս աշխատակազմի անդամների ներկայությամբ: Անչափահասների դատարանն արձանագրեց, ի թիվս այլ բաների, որ ծնողները չեն համագործակցել, իսկ մեկ առիթով ավագ երեխային վերցրել են այն տնից, որում նա նախկինում մնում էր՝ չնայած խնամատարների առարկություններին: Դատարանը նաև քննադատեց ծնողներին ավագ որդուն ողբերգական իրավիճակի մեջ գցելու և երկար ժամանակ այդ վիճակի մեջ թողնելու համար, որից նա տուժել էր, քանի որ ծնողները չէին իրականացրել իրենցից՝ որպես ծնողներից ակնկալվող հսկողությունը, և զգոնություն չէին ցուցաբերել երեխայի կողմից դրսևորվող մտահոգիչ նշանների նկատմամբ: Ի տարբերություն, դպրոցի աշխատողների ուշադրությունից այդ նշանները չէին վրիպել, և նրանք փորձել էին երկխոսություն հաստատել ընտանիքի հետ, սակայն՝ ապարդյուն: Ի վերջո, Անչափահասների դատարանը սոցիալական ծառայություններին կարգադրեց ուշի-ուշով մշտադիտարկել երեխաների վիճակը և արդյունքների հիման վրա առաջարկել երեխաների վերականգնման ծրագիր: Բ. «Իլ Ֆորտետո» համայնքին առնչվող խնդիրները 31. Գործի նյութերից պարզ է դառնում, որ 1970-ականների վերջերին կոոպերատիվի նկատմամբ քրեական գործի քննություն էր իրականացվել դրա երեք հիմնադիր անդամների կողմից կոոպերատիվում ենթադրաբար կատարված անասնապղծության և մանկապղծության գործողությունների առնչությամբ: Նրանցից երկուսը՝ L.R.F.-ն և L.G.-ն, ձերբակալվել, ապա՝ ազատ էին արձակվել, սակայն նրանց մասով գործն այդպես էլ դատարան չէր ուղարկվել: 32. Ֆլորենցիայի վերաքննիչ դատարանը 1985 թվականի հունվարի 3-ին L.R.F.-ին և L.G.-ին մեղավոր ճանաչեց, ի թիվս այլ գործողությունների, իրենց տանը մնացած անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի և սեռական բռնության համար (ապացույցների անբավարարության հիմքով նրանք մյուս մեղադրանքներով արդարացվեցին): Վերաքննիչ դատարանը նպատակահարմար գտավ մեղադրյալների դեմ ներկայացված ապացույցներն ուսումնասիրել «Իլ Ֆորտետո» համայնքի իրավիճակի լույսի ներքո. «Իր Ֆորտետո» համայնքի ղեկավարները փորձել էին խզել հարաբերություններն իրենց խնամքի ներքո գտնվող երեխաների և վերջիններիս կենսաբանական ծնողների միջև: Ավելին, լայն տարածում էր գտել նույնասեռականությունը: Ի թիվս այլ ապացույցների՝ հիմնվելով վկաների ցուցմունքների և մեղադրյալների մասնակի ինքնախոստովանական ցուցմունքի վրա, Վերաքննիչ դատարանը մեղադրանքն ապացուցվաց համարեց, մասնավորապես, մեղադրանքի հետևյալ կետերով. (i) Ե՜վ L.R.F.-ն, և՜ L.G.-ն մեղավոր ճանաչվեցին մի քանի օր իրենց տանը մնացած 18-ամյա հաշմանդամ աղջկա նկատմամբ դաժան վերաբերվելու, մասնավորապես՝ օրը մի քանի անգամ նրան խփելու, ուրիշների ներկայությամբ նրան վիրավորելու, արտաքին աշխարհի հետ նրա շփումն արգելելու և նրա արտաքին տեսքը ծաղրելու համար: Ավելին, L.R.F.-ը թքել էր նրա դեմքին, և որպես արհամարհական արարք՝ աղջկան ցույց էր տվել իր մարմինը: (ii) L.R.F.-ը մեղավոր ճանաչվեց նաև մտավոր խանգարում ունեցող երկու տղամարդկանց նկատմամբ մեկ դրվագով սեռական բռնություն (atti di libidine violenti) գործադրելու համար, ընդ որում՝ դա տեղի էր ունեցել 13-ամյա անչափահասի ներկայությամբ: 33. L.R.F.-ի նկատմամբ նշանակվեց երկու տարվա ազատազրկում, իսկ L.G.-ի նկատմամբ՝ 10 ամսվա ազատազրկում: Այնուհանդերձ, նրանց նկատմամբ պատժի կիրառությունը հետաձգվեց, իսկ նրանց կողմից հանրային պաշտոն զբաղեցնելու արգելք կիրառող որոշումը՝ բեկանվեց: Նրանք համաներվեցին նաև որպես Բեռնի և Ցյուրիխի համալսարանների դիպլոմներ ունեցող հոգեբաններ կեղծ ներկայանալու (usurpazione di titolo) հանցագործության մասով: 34. Նրանց կողմից վճռաբեկ դատարան ներկայացված բողոքը մերժվեց 1985 թվականի մայիսի 8-ին: 35. Երկու տղամարդիկ ներկայումս շարունակում են աշխատել կոոպերատիվում: Ավելին, նրանցից մեկը՝ L.R.F.-ն, ներկա էր եղել 1997 թվականի սեպտեմբերի 8-ի վերոհիշյալ կոնտակտային տեսակցության ժամանակ, որի ավարտից հետո սոցիալական ծառայության համապատասխան բաժինն առաջարկել էր Ֆլորենցիայի անչափահասների դատարանին, որպեսզի առաջին գանգատաբերի երեխաները տեղավորվեն «Իլ Ֆորտետո»-ում: Դատարանի ստացած վերջին տվյալների համաձայն, L.R.F.-ը ներկայումս այդ համայնքի նախագահն է: 36. Գործի նյութերից, մասնավորապես՝ «Իլ Ֆորտետո»-ի վերաբերյալ լույս տեսած գրքերից մեկից (Ritratti di famiglia, Florence, 1997), պարզ էր դառնում, որ համայնքում աշխատող կամ այնտեղ մնացող մարդկանցից ոմանք պրոբլեմատիկ ընտանիքներից էին և իրենց կյանքի ընթացքում բռնության էին ենթարկվել մանկապիղծների կողմից: 37. Իր պնդումները հիմնավորելու նպատակով առաջին գանգատաբերը ներկայացրել է նաև տարբեր գրավոր բացատրություններ՝ սկսած սեփական ինքնությունը բացահայտած երեք անձանց հայտարարություններից (նրանցից առաջինի զարմուհին, երկրորդի քույրը և երրորդի դուստրը տարբեր պատճառներով բնակվելիս էին եղել տվյալ համայնքում): Համապատասխան մեջբերումները ներկայացված են ստորև: 38. Առաջին վկայի ցուցմունքը. «... աղջնակը ճանաչեց ինձ և շարժվեց իմ ուղղությամբ. կողքին կանգնած տղամարդը շարժվեց մեր ուղղությամբ և ասաց, որ հեռանանք... Մեկ այլ առիթով էլ 1997 թվականին եղա «Իլ Ֆորտետո» համայնքում... Մի քանի անգամ փորձեցի, բայց ամեն անգամ ստացա բացասական պատասխան...»: 39. Երկրորդ վկայի ցուցմունքը. ««Իլ Ֆորտետո» համայնքում գտնվող աղջիկները թերսնուցված էին և բարոյալքված: Քույրս նրանցից էր: Երբ վերադարձավ մորս տուն, չէր խոսում և չէր կարող հստակորեն արտահայտել մտքերը. մայրս և ես մի քանի ամիս ստիպված էինք նրան թեյի գդալով կերակրել... »: 40. Երրորդ վկայի ցուցմունքը. «1991 թվականի մայիսի ուշ երեկոյան, ընտանիքի այլ անդամների ներկայությամբ, նա այնքան վախեցած էր, որ չէր կարող անգամ բացատրել, և շարունակ կրկնում էր, որ չի ցանկանում վերադառնալ «Իլ Ֆորտետո» համայնքը: Դրանից մենք հասկացանք, որ «Իլ Ֆորտետո» համայնքում տեղի էին ունենում ահավոր երևույթներ: Աղջիկը ստիպված եղավ վերադառնալ, քանի որ նրան շանտաժի էին ենթարկում... Նախկինում բռնի գործողություններին մասնակցել չցանկանալու հետևանքով նրան հարվածել էին ... G.-ն և ... L.-ն... Ես պատրաստ եմ ցուցմունք տալ Եվրոպական դատարանի առջև»: 41. Գանգատաբերները ներկայացրել են նաև երկու այլ վկաների գրավոր ցուցմունքները: Բոլորը ստորագրված են: 42. Առաջինը տարածաշրջանի գյուղերից մեկի համայնքի ավագանու անդամի ցուցմունքն է: Նա հաստատել է, որ երեխաների խնամակալը, ում ինքն արդեն ճանաչում էր, և ում նա դիմել էր գործի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, իրեն խորհուրդ էր տվել չխառնվել: Ավելին, համայնքի ավագանու անդամի ցուցմունքի համաձայն, L.R.F.-ն իրեն հրավիրել էր այցելել համայնքն այն բանից հետո, երբ ինքը դրա վերաբերյալ հրապարակավ կասկածներ էր հայտնել համայնքում լույս տեսած գրքերից մեկի շնորհանդեսի ժամանակ: Չնայած որ ինքը քանիցս ցանկություն էր հայտնել հանդիպել երեխաներին, այդ հնարավորությունից իրեն մշտապես զրկել էին՝ մեջբերելով տարաբնույթ պատճառներ: 43. Երկրորդ ցուցմունքի հեղինակները Ֆլորենցիայի անչափահասների դատարանի կողմից պաշտոնապես նշանակված երկու փորձագետներ էին, ովքեր մասնակցություն էին ունեցել առաջին գանգատաբերի երեխաներին առնչվող գործին: Նրանց ցուցմունքի համաձայն, երկու փորձագետները (առաջինը՝ նյարդաբան, երկրորդը՝ հոգեբույժ, երկուսով՝ Ֆլորենցիայում գործող ընտանեկան բժշկահոգեբանական կենտրոնի տնօրեններ) խնդրել էին, որպեսզի «Իլ Ֆորտետո»-ն կենտրոնի պրակտիկանտներին թույլատրի աշխատել համայնքում կամ առնվազն այցելել այն: Նրանց դիմումները յուրաքանչյուր անգամ մերժվել էին որոշակի պատճառաբանությամբ, որը փորձագետներն «անհեթեթ» էին համարում. օրինակ՝ պատճառաբանվել էր, թե համայնքը հանրային կառույց չէ: Կենտրոնի ուսանողներից մեկը, ով 1996/97 թվականներին հաճախել էր Տոսկանիայի շրջանի կողմից ճանաչված վերապատրաստման դասընթացը, այնուհանդերձ կարողացել էր ուսուցման ընթացքում մուտք գործել համայնքի տարածք: Այցի ժամանակ կենտրոնի ղեկավարներից մեկից տեղեկացել էր, որ երեխաներին խնամողները ոչ միշտ էին դատարանի որոշման մեջ նշված ընտանիքները: 44. Գանգատաբերները հղում են արել նաև համայնքում լույս տեսած գրքերից մեկին՝ մեջբերումներ անելով դրանից (“Իլ Ֆորտետո” community, Florence, 1998): 45. Նրանք մեջբերել էին, մասնավորապես, կենտրոնում որոշ մեծահասակների ներկայության՝ երկար քննարկված խնդրին վերաբերող հետևյալ հատվածը. «Ուստի, նրանցից յուրաքանչյուրը որոշել էր փոխհարստացնող կենսափորձ ունենալ ուրիշների հետ, որը կմեղմեր նրանց շարժիչ ուժ հանդիսացած՝ աֆեկտային անբավարարությունը» (էջ 94): «Այսպիսով, յուրաքանչյուր անդամ անցյալում համարում էր և ներկայումս շարունակում է համարել, որ այդ կենսափորձը պատկանելության, միասնականության և սիրո որոշակի զգացում է ապահովում, որը գոյություն չէր ունեցել այլուր՝ կենսաբանական ընտանիքում»: (Էջ 95) 46. Գանգատաբերները նաև մեջբերել էին հետևյալ հատվածը, որը վերաբերում էր համայնքի ղեկավարներից մի քանիսի նկատմամբ իրականացված քրեական գործի վարույթին մասնակցած մարմիններին. «Երկար տարիներ են անցել, և իրավիճակն ավելի հասկանալի է դարձել, քանի որ հավաքվել են նրանց նկատմամբ իրականացված մախինացիաների ապացույցներ, որոնք մինչ օրս դեռևս պահվում են վիլլայում: Նույնիսկ այդ առումով նրանք քրիստոնեական այնպիսի դիրքորոշում են ցուցաբերում, որին ես, անկեղծ ասած, նախանձում եմ: Այսօր նրանք հանգիստ կարող էին քրեական վարույթ հարուցել կամ պատճառված վնասի հատուցման քաղաքացիական բողոք ներկայացնել դատական պաշտոնյաներից ոմանց դեմ, սակայն չեն անում... Միևնույն ժամանակ, դատական մարմինները դրսևորել էին շիզոֆրենիկ վարք: Ֆլորենցիայի դատախազության միջոցով մեղադրանք հնչեցնելով «Իլ Ֆորտետո» համայնքի դեմ, նրանք միևնույն ժամանակ շարունակել էին Անչափահասների դատարանի միջոցով երեխաներին հանձնել այդ կառույցի խնամքին: Հենց այդ ժամանակ էր S-ն ... տեղավորվել R-ում ...»: (Էջ 31) Գ. Առաջին գանգատաբերի և նրա երեխաների միջև շփումների կասեցումը մինչև 1998 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆլորենցիայի անչափահասների դատարանի որոշման կայացումը 47. Համայնքի ներսում երեխաները հանձնվել էին դատարանի 1997 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման մեջ նշված զույգի՝ պրն. G.C.-ի և տկն. M.G.-ի խնամքին: Գանգատաբերները պնդում են, որ 1997թ. հոկտեմբերի դրությամբ առաջին գանգատաբերի ավագ որդին, ով դպրոցական տարիքի էր, դեռևս չէր սկսել դպրոց հաճախել: Ավելին, նա սկսել էր դպրոց հաճախել 1997 թվականի հոկտեմբերի 23-ին, իսկ դասերի հաճախել սկսել էր 1997թ. նոյեմբերի 4-ին: 48. Երեխաների խնամակալը և դատախազը համապատասխանաբար 1997 թվականի հոկտեմբերի 10-ին և 14-ին դիմել էին դատարան՝ միջնորդելով որոշում կայացնել նաև կրտսեր որդու հետ շփումները կասեցնելու մասին: 49. Առաջին գանգատաբերը 1997թ. նոյեմբերի 4-ին բողոք էր ներկայացրել Անչափահասների դատարանի դատավոր Ս.-ին այն մասին որ դատարանի 1997թ. սեպտեմբերի 9-ի որոշումից ի վեր ինքը երեխաներին հանդիպելու որևէ հնարավորություն չէր ունեցել: 50. Նույն օրը տեղական բուժհիմնարկի (Unità sanitaria locale) հոգեբանական ծառայությունը տեղեկանքով հաստատել էր, որ առաջին գանգատաբերը հոգեբանորեն առողջ է: 51. Անչափահասների դատարանը 1997թ. նոյեմբերի 18-ին արձանագրել էր, որ ծնողների և կրտսեր որդու միջև շփումները դեռևս չեն սկսվել: Հաշվի առնելով խնամակալի և դատախազի միջնորդությունների քննության՝ ընթացքի մեջ լինելը, Անչափահասների դատարանը կարգադրել էր մանկական նյարդահոգեբուժական համապատասխան կենտրոնին՝ պարզել, թե արդյոք ժամանակը հասունացել է ծնողների հետ շփումները վերսկսելու համար: 52. Առաջին գանգատաբերը 1997թ. նոյեմբերի 25-ին միջնորդել էր խնամակալության գործերով դատավորին՝ ապահովել կրտսեր որդու հետ շփումների վերաբերյալ Անչափահասների դատարանի կայացրած որոշման կատարումը: 53. Առաջին գանգատաբերի կողմից կրտսեր որդուն տեսակցելու այլ փորձերը, որոնք արվել էին ուղղակիորեն «Իլ Ֆորտետո» այցելելու միջոցով, ապարդյուն էին: Հետագայում վատթարացել էին առաջին գանգատաբերի և երեխաների համար պատասխանատու համայնքի որոշ ղեկավարների հարաբերությունները: Վերջիններս բողոք էին ներկայացրել նրա դեմ՝ մեղադրելով նրան իրենց սպառնալու և ֆիզիկապես և խոսքերով իրենց վրա հարձակվելու մեջ: Նրանք պնդում էին, թե կինն առնվազն մեկ անգամ դա արել էր իր նախկին ամուսնու օգնությամբ, ում կինը նրանց պատմելով շարունակում էր հանդիպել (միջադեպերի վերաբերյալ L.G.-ի ստորագրությամբ նամակը 1998թ. հունվարի 7-ին ուղարկվել էր դատախազություն և Անչափահասների դատարան): 54. Առաջին գանգատաբերը 1997թ. դեկտեմբերի 3-ին խնդրել էր Անչափահասների դատարանին հանգամանքների փոփոխության արդյունքում (ինքը և ամուսինն ամուսնալուծվել էին) ուժը կորցրած ճանաչել իր 1997թ. սեպտեմբերի 9-ի որոշումը: Ավելացրել էր, որ երեխաների պահման տների իրողությունը հաճախ «ոչ միանշանակ» էր: 55. 1997թ. դեկտեմբերի 7-ին առաջին գանգատաբերը ևս մեկ բողոք էր ներկայացրել Անչափահասների դատարան: Գրել էր, որ «Իլ Ֆորտետո»-ն շարունակ մերժել էր իր՝ կրտսեր որդուն տեսակցելու դիմումները և հաշվի չէր առել դատարանի որոշումները: Առաջին գանգատաբերը խնդրում էր դատարանին ձեռք բերել անհրաժեշտ տեղեկություններ՝ պարզելու համար, թե իրոք համայնքն իրականում պաշտպանում էր երեխաների շահերը, թե որոշակի մասնավոր շահեր: 56. 1997թ. դեկտեմբերի 15-ին դատախազությունը հարցաքննել էր ավագ երեխային: Արձանագրության համաձայն, հարցազրույցը տեղի էր ունեցել խնամատար ծնողների՝ պրն. G.C.-ի և տկն. M.G.-ի ներկայությամբ, թեպետ նրանցից մեկը (հավանաբար՝ տկն M.C.-ն) արձանագրությունը ստորագրելիս օգտագործել էր L.G.-ի ազգանունը (տե՜ս ստորև՝ 114-րդ պարբերությունը): 57. 1998թ. հունվարի 15-ին առաջին գանգատաբերը ծանուցում էր ստացել Անչափահասների դատարանի դատավոր Ս.-ի կողմից քննվող գործի դատական նիստին մասնակցելու մասին: Դատական նիստի ընթացքում նա դատավորին տեղեկացրել էր, որ «Իլ Ֆորտետո»-ի որոշ ղեկավարներ անցյալում քրեական հետապնդման էին ենթարկվել համայնքում բնակվող անձանց նկատմամբ բռնության և չարաշահումների մեղադրանքով: 58. Առաջին գանգատաբերի ձեռնարկած տարբեր քայլերից հետո Ֆլորենցիայի անչափահասների դատարանը 1998թ. մարտի 6-ի որոշման մեջ առաջին անգամ արձանագրել էր, որ մանկական նյարդահոգեբուժական կենտրոնի իրականացրած նախնական զննությունները ցույց էին տվել, որ կրտսեր երեխան, թեպետ վերջինիս դրսևորած բաց մտածողությանը, միևնույն ժամանակ ժխտում էր իր անցյալը և ծնողներին: Մասնավորապես, նա մոր մասին խոսել էր միայն կենտրոնի աշխատողների կողմից մի քանի հուշումներ ստանալուց հետո: Նկատելով, որ երեխան ըստ երևույթին անցյալի առանձնապես դժվար առաջին փուլը հաղթահարելու և տեղի ունեցածին համակերպվելու գործընթացում է, Անչափահասների դատարանն անհրաժեշտ էր համարել առաջին գանգատաբերի և կրտսեր որդու շփումներից առաջ անցկացնել և՜ մոր, և՜ երեխայի նախապատրաստական աշխատանքներ: Երեխան պետք է խորհրդատվություն ստանար իր վերահսկողությունն իրականացնող սոցիալական ծառայությունների բաժնի, իսկ մայրը՝ հոգեբանական համապատասխան բաժնի կողմից: Դատարանը նաև վճռել էր, որ շփումները կարող են սկսվել այն ժամանակ, երբ նախապատրաստական աշխատանքն ավարտված կլինի, և երեխան կդրսևորի մոր հետ հարաբերությունները վերսկսելու պատրաստականություն: Ի վերջո, դատարանը նշել էր, որ շփումները պետք է վերահսկվեն համապատասխան սոցիալական աշխատողների կողմից, իսկ իրավասու մարմինները պետք է դատարանին տեղեկացնեն շփումները սկսելու հնարավոր ժամկետի, իսկ սկսելուց հետո նաև՝ առաջընթացի մասին: 59. 1998թ. մարտի 30-ին առաջին գանգատաբերը տեղեկացրեց Իտալիայում Բելգիայի դեսպանությանը համայնքում առկա վտանգի մասին: Խնդրեց բելգիական իշխանություններին միջամտել: 60. 1998թ. ապրիլի 6-ին կրտսեր երեխան զննության ենթարկվեց մասնագետի կողմից: Նրան որպես խնամատար ծնողներ ուղեկցում էին M.S.-ն և տկն. M.G.-ն: 61. Ավելի ուշ, սոցիալական ծառայությունների համապատասխան բաժինը նախապատրաստական հանդիպումներ անցկացրեց առաջին գանգատաբերի հետ 1998թ. ապրիլի 21-ին, մայիսի 19-ին և հունիսի 9-ին: Երեխաները մի քանի հանդիպումներ ունեցան նյարդահոգեբույժի հետ: Նրանք պարտավոր եղան մասնակցել նաև մի քանի լոգոպեդիատրիկ հանդիպումների: 62. Բոլոր ծառայությունները հանդիպում ունեցան 1998թ. հունիսի 6-ին, որի ավարտից հտո 1998թ. հուլիսի 8-ին և 14-ին կազմակերպվեցին առաջին գանգատաբերի և կրտսեր երեխայի առաջին երկու կոնտակտային տեսակցությունները՝ յուրաքանչյուրը մեկ ժամ տևողությամբ: Տեսակցությունները պետք է տեղի ունենային տարբեր մասնագետների, ներառյալ՝ «Իլ Ֆորտետո»-ի գտնվելու տարածքի սոցիալական աշխատողի ներկայությամբ, ով պետք է ուղեկցեր երեխային: Մասնագետները պետք է դիտարկեին հանդիպումը երկկողմ հայելու հետևից: 63. Առաջին գանգատաբերը խնդրել էր, որպեսզի իր իրավաբանին նույնպես թույլատրեն մասնակցել տեսակցությանը, և այդ խնդրանքի մասին տեղեկացրել էր Անչափահասների դատարանին: Այնուհանդերձ, խնդրանքը մերժվել էր՝ այն հիմքով, որ չնախատեսված անձանց ներկայությունը սահմանված չէր, և որ հանդիպման թերապևտիկ բնույթից ելնելով անհրաժեշտ էր սահմանափակել պետական մարմինների ներկայացուցիչ մասնագետների մասնակցությունը: 64. 1998թ. հունիսի 22-ին, սակայն, առաջին գանգատաբերը նշել էր, որ չի ցանկանում կրտսեր երեխային հանդիպել առանց նրա եղբոր՝ հաշվի առնելով այն հնարավոր տառապանքը, որը կկրեր ավագ երեխան՝ իմանալով, որ կրտսեր եղբորը թույլատրել էն տեսակցել մոր հետ: 1998թ. հունիսի 25-ին սոցիալական ծառայությունների հոգեբան տկն. C.C.-ն առաջին գանգատաբերին առաջարկեց իրեն տեղեկացնել, թե արդյոք մտադիր է չփոխել իր որոշումը և զգուշացրեց, որ պատասխան չստանալու դեպքում կոնտակտային տեսակցությունը չեղյալ կհայտարարվի: Այդ ժամանակ արդեն առաջին գանգատաբերը մտափոխվեց: 65. 1998թ.հունիսի 29-ին L.R.F.-ը՝ «Իլ Ֆորտետո»-ի 1985 թվականին դատապարտված երկու ղեկավարներից մեկը, նամակ ուղարկեց Ֆլորենցիայի առաջին ատյանի դատարանի դատախազի տեղակալին առաջին գանգատաբերի երեխաների վերաբերյալ: Նամակում նա գրում էր, մասնավորապես, հետևյալը. «... մենք չենք ցանկանում, որպեսզի երեխաները բացակայությունը վերածեն ներքին ֆանտազիաների՝ ծնողների հետ տեսակցությունները բերելով կտրուկ և վերջնական ավարտի... փոխարենը, շատ կարևոր ենք համարում այդ տեսակցությունները հետաձգել մինչև ավելի հարմար պահը, և երեխաներին բավարար ժամանակ տալ ծնողների կողմից մեջբերվող բացասական, մեղքով շաղախված պատկերները մարսելու համար...»: 66. 1998թ.հուլիսի 2-ին դատախազի տեղակալը Ֆլորենցիայի անչափահասների դատարանին տեղեկացրեց, որ քննություն է հարուցվել առաջին գանգատաբերի և նրա նախկին ամուսնու վերաբերյալ, ովքեր կասկածվում էին իրենց երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Դատախազի տեղակալն Անչափահասների դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև այն փաստին, որ առաջին գանգատաբերի և կրտսեր որդու միջև նշանակված կոնտակտային տեսակցությունը, որի մասին ինքը տեղյակ էր, կարող էր վտանգել քննությունը, քանի որ ընթացքի մեջ էր մինչև 1998թ.սեպտեմբեր շարունակվող փորձաքննությունը, որով պետք է պարզվեր, թե արդյոք երեխայի մոտ առկա էին սեռական բռնության ախտանշաններ: Դատախազը նշեց, որ մասնագետի հետ վերջին հարցազրույցների ընթացքում երեխան սկսել էր հոր նկատմամբ մեղադրանքին առնչվող հանգամանքներ բացահայտել, և ավելացրեց, որ չի կարող բացառել, որ նման մեղադրանքներ հետագայում կարող են ներկայացվել նաև մոր դեմ: 67. 1998թ.հուլիսի 6-ին Անչափահասների դատարանը որոշեց ժամանակավորապես կասեցնել հուլիսի 8-ին և 14-ին նշանակված կոնտակտային տեսակցությունները՝ մինչև նոր քննության ավարտը: Դատարանը գտավ, որ տեսակցությունները կարող են խոչընդոտել այն քննությանը, որի առնչությամբ նշանակվել էր կրտսեր որդու հոգեբանական փորձաքննությունը: 68. 1998թ.հուլիսի 14-ին հարցաքննվեց ավագ որդին: Պրն. G.C.-ն և տկն. M.C.-ն կրկին ներկա էին որպես «խնամատար ծնողներ»: 69. 1998թ.հոկտեմբերի 31-ի գրության մեջ դատախազը կրկնեց, որ քննության առնչությամբ անհրաժեշտ է լսել երեխաներին, և ցանկալի է նրանց անվտանգ և զերծ պահել ծնողների կողմից հնարավոր ահաբեկումներից, որոնք կարող են վտանգել վերջերս վերականգնված հանդարտությունը և ապագա քննությունների արդյունքները: Նա միջնորդության մեջ գրել էր, որ երեխաները հնարավորինս շուտ հարցաքննվելու են հոգեբանի եզրակացության մեջ ներկայացված երևույթների առնչությամբ, որոնք կհաղորդվեն Անչափահասների դատարանին այն ժամանակ, երբ կդադարեն գործել վարույթից բխող գաղտնիության պարտավորությունները: 70. Բացի դրանից, երեխաների փորձաքննության համար պատասխանատու նյարդահոգեբույժը՝ R.L.-ն, 1998թ.նոյեմբերի 11-ի եզրակացության մեջ նշեց, որ խնամատար ծնողների հետ միասին կազմվում է հատուկ ծրագիր, որը կօգնի երեխաներին՝ վերականգնելու կապերն իրենց ծնողների հետ: Դ. Երկրորդ գանգատաբերի ձեռնարկած գործողությունները 71. 1997թ.հոկտեմբերի 14-ին երկրորդ գանգատաբերը նախնական դիմում էր ներկայացրել՝ խնդրելով որոշում կայացնել երեխաների նկատմամբ ծնողական իրավունքներն իրեն փոխանցելու մասին: 72. 1998թ.մարտի 4-ին նա խնդրել էր իրեն թույլատրել շաբաթն առնվազն երկու անգամ տեսակցել երեխաների հետ: 73. 1998թ.մայիսի 15-ին նա լրացուցիչ դիմում էր ներկայացրել Անչափահասների դատարան՝ խնդրելով թույլատրել տեսակցել երեխաների հետ: Նա նշել էր, որ երեխաներին չի տեսել 1997 թվականի հունիսից, և անուղղակիորեն (de relato) տեղեկացել էր այն իրադարձությունների մասին, որոնց արդյունքում Անչափահասների դատարանը երեխաներին տեղավորել էր համայնքում: 74. 1998թ.հունիսի 12-ին երկրորդ գանգատաբերի մասնակցությամբ անցկացված նիստի ավարտին Ֆլորենցիայի անչափահասների դատարանը մանկական հոգեբանության և նյարդահոգեբուժության համապատասխան բաժիններին կարգադրեց կոնտակտները սկսելուց առաջ նախապատրաստական խորհրդատվություն իրականացնել երեխաների և նրանց տատիկի համար: Անչափահասների դատարանը նշեց, որ տատիկն իրական հետաքրքրություն է ցուցաբերել երեխաների հետ հարաբերությունները վերսկսելու ուղղությամբ և ցանկություն է հայտնել հետևել դատարանի նշանակած ծառայությունների կողմից կազմակերպվելիք խորհրդատվական ծրագրին: 75. Ավելի ուշ, սակայն, երկրորդ գանգատաբերը բողոքարկել էր այդ որոշումը՝ որպես հիմնական պահանջ ներկայացնելով երեխաների նկատմամբ ծնողական իրավունքներն իրեն վերապահելու պահանջը: Որպես այլընտրանք խնդրում էր իրեն թույլատրել շաբաթն առնվազն երկու անգամ տեսակցել երեխաների հետ՝ առանց նախնական խորհրդատվության, քանի որ ինքը ցանկացած պարագայում ի վիճակի չէր մասնակցել նման խորհրդատվական հանդիպումների, քանի որ չէր կարող մնալ Իտալիայում: Իր միջնորդությունը հիմնավորելու նպատակով նա պնդում էր, մասնավորապես, որ 1997թ.հոկտեմբերին ներկայացված միջնորդությունը դեռևս չի քննարկվել, և որ ինքն անցյալում խնամել է ավագ տղային: 76. 1998թ.հուլիսի 6-ին Ֆլորենցիայի անչափահասների դատարանը մերժեց նրա վերաքննիչ բողոքը. դատարանը, մասնավորապես, նշեց, որ չի կարողացել հասկանալ, թե ինչու չի կարող երկրորդ գանգատաբերը մնալ Իտալիայում և մասնակցել մասնագետների կողմից կազմակերպվող նախապատրաստական դասընթացին, քանի որ նա խնդրել էր շաբաթն առնվազն երկու անգամ տեսակցել երեխաների հետ, որը կնշանակեր, որ նա այդ պարագայում էլ անխուսափելիորեն պետք է պարբերաբար ճանապարհորդեր Իտալիա: Անչափահասների դատարանը նաև գտավ, որ խորհրդատվությունն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով երեխաների վրա ծանր հետք թողած իրադարձությունների լրջությունը, ինչպես նաև՝ մասնագետների սկսած վերականգնման նուրբ գործընթացը չվտանգելու անհրաժեշտությունը: Ի վերջո, երեխաներին Իտալիայից հեռացնելը կարող էր խոչընդոտել ծնողների կողմից կատարված հնարավոր հանցագործությունների քրեական քննության ընթացքը: 77. Այդ ընթացքում, 1998թ.հունիսի 19-ին, երկրորդ գանգատաբերը Իտալիայում Բելգիայի հյուպատոսությանը խնդրել էր, որպեսզի Բելգիայի իշխանությունները զննեն «Իլ Ֆորտետո»-ն: Բելգիայի դիվանագետներն այցի ժամանակ որևէ արտառոց երևույթ չէին նկատել: 78. 1998թ.հուլիսի 15-ին երկրորդ գանգատաբերը խնդրել էր Բելգիայի իշխանություններին՝ միջնորդել, որպեսզի երեխաները տեղափոխվեն Բելգիա՝ իրավասու մարմինների լիազորությունների և անչափահասների պաշտպանության նկատմամբ կիրառելի օրենսդրության մասին Հաագայում 1961 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված կոնվենցիային համապատասխան: Ե. Ֆլորենցիայի անչափահասների դատարանի 1998 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը և առաջին գանգատաբերի և վերջինիս երեխաների կոնտակտային տեսակցությունները 79. 1998թ.դեկտեմբերի 22-ին Ֆլորենցիայի անչափահասների դատարանը քննարկեց առաջին գանգատաբերի 1997թ.դեկտեմբերի 3-ի միջնորդությունը, երկրորդ գանգատաբերի 1997թ.հոկտեմբերի 14-ի միջնորդությունը, ինչպես նաև խնամակալի 1997թ.հոկտեմբերի 10-ի միջնորդությունը: Սկզբում վերանայեց 1998թ.հուլիսի 6-ի իր որոշումը և կարգադրեց անմիջապես սկսել երկու հայցվորների և երեխաների միջև շփումների նախապատրաստման խորհրդատվական ծրագիրը: Տեսակցությունները պետք է սկսվեին ամենաուշը 1999թ.մարտի 15-ին: Ինչ վերաբերում է երկրորդ գանգատաբերին, ապա Անչափահասների դատարանը համարեց, որ վերջերս նրա Իտալիա տեղափոխվելը կնպաստի նախապատրաստական ծրագրի իրագործմանը: Այնուհանդերձ, երկարաձգեց ծնողական իրավունքները կասեցնելու և երեխաներին «Իլ Ֆորտետո» համայնքում տեղավորելու մասին իր որոշումները, քանի որ առաջին գանգատաբերը շարունակում էր մնալ շատ բարդ ընտանեկան վիճակում, չնայած որ առանձնացել էր երեխաների հորից, մինչդեռ երեխաները շատ լավ հարմարվել էին իրենց խնամատար ընտանիքին: Ի վերջո, Անչափահասների դատարանը նախատեսեց նաև վերականգնել հարաբերությունները երեխաների և վերջիններիս հոր միջև, ով շփումները վերականգնելու ցանկություն էր դրսևորել: Այնուհանդերձ, հոր հետ կոնտակտային տեսակցությունները չէին կարող սկսվել նախքան 1999թ.սեպտեմբերը՝ հաշվի առնելով քրեական գործի քննության ընթացքում նրա կարգավիճակի անորոշությունը: 80. 1999թ.հունվարի 8-ին Անչափահասների դատարանի դատավորը Սեստո Ֆիորենտինոյի սոցիալական ծառայությունների բաժնին տեղեկացրեց, որ շարունակականությունն ապահովելու համար վերջինս պատասխանատու է լինելու դատարանի 1998թ.դեկտեմբերի 22-ի որոշմամբ նշանակված տեսակցությունների համար անհրաժեշտ խորհրդատվության աշխատանքը շարունակելու համար: Դատարանը նշեց, որ առաջին գանգատաբերը կոնտակտային տեսակցությունները սկսելու ցանկություն է հայտնել: 81. 1999թ.հունվարի 13-ին Սեստո Ֆիորենտինոյի սոցիալական ծառայությունների բաժինը հայտարարեց, որ խորհրդատվությունը կազմակերպելու հնարավորություն չունի, քանի որ առաջին գանգատաբերը տեղափոխվել է, և այլ վայր է տեղափոխվել նաև նրա գործին կցված սոցիալական աշխատողը: 82. 1999թ.փետրվարի 4-ին Ֆիգլինե Վալդարնոյի սոցիալական ծառայությունների բաժինը սոցիալական աշխատողներից մեկին հանձնարարեց առաջին գանգատաբերի առաջընթացի մշտադիտարկումը: Անչափահասների դատարանին փետրվարի 8-ին բացատրություններ տալու ընթացքում սոցիալական աշխատողն ընդունեց, որ անծանոթ է գործին, սակայն ասաց, որ գիտակցում է իրավիճակի հրատապությունը և պարտավորվեց ամենաուշը մինչև մարտի 15-ը (դատարանի կողմից սահմանված վերջնաժամկետը) մորը նախապատրաստել երեխաների հետ տեսակցությանը: 83. 1999թ.փետրվարի 9-ին Վիչիոյի սոցիալական աշխատողը (տկն. S.C.-ն) և մանկական նյարդահոգեբույժ պրն. R.L.-ն, ովքեր պատասխանատու էին առաջին գանգատաբերի երեխաների առաջընթացի մշտադիտարկման համար և արդեն իսկ նախապատրաստել էին երեխաների և խնամատար ծնողների հետ տեսակցությունների ծրագիրը, Անչափահասների դատարանին տեղեկացրեցին, որ իրենք վերապահումներ ունեն իրենց կողմից երեխաների հորը և տատիկին տեսակցություններին նախապատրաստելու պատշաճության առումով: Սոցիալական ծառայությունների բաժինը նշեց, որ վտանգ կա, որ երեխաների շատ մոտ գտնվելը կարող է լարվածություն առաջացնել, որին գումարվում էր այն փաստը, որ բաժինը չէր ճանաչում ո՜չ հորը, ո՜չ տատիկին: Ուստի, հաշվի առնելով այդ պատճառները, բաժինն առաջարկում էր, որպեսզի նախապատրաստական խորհրդատվությունն իրականացնի նրանց տեղական սոցիալական ծառայությունը: 84. 1999թ.փետրվարի 12-ին Ֆիգլինե Վալդարնոյի սոցիալական ծառայությունների բաժնի պետն Անչափահասների դատարանին տեղեկացրեց, որ դժվարությունների է հանդիպում գործին առնչող բոլոր փաստաթղթերը ձեռք բերելու հարցում: Ուստի, դատարանին առաջարկեց կազմակերպել ներգրավված բոլոր մասնագետների և սոցիալական աշխատողների ժողով: 85. 1999թ.փետրվարի 15-ին Անչափահասների դատարանը պատասխանեց Ֆիգլինե Վալդարնոյի և Վիչիոյի սոցիալական ծառայությունների բաժիններին՝ վերջիններիս տեղեկացնելով, որ դատական վարույթն ավարտվել է, և ուստի, վարչական կազմակերպական հարցերով պետք է զբաղվեն սոցիալական ծառայությունները: Դատարանը նաև անդրադարձավ իր որոշման կայացումից ի վեր սոցիալական ծառայությունների աշխատանքի կատարման ժամանակային տևողությանը և հիշեցրեց նրանց, որ պետք է խնդրին հրատապ կարգով ուշադրություն դարձնեն: 86. 1999թ.փետրվարի 18-ին Ֆիգլինե Վալդարնոյի սոցիալական ծառայությունների բաժինը գումարեց սոցիալական ծառայության բոլոր ներգրավված բաժինների ժողով: 1999թ.փետրվարի 25-ին Վիչիոյի սոցիալական ծառայությունների բաժինը տեղեկացրեց երեխաների խնամակալին, որ նախատեսակցային խորհրդատվության ծրագիրը սկսվել է հունվարի կեսերից: 87. 1999թ.մարտի 2-ին ավագ որդին նամակ ուղարկեց Անչափահասների դատարանի նախագահին: Ի թիվս այլ բաների, նա նամակում գրում էր, որ չորս տարի չի տեսել տատիկին և չի հասկանում, թե ինչու է տատիկը կրկին ցանկանում իրեն տեսնել: Մոր վերաբերյալ գրում էր, որ մայրը միշտ փորձել է արդարացնել իր «սոցիալական աշխատողների» վարքը, թեպետ ինքը մորը տեղեկացրել էր նրանց վարքի մասին: Միայն «Իլ Ֆորտետո» հասնելուց հետոր էր կարողացել հասկանալ, այն էլ՝ շնորհիվ տկն. M.-ի և պրն. G.-ի, թե ինչի միջով է ինքն անցել և ինչպիսին պետք է լիներ հայր և մայր ունենալու զգացողությունը: Ուստի, նա ամփոփում էր, որ տվյալ փուլում չի ցանկանում տեսնել իր մորը (նամակը ստորագրելիս օգտագործել էր «Իլ Ֆորտետո»-ում իր պաշտոնական խնամատար ծնողներից մեկի ազգանունը, որից հետո միայն ավելացրել էր իր ազգանունը): 88. 1999թ.մարտի 8-ին Ֆլորենցիայի սոցիալական ապահովության բաժինը Անչափահասների դատարանին տեղեկացրեց, որ տարբեր գործառույթները բաշխված են: Այնուհանդերձ, նշեց, որ հնարավոր չէ տեսակցությունները սկսելու ժամկետ սահմանել, քանի որ G.-ն, 1999թ.փետրվարի 26-ին մասնագետի հետ հանդիպելուց անմիջապես հետո, այժմ այլևս չէր ցանկանում տեսնել մորը (տե՜ս ստորև՝ 116-րդ պարբերությունը): Ավելացրեց, որ տատիկի և հոր հետ տեսակցությունները կսկսվեն երկրորդ փուլում: 89. Մի քանի օր անց G.-ն Անչափահասների դատարանին տեղեկացրեց, որ մասնագետի հետ աշխատելուց հետո ինքն այլևս առնվազն երեք ամիս չի ցանկանում տեսակցել մորը կամ տատիկին: 90. Առաջին գանգատաբերի նախապատրաստական խորհրդատվությունն ավարտելուց հետո, այնուամենայնիվ, 1999թ.ապրիլի 29-ին տեղի ունեցավ առաջին շփումն երեխաների հետ: G.-ն, ըստ երևույթին, նախընտրել էր թույլ չտալ, որպեսզի կրտսեր եղբայրը միայնակ հանդիպի մորը: Սոցիալական ծառայությունների 1999թ.հունիսի 21-ի և հուլիսի 5-ի զեկույցների համաձայն, առաջին այդ տեսակցությունը ցույց էր տվել, որ թե՜ երեխաները, թե՜ մայրը դժվարություններ ունեին: Մայրը բավարար չափով չէր ընկալում երեխաների ասածը, իսկ երեխաները մոր շարունակական պնդումներն ընկալում էին որպես սպառնալիք իրենց նոր միջավայրի կայունությանը: Երեխաներն անվստահություն էին տածել տեսակցության սկզբից ևեթ, իսկ կրտսեր երեխան չէր ընդունել անգամ այն փաստը, որ առաջին գանգատաբերն իր մայրն է: Սոցիալական ծառայությունները նկատել էին, որ չնայած մորը տեսնելու երեխաների ցանկությանը, երեխաները հիասթափվել էին: 91. Այնուհանդերձ, դիտելով տեսակցության՝ Կառավարության տրամադրած տեսագրությունը (տե՜ս վերը՝ 10-րդ պարբերությունը), Դատարանը չհայտնաբերեց Կառավարության նշած՝ սոցիալական ծառայությունների գնահատականը և անբարենպաստ մեկնաբանությունները հիմնավորող որևէ ապացույց: Տեսակցությունը տեղի էր ունեցել սոցիալական ծառայությունների բաժնի հոգեբանական ստորաբաժանման սենյակում: Տեսակցությունն ընթացել էր բարյացկամ և ըստ էության հանդարտ մթնոլորտում: Տեսակցության միջնամասում ավագ որդին սկսել էր արտասվել՝ հավանաբար այն ժամանակ, երբ վերաբացվել էին նրա դրամատիկ անցյալի հին վերքերը: Դրվագը կարճատև էր եղել, որից հետո նա ըստ երևույթին հանգստացել էր, և արագորեն վերականգնվել էր հանգիստ վիճակն առաջին գանգատաբերի և երեխաների միջև: Սոցիալական ծառայությունները տակտի ակնհայտ բացակայություն էին դրսևորել առաջին գանգատաբերի նկատմամբ: Տեսակցության ողջ ընթացքում սենյակում ներկա էին երկու անձինք՝ սոցիալական աշխատողներ կամ մասնագետներ, որի հետևանքով առաջին գանգատաբերը որևէ փուլում չէր կարողացել որևէ մերձություն զգալ իր երեխաների նկատմամբ, որին գումարվել էր այն փաստը, որ տեսակցությունը բավական կտրուկ ձևով էր ավարտվել: Դատարանը գտնում է, որ հարաբերություններն առաջին գանգատաբերի և վերջինիս երեխաների միջև, չնայած առկա լարվածությանը, ընդհանուր առմամբ ջերմ էին և հանգիստ: Առաջին գանգատաբերը պատասխանատու վարք էր դրսևորել տեսակցության ընթացքում՝ ապացուցելով համագործակցելու պատրաստակամությունը և ցուցաբերելով հարգալից վերաբերմունք: Թեպետ երեխաները տեսակցության ավարտի ժամանակ ակնհայտ ափսոսանք չէին դրսևորել, Դատարանը համարում է, որ վերոշարադրյալ տեքստը, որով սոցիալական ծառայություններն իրենց զեկույցներում նկարագրել էին տեսակցությունը, անհարկիորեն դրամատիկ և անբարենպաստ էին առաջին գանգատաբերի նկատմամբ, ինչպես նաև՝ չեն համապատասխանում պատասխանող Կառավարության տրամադրած տեսագրության բովանդակությանը: 92. Այնուհանդերձ, ավագ երեխան 1999թ.մայիսի 6-ին նամակ էր ուղարկել սոցիալական աշխատողներին՝ հիասթափություն հայտնելով առաջին շփման կապակցությամբ: 93. Երկրորդ տեսակցությունը տեղի ունեցավ 1999թ.սեպտեմբերի 9-ին: Սոցիալական ծառայությունների զեկույցի համաձայն, G.-ն այդ անգամ փորձել էր մորից բացատրություն ստանալ առ այն, թե ինչու մայրը չէր արձագանքել, երբ ինքն ակնարկել էր իր նկատմամբ կիրառված մանկապղծական բռնության մասին: Երբ առաջին գանգատաբերը հրաժարվել էր ընդունել որդու քննադատությունը, տղան դուրս էր եկել սենյակից: Սոցիալական ծառայությունները զեկույցում շեշտել էին որդուն լսելու կամ մասնագետների խորհրդին հետևելու՝ առաջին գանգատաբերի անկարողությունը, միևնույն ժամանակ նշելով նրա ցավալի վիճակը և մոր դերում հաստատվելու ցանկությունը: Ավելի ուշ պատրաստված զեկույցի (տե՜ս ստորև՝ 95-րդ պարբերությունը) համաձայն, կոնտակտային տեսակցությանը ներկա մասնագետներից մեկն առաջին գանգատաբերին առաջարկել էր նամակ գրել որդուն, սակայն զեկույցի մեջ նշվում էր, որ կինը հրաժարվել է: 94. Այնուամենայնիվ, ուսումնասիրելով Կառավարության տրամադրած ձայնագրությունը (տե՜ս վերը՝ 10-րդ պարբերությունը), Դատարանը սոցիալական ծառայությունների դիրքորոշումը հիմնավորող որևէ ապացույց չէր հայտնաբերել: Այս տեսակցության կազմակերպումը կարծես նման էր եղել առաջինի պայմաններին, մասնավորապես՝ այն անցկացվել էր սոցիալական ծառայություններին պատկանող տարածքում, կրկին՝ երկու մասնագետների ներկայությամբ: Տեսակցության կարևորագույն դրվագներից բխող հետևյալ հանգամանքները Դատարանին թույլ են տվել վերստին անհամապատասխանություններ հայտնաբերել սոցիալական ծառայությունների զեկույցի և ձայնագրության բովանդակության միջև: Մասնավորապես. (i) Զեկույցում չի նշվում այն փաստը, որ առաջին գանգատաբերը երեխաներին հարցրել էր, թե արդյոք ուրախ էին իրեն կրկին տեսնել, իսկ երեխաներն ասել էին, որ ուրախ են, (ii) Ավագ որդին իր նկատմամբ տեղի ունեցած մանկապղծական ոտնձգությունների կապակցությամբ մոր ունեցած դերի վերաբերյալ հարցը տվել էր ոչ թե սեփական նախաձեռնությամբ, ինչպես զեկույցում է նշված, այլ՝ ներկա գտնվող երկու մասնագետներից մեկի հուշումով, (iii) Տեսակցության ավարտից հետո մասնագետներից մեկն առաջին գանգատաբերին ասել էր, որ ավագ որդին այլևս չէր ցանկանում նրան տեսնել, և որ նոր տեսակցությունը հնարավոր էր դարձել միմիայն ներկա գտնվող մասնագետներից մեկի ջանքերի շնորհիվ, (iv) Մասնագետներն ասել էին, որ հետագա տեսակցությունների հնարավորությունը կախված կլինի ավագ որդուց, և որ առաջին գանգատաբերը կկարողանա «հնարավորության դեպքում» տեսնել կրտսեր որդուն, որին արձագանքելով կինը նրանց հարցրել էր, թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը, սակայն մասնագետները պատասխանել էին, որ այդ հարցի պատասխանն իրենցից կախված չէ: 95. 1999թ.հոկտեմբերի 4-ին սոցիալական ծառայությունների մասնագետներն «Իլ Ֆորտետո»-ում խնամատար ծնողների ներկայությամբ հանդիպել էին երեխաներին՝ նպատակ ունենալով գնահատել մոտ ապագայում մոր հետ շփումները շարունակելու հեռանկարը: Սոցիալական ծառայությունների զեկույցի համաձայն, հանդիպման ավարտին «G.-ի և M.-ի խնդրանքով ձեռք էր բերվել պայմանավորվածության այն մասին, որ միառժամանակ կասեցվեն շփումներն իրենց մոր հետ»: Այնուհանդերձ, 1999թ.նոյեմբերի 9-ին առաջին գանգատաբերի հետ նշանակվել էր նախապատրաստական խորհրդատվության հաջորդ հանդիպումը: 96. 2000թ.հունվարի 3-ին սոցիալական ծառայությունների մասնագետը հանդիպել էր առաջին գանգատաբերին: Հանդիպման ընթացքում վերջինս բողոքել էր այն մասին, որ երեխաների Սուրբ Ծննդյան տոների նվերները մերժվել էին: Նա կրկնել էր, որ կապված է երեխաների հետ և ցանկանում է իրավիճակը բացատրել նրանց, եթե վերջիններս համաձայնեն հանդիպել: Այդ ժամանակից ի վեր լրացուցիչ տեսակցություններ չեն կազմակերպվել կամ ծրագրվել: Ավելին, սոցիալական ծառայություններն իրենց վերջին (2000թ. մարտի 29) զեկույցում գրել էին հետևյալը. (i) Ավագ երեխան այդ ժամանակ գտնվում էր անցյալի տառապանքի հետքերը կրող նոր ինքնության ձևավորման գործընթացում, ուստի՝ ըստ երևույթին շահարկման ազդեցության ներքո չէր, (ii) Նա նախընտրելի էր համարում հաջորդ երկու տարիներին կրկին մորը չտեսնելը, (iii) Սոցիալական ծառայությունները որոշել էին կասեցնել առաջին գանգատաբերի և նրա երեխաների բոլոր շփումները՝ միևնույն ժամանակ շարունակելով նրա խորհրդատվությունը՝ նպատակ ունենալով նրան տեղեկացնել տվյալ խնդրի նկատմամբ երեխաների վերաբերմունքի հնարավոր փոփոխությունների մասին: 97. Ինչ վերաբերում է հորը, ապա նա ընդհանրապես չէր տեսակցել երեխաներին, թեպետ 1999-ի տարեվերջին անցկացվել էին նախապատրաստական խորհրդատվության հանդիպումներ սոցիալական ծառայությունների հետ: Սոցիալական ծառայությունների 1999թ.նոյեմբերի 8-ի զեկույցից պարզ էր դառնում, որ հայրը տեղյակ էր իր նախկին կնոջ և երեխաների միջև տեղի ունեցած իրավիճակի զարգացումներին, մասնավորապես՝ 1999թ.սեպտեմբերի 9-ի տեսակցության բացասական ավարտին: Առաջին գանգատաբերը, սակայն, պնդում է, որ ինքն այլևս կապի մեջ չէր երեխաների հոր հետ, և որ վերջինս ամբողջ ժամանակն անցկացնում էր Բելգիայի և Իտալիայի միջև ճանապարհորդելով: Զ. Գանգատաբերների հետագա բողոքները 98. 1999թ.հունվարի 21-ին առաջին գանգատաբերը բողոքարկել էր Անչափահասների դատարանի 1998թ.դեկտեմբերի 22-ի որոշումը: Նա առաջին հերթին պահանջում էր վերականգնել իր ծնողական իրավունքները և անհապաղ վերսկսել շփումները երեխաների հետ: Նա, մասնավորապես, պնդում էր, որ այդ ընթացքում բաժանվել է նախկին ամուսնուց, ում համապատասխան դատավորը պատասխանատու էր ճանաչել թե՜ իր, թե՜ երեխաների նկատմամբ բռնության համար, և այժմ ինքը բնականոն կյանք էր վարում և աշխատում էր որպես ոտնահարդար: 99. Առաջին գանգատաբերը վիճարկում էր նաև երեխաներին «Իլ Ֆորտետո»-ում պահելու որոշումը և պահանջում էր նրանց այլ վայր տեղավորել՝ պնդելով հետևյալը. (i) Համայնքում մնացող երեխաների ծնողների համար դժվար էր շփումներ ունենալ նրանց հետ, (ii) L.R.F.-ը և L.G.-ն նախկինի պես կարևորագույն դեմքերն էին «Իլ Ֆորտետո»-ում՝ չնայած իրենց դատվածություններին, (iii) Խնամատար ծնողներն «Իլ Ֆորտետո»-ում անում էին հնարավոր ամենը, որպեսզի խոչընդոտեն երեխաների հետ հարաբերությունների վերսկսումը: 100. Բողոք էր ներկայացրել նաև երկրորդ գանգատաբերը: 101. 1999թ.մարտի 22-ին երեխաների խնամակալը միջամտեց Վերաքննիչ դատարանում ընթացող վարույթին՝ պահանջելով մի քանի ամսով կասեցնել շփումները՝ որպես հիմք մեջբերելով, ի թիվս այլ բաների, հետևյալը. (i) Առաջին գանգատաբերն էականորեն ուռճացրել էր իր մասնագիտական որակավորումները, (ii) Նա մի քանի տարի շարունակ չէր նկատել, թե ինչի միջով է անցնում ավագ որդին՝ G.-ն, որը ցույց էր տալիս, որ նա ի վիճակի չէ մոր դեր կատարել, (iii) Տատիկը մշտապես բնակվել էր Բելգիայում և երեխաների նկատմամբ իրական հետաքրքրություն չէր ցուցաբերել: Ավելին, ոչ ոք չգիտեր, թե ինչով էր նա զբաղվում Իտալիա տեղափոխվելուց հետո: Ավելին, դժվար էր պատկերացնել, թե ինչպես կարող է նա պնդել, թե կարող է պատշաճ կերպով դաստիարակել երեխաներին, եթե նույնը չէր կարողացել անել իր դստեր (առաջին գանգատաբերի) պարագայում, ով լավագույն դեպքում ոչ ադեկվատ, ոչ լիարժեք և բացակա մայր էր, (iv) Երեխաների հայրը հետախուզման մեջ գտնվող հանցագործ էր, ով սպանության համար նշանակված 27 տարվա ազատազրկման պատիժը կրելու ընթացքում փախուստ էր կատարել Բելգիայի բանտից, (v) «Իլ Ֆորտետո»-ն կաթի և պանիրների արտադրության համար միջազգային համբավ վայելող կոոպերատիվ էր, որը միևնույն ժամանակ նաև կյանքի ծանր իրավիճակներում գտնվող երեխաների պաշտպանության նորարարական տուն էր, որը հիմնադրվել էր 20 ընտանիքների կողմից, ովքեր սկզբից ի վեր չէին հեռացել կոոպերատիվից: Թեպետ անդամներից երկուսը դատվածություններ ունեին (չնայած որ նրանք այսպես թե այնպես առաջին գանգատաբերի երեխաներին խնամող ընտանիքի անդամներ չէին), շատ հնարավոր էր, որ նրանց քրեական հետապնդումը կարող էր հիմնված լինել կեղծ ապացույցների վրա: Ավելին, 20 տարիների ընթացքում մոտ 70 երեխաներ էին Իտալիայի տարբեր շրջանների դատարանների կողմից տեղավորվել այս կոոպերատիվում, և խնամատարության մասին որոշումներից մի քանիսի արդյունքը եղել էր որդեգրումը՝ հաստատելով այդ տարբերակի նպատակահարմարությունը և արդարացնելով «Իլ Ֆորտետո»-ի նկատմամբ դատարանների վստահությունը: 102. Դատախազը Վերաքննիչ դատարանում միջնորդեց երեխաներին հանձնել տատիկի խնամքին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մեկ այլ ընտանիքի խնամքին: 103. 1999թ.մարտի 31-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Անչափահասների դատարանի որոշումը: Ընդգծեց, մասնավորապես, երեխաների վիճակի դրական էվոլյուցիան և համարեց, որ «Իլ Ֆորտետո»-ի հասցեին հնչեցված մեղադրանքն ընդհանուր բնույթ ուներ՝ բացառությամբ 20 տարվա վաղեմության դեպքերի, որոնք այսպես թե այնպես չէին վերաբերում տվյալ երեխաների խնամատար ծնողներին: Չնայած որ գանգատաբերները դատարանին ներկայացրել էին շատ բարձր որակավորում ունեցող մասնագետների եզրակացություններ, որոնցում նրանք վիճարկում էին «Իլ Ֆորտետո»-ում օգտագործվող մեթոդները, դատարանը չկարողացավ հաշվի չառնել այն փաստը, որ հավասարապես բարձր որակավորում ունեցող որոշ այլ մասնագետներ հաստատում էին կոոպերատիվի հեղինակությունը: Երեխաների բարենպաստ կենցաղի պայմաններում անհրաժեշտ չէր բավարարել տատիկի միջնորդությունը, քանի որ չնայած այն տեսական մոտեցմանը, որի համաձայն նախընտրելի է երեխաներին հանձնել ոչ թե համայնքի, այլև՝ ընտանիքի որևէ անդամի խնամքին, այդ պահի դրությամբ երեխաներն արդեն բավական երկար ժամանակ բնակվում էին տվյալ համայնքում, և արդյունքները դրական էին: Ավելին, երեխաներն այնքան էլ լավ չէին ճանաչում իրենց տատիկին, իսկ վերջինս ըստ երևույթին անկախ չէր դստեր ազդեցությունից: 104. Առաջին գանգատաբերն այդ որոշումը բողոքարկեց Վճռաբեկ դատարանում: «Իլ Ֆորտետո»-ում երեխաների տեղավորման որոշման մասով նշել էր, որ ինքը նկատել է, որ չնայած երեխաների՝ նախկինում դատվածություն ունեցող երկու ղեկավարների անմիջական խնամքի ներքո չգտնվելու փաստին, հենց այդ երկու անձինք էին խնամատար ծնողներին բերել հաստատություն և վերապատրաստել (L.R.F.-ն անգամ դարձել էր կոոպերատիվի նախագահ): Ավելին, L.G.-ի կինն ակտիվորեն ներգրավված էր երեխաների խնամքին. ավագ որդին՝ G.-ն, 1999թ.մարտի 2-ի նամակում խոստովանել էր, որ հենց այդ կինն էր իրեն օգնել, որպեսզի հաղթահարի մոր վերաբերյալ ունեցած կասկածները: 105. Դատարանը չի տեղեկացվել Վճռաբեկ դատարանում գործի վարույթի արդյունքի մասին: 106. 1999թ.հոկտեմբերի 25-ին առաջին գանգատաբերը խնամակալության գործերով դատավորին խնդրեց անցյալի համեմատ ավելացնել կոնտակտային տեսակցությունների կազմակերպման հաճախականությունը, ինչպես նաև՝ թույլատրել հոգեբանին «Իլ Ֆորտետո»-ում հարցազրույց անցկացնել երեխաների հետ և մասնակցել տեսակցություններին նախորդող խորհրդատվական հանդիպումներին: Խնամակալության գործերով դատավորը 1999թ.նոյեմբերի 3-ին բավարարեց միջնորդությունը նախապատրաստական հանդիպումներին և երեխաների հետ տեսակցությունների հոգեբանի ներկայությունն ապահովելու և տեսակցությունների տեսաձայնագրությունը տրամադրելու վերաբերյալ: Երեխաների խնամակալը բողոքարկեց այդ որոշումը: 107. 2000թ.հունվարի 12-ի որոշմամբ Ֆլորենցիայի անչափահասների դատարանը բավարարեց խնամակալի բողոքը և բեկանեց խնամակալության գործերով դատավորի որոշումը: Հիմնվելով սոցիալական ծառայությունների տրամադրած տեղեկությունների վրա, դատարանը վճռեց, որ երկու տեսակցությունների բացասական արդյունքները պետք է վերագրել առաջին գանգատաբերի կողմից չհամագործակցելուն: Ըստ այդմ, առաջին գանգատաբերի վերաբերմունքի փոփոխությունն ապահովելու նպատակով տեսակցություններին մեկ այլ մասնագետի ներկայությունն անհրաժեշտ չէր համարվում, քանի որ նա արդեն իսկ բավարար խորհրդատվություն ստանում էր դատարանի նշանակած ծառայությունների կողմից: Ինչ վերաբերում է տեսակցությունների տեսաձայնագրությանը, Անչափահասների դատարանը համարեց, որ առաջին գանգատաբերի համար այդ նյութերը դիտելը նպատակահարմար չի լինի, քանի որ տեսակցությունները տեսագրելու նպատակն է իրավասու մարմիններին հնարավորություն ընձեռել՝ գնահատելու, թե արդյոք տեսակցությունները հաջող են անցել, և թե արդյոք հնարավոր և նպատակահարմար է դրանք շարունակելը: 108. Առաջին գանգատաբերը բողոքարկեց այդ որոշումը: Նա, մասնավորապես, պնդում էր, թե Անչափահասների դատարանն ընդունել է տեսակցությունների բացասական արդյունքի վերաբերյալ սոցիալական ծառայությունների եզրակացությունները, սակայն չի կատարել որոշումների իրագործումը քննադատաբար և իր պահանջած տեսաձայնագրությունների և նմանօրինակ այլ օբյեկտիվ ապացույցների օգնությամբ վերահսկելու պարտականությունը: Նա պնդում էր, որ ի լրումն այն փաստին, որ ինքը չի կարողանում հասկանալ, թե իր համար տարիներ շարունակ սպասված տեսակցությունն ինչպես կարող էր այդքան բացասաբար մեկնաբանվել, նրա կողմից տեսագրություններն ուսումնասիրելու իրավունքն առավել հիմնավորված է, քանի որ դա իրեն կօգներ՝ ավելի լավ հասկանալու սեփական անձը և ճշգրտելու իր վարքագիծը: Ավելին, Անչափահասների դատարանի կողմից տեսագրություններն ուսումնասիրելուց հրաժարվելը և խնամակալության դատավորին դրանք ուսումնասիրել չթույլատրելն անհեթեթ էր: Ի վերջո, նախապատրաստական հանդիպումներին և կոնտակտային տեսակցություններին դիմողի ընտրած մասնագետի ներկայությունը կօգներ դիմողին՝ մասնակցելու երեխաների ընտանեկան և հոգեբանական զարգացմանը, հատկապես քանի որ օրենքի նորմերը ծնողին չեն արգելում երեխաների հետ հարաբերությունների վերականգնմանը նախապատրաստվելու նպատակով մասնավոր հոգեբանների լրացուցիչ օգնությունը ստանալ: 109. 2000թ.մարտի 17-ի որոշմամբ Անչափահասների դատարանը թույլատրեց տեսաձայնագրությունը ցույց տալ առաջին գանգատաբերին, քանի որ դրանք արդեն իսկ տրամադրվել էին դատարանին, և ուրեմն, ունեին դատավարական, ինչպես նաև կլինիկական նշանակություն: Է. Երկրորդ գանգատաբերի տեսակցությունների ծրագիրը 110. Երկրորդ գանգատաբերը 1999թ.նոյեմբերի 4-ին հրավեր ուղարկեցին՝ մեկնարկելու թոռների հետ շփումներին նախապատրաստվելու ծրագիրը: Այնուհանդերձ, հանդիպման մասին ծանուցումը վերադարձավ ուղարկողին: Հարցումներ արվեցին՝ պարզելու համար, թե արդյոք երկրորդ գանգատաբերն այդ ընթացքում փոխել է հասցեն: Առաջին գանգատաբերի առաջարկությամբ լրացուցիչ ծանուցում ուղարկվեց առաջին գանգատաբերի քրոջը, սակայն սոցիալական ծառայությունները տեղեկացվեցին, որ երկրորդ գանգատաբերը նախկինի պես չի կարող մասնակցել: Նրանք նույն պատասխանը ստացան 1999 թվականի դեկտեմբերին նշանակված հանդիպման համար: Երկրորդ գանգատաբերն իր բացակայությունը բացատրում էր այն փաստով, որ ինքը հրատապ կարգով ստիպված է եղել վերադառնալ Բելգիա, քանի որ իր հաշմանդամ որդու համար ստացվող հաշմանդամության նպաստը դադարեցվել էր իր Իտալիա տեղափոխվելու պատճառով: Սոցիալական ծառայությունների հետ առաջին նախապատրաստական հանդիպումը վերջիվերջո կայացավ 2000թ.հունվարի 10-ին: 111. Սոցիալական ծառայությունների կազմած զեկույցի համաձայն, երկրորդ գանգատաբերն այդ հանդիպման ժամանակ բողոքել էր, թե 1999թ.մարտին իրեն հանդիպում չէին տրամադրել, և նշել էր, որ չէր կարող երեք ամսից ավելի երկար ժամկետով բացակայել Բելգիայից, քանի որ այդ պարագայում կարող էր զրկվել հաշմանդամ որդու համար ստացվող հաշմանդամության նպաստից: Նա նշել էր, որ ցանկանում է տեսնել երեխաներին և ցանկանում է, որպեսզի նրանք ապրեն իր հետ: Մի քանի ամիսների իր լռությունը բացատրում էր այն փաստով, որ չգիտեր, թե որ փուլին է հասել երեխաների և իր դստեր տեսակցությունների ծրագիրը, քանի որ այլևս կապի մեջ չէր դստեր հետ: Զեկույցում նաև նշվել էր, որ երկրորդ գանգատաբերը խորհուրդ էր տվել երեխաներին չվերադարձնել իրենց մորը, քանի որ վերջինս շարունակում էր հանդիպել նախկին ամուսնու հետ, և այդ փաստը հաստատել էր թե՜ դուստրը, թե՜ հարևանները: Բոլոր պրոբլեմների պատճառը N.A.-ի բռնությունն էր և առաջին գանգատաբերի՝ իրեն կամ երեխաներին պաշտպանելու անկարողությունը: Նա եզրափակելով ասել էր, թե գոհ չէ, որ երեխաներն ուղարկվել են «Իլ Ֆորտետո»: 112. Առաջին գանգատաբերից ստացված վերջին տեղեկություններով, երկրորդ գանգատաբերը պարտավոր էր լինելու զգալի գումար հատուցել Բելգիային Իտալիայում երկրորդ գանգատաբերի մնալու ժամանակահատվածի համար ստացված նպաստների մասով, իսկ 2000 թվականի փետրվարին նա սրտի խնդիրներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ը. Առաջին գանգատաբերի դեմ իրականացվող քրեական գործի վարույթի հետագա զարգացումները 113. 1998թ.հունիսի 19-ին խնամակալը դատախազին ուղարկեց նախորդ օրն ավագ որդու գրած նամակը, որում տղան ասում էր, որ մայրն իմացել է իր նկատմամբ կիրառված մանկապղծական բռնության մասին, իսկ մեկ առիթով տղան անգամ տեսել է, թե ինչպես է մայրը գումար ստանում M.L.-ից: 114. 1998թ.հուլիսի 14-ին դատախազի անցկացրած հարցաքննության ժամանակ երեխան հաստատեց իր նամակում շարադրած մեղադրանքը: Հարցազրույցի ժամանակ նրան որպես խնամատար ծնողներ ուղեկցում էին պրն. G.C.-ն և տկն. M.C.-ն (ով փաստացի պրն. L.G.-ի կինն էր): 115. 1998թ.նոյեմբերի 11-ին դատախազը M.L.-ին հարցաքննեց ավագ որդու կողմից առաջին գանգատաբերի դեմ ներկայացված մեղադրանքի մասին: M.L.-ն հերքեց երեխայի ասածը և եզրակացրեց. «Մինչև հիմա ես ասել եմ պարզ ճշմարտությունը: Եթե G.-ի ասածը ճիշտ լիներ, ինձ դժվար չէր լինի դա հաստատել...Կարծում եմ, որ G.-ն առնվազն մասամբ հորինել է իր ասածը, քանի որ դառնացած է ծնողների նկատմամբ: G.-ն շատ վատ հարաբերություններ է ունեցել հոր հետ, սակայն պաշտել է մորը: Հնարավոր է, որ հետագայում նա բավական դառնացել է, քանի որ կարծել է, թե մայրը բավարար միջոցներ չի ձեռնարկել իրեն պաշտպանելու ուղղությամբ: Եթե կարողանայի հաստատել նրա ասածը, ես դա կանեի՝ նաև նրան օգնելու համար»: 116. 1999թ.փետրվարի 27-ին մասնագետը քննող դատավորի ներկայությամբ հարցեր տվեց երեխաներին: Մասնագետի քննության արդյունքների դատական գնահատականը դեռևս հայտնի չէ: Քննության ընթացքում ավագ երեխան խոստովանեց, որ 1998թ.հունիսի 19-ի նամակը գրել է, ի թիվս այլոց, R.-ի (հավանաբար խոսքը L.R.F.-ի մասին է) ներկայությամբ: Նա նաև ասաց, որ ուրախ կլինի կրկին տեսնել իր մորը: 117. Բացի դրանից, Ֆլորենցիայի անչափահասների դատարանը անհայտ ամսաթվով, չպարզաբանված հանգամանքներում, լսել էր առաջին գանգատաբերի քրոջ ցուցմունքը: Նա նշել էր, որ ապրում է Ֆիգլինե Վալդարնոյում մոր և եղբայրներից մեկի հետ, իսկ մյուս եղբայրը, ով մասնակից էր եղել թմրադեղերի անօրինի շրջանառությանը, սպանվել էր: Ավագ եղբայրը, ով չէր ներել իրեն այն բանի համար, որ քույրը քաղաքացիական սուբյեկտի կարգավիճակով մասնակցել է մյուս եղբոր մահվանից հետո հարուցված քրեական գործի վարույթին, քրոջը մեղադրել էր սպանության փորձ կատարելու մեջ: Քրոջ ցուցմունքի արձանագրության համաձայն, մեղադրանք էր ներկայացվել նաև առաջին գանգատաբերին: Թ. Երեխաների մտավոր և ֆիզիկական բարօրությանն առնչվող այլ տեղեկություններ 118. 1998թ.հունիսի 8-ի տեղեկանքում նյարդահոգեբույժ R.L.-ն գրել էր, որ կրտսեր երեխան հոգեբանորեն փխրուն է, և խորհուրդ էր տվել իշխանություններին շատ զգուշորեն գործել: 119. Ավելին. – 1998թ.նոյեմբերի 1-ի բժշկական տեղեկանքում ավագ երեխայի առողջական վիճակը նկարագրվում էր որպես «գերազանց», – Մեկ այլ բժշկի 1998թ.նոյեմբերի 11-ի տեղեկանքում կարծիք էր արտահայտվում, որ կրտսեր երեխայի առողջությունը բարելավվել է և «լավ» է: 120. Մանկաբույժի կողմից 1998թ.նոյեմբերի 24-ին կազմված տեղեկանքում նշվում էր, որ երեխաների առողջական վիճակը գերազանց է, և որ նրանց զարգացումը և աճն ըստ երևույթին նորմալ է: 121. Բացի դրանից, ավագ երեխայի 1997/98 ուսումնական տարվա դպրոցական տեղեկանքում և ուսուցիչների տրամադրած տեղեկանքում նշվում էր, որ նա եռանդուն սովորում է և մշտապես առաջընթաց ունի: 122. Սոցիալական ծառայությունները 1999թ.հուլիսի 5-ի զեկույցում նշել էին, որ «Իլ Ֆորտետո»-ում երեխաների մնալը շատ դրական էր եղել թե՜ հուզական, թե՜ միջանձնային հարաբերությունների տեսանկյունից, նրանց հնարավորություն ընձեռելով վերականգնել որոշակի հավասարակշիռ վիճակը և ավելի ընկալունակ դառնալ միջանձնային հարաբերություններում: 123. Ի վերջո, սոցիալական ծառայությունները վերջին տեղեկանքում (29-ը մարտի, 2000 թ.) նշել էին, որ կրտսեր երեխան արդեն հաճախում է մանկապարտեզ և շատ լավ հարաբերությունների մեջ է դաստիարակների հետ: II. ՎԵՐԱԲԵՐԵԼԻ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ 124. Իտալիայի քաղաքացիական օրենսգրքի 330-րդ հոդվածով նախատեսվում է. «Դատարանն իրավասու է ծնողական իրավունքները կորցրած ճանաչել, եթե ծնողները չեն կատարում կամ անուշադրության են մատնում ծնողի դերից բխող պարտավորությունները կամ չարաշահում են դրանց առնչվող իրավունքները՝ այդկերպ լուրջ վնաս պատճառելով երեխային: Այդ պարագայում դատարանն իրավասու է լուրջ հիմքերի առկայության դեպքում որոշում կայացնել երեխային ընտանիքի տնից հեռացնելու մասին»: 125. Քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսվում է. «Եթե մեկ ծնողի կամ երկու ծնողների վարքն այնպիսին է, որ առաջացնում է 330-րդ հոդվածի համաձայն ծնողական իրավունքները կորցրած ճանաչելու հիմքեր, սակայն դա վնասակար է երեխային, ապա դատարանն իրավասու է հանգամանքներին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, անգամ՝ որոշում կայացնել երեխային ընտանիքի տնից հեռացնելու մասին: Այդ միջոցառումները կարող են ցանկացած ժամանակ դադարեցվել»: 126. Ավելին, անչափահասների խնամատարության և որդեգրման մասին 1983թ.մայիսի 4-ի թիվ 184 օրենքով, մասնավորապես, նախատեսվում է, որ համարժեք ընտանեկան միջավայրից ժամանակավորապես զրկված անչափահասը կարող է տեղավորվել մեկ այլ ընտանիքում, ընտանիքի բնույթի համայնքում, իսկ եթե հնարավոր չէ նրան ապահովել համարժեք ընտանեկան միջավայր, ապա՝ մանկատանը (2-րդ բաժին): 127. Նշված օրենքի 4-րդ բաժնով նախատեսվում է, մասնավորապես, որ երեխային ընտանիքում տեղավորելու մասին որոշմամբ պետք է, ի թիվս այլ պայմանների, նախատեսվի դրա պայմանական տևողությունը (3-րդ մաս): Ավելին, 5-րդ բաժնով նախատեսվում է, որ այն ընտանիքը, տունը կամ համայնքը, որի խնամքին հանձնվել է երեխան, պարտավոր է նպաստել անչափահասի և նրա կենսաբանական ծնողների միջև հարաբերությունների ամրապնդմանը և բուն ընտանիքում երեխայի վերաինտեգրմանը: 128. Օրենքի 9-րդ բաժնի համաձայն մանկատները պարտավոր են վեցամսյա զեկույցներ ուղարկել խնամակալության դատավորին անչափահասի, կենսաբանական ընտանիքի հետ նրա հարաբերությունների և նրա մտավոր և ֆիզիկական բարօրության մասին: Այդ նորմի համաձայն, խնամակալության դատավորը պարտավոր է նաև անչափահասների դատարանին զեկույց ներկայացնել տանը լքված երեխաների մասին և վեց ամիսը մեկ իրականացնել ստուգումներ: 129. Վերջապես, օրենքի 12-րդ բաժնով նախատեսվում է, ի թիվս այլ նորմերի, որ այն դեպքում, երբ քննությամբ բացահայտվել է, որ գոյություն ունեն արյունակցական կապի մինչև չորրորդ աստիճանի ազգականներ կամ ընտանիքի այլ անդամներ, ովքեր բովանդակալից կապեր են պահպանել անչափահասի հետ և ում գտնվելու վայրը հայտնի է, ապա դատարանի նախագահը պարտավոր է կարգադրել, որպեսզի նրանք ներկայանան դատարան (1-ին մաս): Նրանց լսելուց հետո դատարանի նախագահն իրավասու է նրանց տալ այնպիսի ցուցումներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել անչափահասի հուզական օժանդակությունը, ընթացիկ խնամքը, կրթությունը և դաստիարականությունն ապահովելու համար (3-րդ մաս): ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԸ I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ 130. Առաջին գանգատաբերը, ով պնդում է, թե հանդես է գալիս նաև իր երեխաների անունից, գանգատվում է, թե իր ծնողական իրավունքների կասեցմամբ, երեխաներին խնամքի հանձնելու, երեխաների հետ իր տեսակցության՝ իշխանությունների կողմից ձգձգելու, կոնտակտային չափազանց սակավաթիվ տեսակցություններ կազմակերպելու և իշխանությունների կողմից երեխաներին «Իլ Ֆորտետո»-ում տեղավորելու հետևանքով խախտվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածը: 131. Երկրորդ գանգատաբերը նույնպես պնդում է, որ տեղի է ունեցել 8-րդ հոդվածի խախտում՝ գանգատվելով, որ իշխանությունները հաշվի չեն առել թոռներին իր խնամքին հանձնելու հնարավորությունը և ձգձգել են նրանց հետ իր կոնտակտային տեսակցությունները: 132. Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ձևակերպումը հետևյալն է. «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք: 2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: 133. Կառավարությունը վիճարկել է գանգատաբերների փաստարկները: 134. Հանձնաժողովը կարծիք է հայտնել, թե խախտում տեղի չի ունեցել ծնողական իրավունքները կասեցնելու կամ երեխաներին «Իլ Ֆորտետո»-ում տեղավորելու մասով, և որ տեղի չի ունեցել երկրորդ գանգատաբերի իրավունքների խախտում: Սակայն, Հանձնաժողովը համարել է, որ առաջին գանգատաբերի և վերջինիս երեխաների միջև շփումների մասով տեղի է ունեցել 8-րդ հոդվածի խախտում: Ա. Կառավարության նախնական առարկությունն առաջին գանգատաբերի՝ միաժամանակ իր երեխաների անունից հանդես գալու դատավարական իրավունքի, և հետևաբար, վարույթին միջամտելու՝ Բելգիայի կառավարության դատավարական իրավունքի վերաբերյալ 135. Իտալիայի կառավարությունն առաջին հերթին վիճարկել է առաջին գանգատաբերի՝ միաժամանակ իր երեխաների անունից հանդես գալու դատավարական իրավունքը՝ նշելով, որ նրա ծնողական իրավունքները կասեցվել են 1997թ.սեպտեմբերի 9-ին, առկա է շահերի բախում նրա և երեխաների միջև, և իր երեխաների նկատմամբ կատարած հանցագործությունների մասով նրա նկատմամբ ընթացքի մեջ է քրեական գործի վարույթը: Կառավարությունը նաև պնդել է, թե առաջին գանգատաբերը երբևէ հստակորեն չի նշել, որ Դատարանին ներկայացրած իր գանգատը ներկայացվել է նաև իր երեխաների անունից: 136. Ապա, կառավարությունը վիճարկել է Բելգիայի կառավարության՝ միջամտելու դատավարական իրավունք ունենալը, քանի որ այդ միջամտությունը հիմնված է եղել բացառապես այն փաստի վրա, որ ավագ երեխան եղել է Բելգիայի քաղաքացի: 137. Հանձնաժողովը մերժել է վերոհիշյալ առարկությունը՝ նշելով, որ առաջին գանգատից պարզ էր, որ առաջին գանգատաբերի երեխաները նույնպես գանգատաբերներ են, և որ քննվող վարույթում նրանց ներկայացուցիչը միևնույն իրավաբանն է: Հանձնաժողովն ավելացրել է, որ ոչինչ չի կարող արգելել անչափահասներին՝ դիմել Հանձնաժողովին: Իսկապես, նրանց գանգատը քննելու հիմքերն ավելի մեծ են, երբ նրանց ներկայացուցիչը՝ մայրը, շահերի բախում ունի այն խնամակալի հետ, ում պետական իշխանությունները վստահել են մոր փոխարեն երեխաների շահերը պաշտպանելու գործը: 138. Դատարանն ընդգծում է, որ ներպետական օրենսդրության համաձայն այլ անձին ներկայացնելու իրավունք չունեցող անձը սկզբունքորեն կարող է որոշ հանգամանքներում այլ անձի անունից հանդես գալ Դատարանի առջև (տե՜ս, mutatis mutandis, Nielsen-ն ընդդ. Դանիայի գործով 1988թ.նոյեմբերի 28-ի դատավճիռը, Series A no. 144, pp. 21-22, §§ 56-57): Մասնավորապես, Դատարանին կարող են դիմել անգամ անչափահասները, հատկապես եթե նրանց ներկայացուցիչը մայրն է ով կոնֆլիկտ ունի իշխանությունների հետ և քննադատում է նրանց որոշումները և վարքը՝ պնդելով, որ դրանք չեն համապատասխանում Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներին: Ինչպես Հանձնաժողովը, այնպես՝ Դատարանը, համարում է, որ կենսաբանական ծնողի և իշխանությունների կողմից երեխայի խնամակալ նշանակված անձի միջև անչափահասի շահերի հարցում կոնֆլիկտի առկայության դեպքում գոյություն ունի վտանգ, որ այդ շահերի որոշ մասն այդպես էլ չի ներկայացվի Դատարանի ուշադրությանը, իսկ անչափահասը կզրկվի Կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունից: Հետևապես, ինչպես նշել է Հանձնաժողովը, չնայած մոր՝ ծնողական իրավունքներից զրկված լինելու փաստին (ընդ որում՝ Դատարանին ներկայացված վեճի պատճառներից մեկը հենց զրկումն է), նրա՝ որպես կենսաբանական ծնողի կարգավիճակը բավարար է, որպեսզի նա անհրաժեշտ իրավունք ունենա երեխաների անունից և վերջիններիս շահերը պաշտպանելու նպատակով Դատարանին դիմելու համար: 139. Ավելին, անհատական գանգատների նկատմամբ կիրառելի պայմանները կարող են տարբերվել դատավարական կարգավիճակին վերաբերող ազգային չափորոշիչներից: Այս առումով գործող ազգային կանոնները կարող են Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսվածից տարբերվող նպատակների ծառայել, և թեպետ այդ նպատակները կարող են որոշ դեպքերում համանման լինել, դրանք որոշ դեպքերում կարող են տարբերվել (տե՜ս Norris-ն ընդդ. Իռլանդիայի գործով 1988թ.հոկտեմբերի 26-ի դատավճիռը, Series A no. 142, p. 15, § 31): 140. Ուստի, հաշվի առնելով, որ առաջին գանգատաբերն ունի իր երեխաների անունից հանդես գալու դատավարական իրավունք, Բելգիայի կառավարությունն իրավունք ունի մասնակցել վարույթին Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին մասի և Դատարանի կանոնակարգի 61-րդ կանոնի 2-րդ մասի իմաստով, քանի որ ավագ երեխան ունի նաև Բելգիայի քաղաքացիություն: 141. Ըստ այդմ, Դատարանը եզրակացնում է, որ Կառավարության նախնական առարկությունը ենթակա է մերժման՝ թե՜ առաջին գանգատաբերի երեխաների դատավարական կարգավիճակի, թե՜ Բելգիայի կառավարության՝ վարույթին միջամտելու դատավարական իրավունքի մասերով: Բ. Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջների կատարումը. արդյո՞ք միջամտությունը եղել է «օրենքով նախատեսված» և հետապնդել է իրավաչափ նպատակ 142. Կողմերը համակարծիք էին, որ վիճարկվող միջամտությունը համապատասխանել է օրենքին Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով, մասնավորապես՝ վերաբերելի իրավանորմերն են քաղաքացիական օրենսգրքի 330 և 333 հոդվածները (տե՜ս վերը՝ 124-25-րդ կետերը) և 1983 թվականի թիվ 184 օրենքի 2-րդ բաժինը (տե՜ս վերը՝ 126-րդ կետը): Գանգատաբերներն իսկապես պնդում էին, թե չեն կիրառվել թիվ 184 օրենքի որոշ դրույթներ, մասնավորապես տեղավորման պայմանական տևողությանը վերաբերող դրույթները (4(3) բաժին), կենսաբանական ընտանիքի հետ կապերի ամրապնդմանն աջակցելու՝ խնամքն իրականացնող կազմակերպության ղեկավարների պարտականությանը վերաբերող դրույթները (5-րդ բաժին) և երեխաներին մայրական տատիկի խնամքին հանձնելու հարցի ուսումնասիրությունից հրաժարվելու փաստին վերաբերող դրույթները (12(1) բաժին): Այնուամենայնիվ, այդ հարցերը վերաբերում են ներպետական օրենսդրության վերաբերելի նորմերի կիրառության ձևին, այլ ոչ՝ վիճարկվող միջամտության բուն իրավական հիմքերին: Ուստի, դրանք վերաբերում են այն հարցին, թե արդյոք վերաբերելի նորմերը կիրառվել են Կոնվենցիայի սկզբունքներին համահունչ: 143. Ավելին, կողմերը համակարծիք էին նաև, որ վիճարկվող միջոցառումները Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով հետապնդել են իրավաչափ նպատակ, այն է՝ « առողջության կամ բարոյականության պաշտպանության» նպատակը և «այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության» նպատակը, քանի որ դրանք ուղղված են եղել առաջին գանգատաբերի երեխաների բարօրության պաշտպանությանը: Գ. Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջների կատարումը. արդյո՞ք միջամտությունը եղել է «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» 1. Առաջին գանգատաբերի ծնողական իրավունքների կասեցումը և երեխաներին վերցնելը (ա) Դատարանի առջև ներկայացած անձանց փաստարկները (i) Առաջին գանգատաբերը 144. Առաջին գանգատաբերը վիճարկեց իշխանությունների որոշումը և ընդգծեց, մասնավորապես, որ վճռական է տրամադրված՝ ձերբազատվելու ընտանեկան այն անցյալից, որում հարաբերությունները տուժել էին նախկին ամուսնու բռնության հետևանքով: Այդ վճռականության ապացույցն էր, մասնավորապես, այն փաստը, որ նա բողոք էր ներկայացրել նախկին ամուսնու դեմ և բաժանվել էր նրանից: (ii) Բելգիայի կառավարությունը 145. Բելգիայի կառավարությունը համարում էր, որ ծնողական իրավունքների կասեցումն ըստ երևույթին հիմնավորված էր՝ հաշվի առնելով երեխաներին դաստիարակելու՝ առաջին գանգատաբերի և նրա նախկին ամուսնու սահմանափակ կարողությունները: (iii) Իտալիայի կառավարությունը 146. Իտալիայի կառավարությունը, որպես պատասխանող, ամենից առավել ընդգծեց առաջին գանգատաբերի ընտանեկան հանգամանքների ծանրությունը, որոնք բնութագրվում էին սեռական բռնությամբ, որն առաջին գանգատաբերի ընկերներից մեկը տարիներ շարունակ գործադրել էր ավագ երեխայի նկատմամբ, ինչպես նաև՝ ընտանիքի անդամների միջև հարաբերությունները բնութագրող շարունակական բռնությունը: Կառավարությունը նաև հղում արեց առաջին գանգատաբերի բարդ անձին և եզրակացրեց, որ կիրառված միջոցառումը հիմնավորված է եղել՝ հաշվի առնելով երեխաների շահերը: (iv) Հանձնաժողովը 147. Հանձնաժողովը համարել էր, որ քանի որ երեխաները բավական երկար ժամանակի ընթացքում գտնվել են նրանց զարգացման համար անկասկած վնասակար իրավիճակներում, երեխաներին վերցնելու առումով իշխանությունների միջամտությունը հիմնավոր է եղել երեխաների շահերը պաշտպանելու տեսանկյունից: (բ) Դատարանի գնահատականը 148. Դատարանը կրնում է, որ «... ընտանիք բաժանելը շատ լուրջ միջամտություն է: Նման քայլը հիմնավորելու կատարելու համար անհրաժեշտ է երեխայի շահերից բխող ծանրակշիռ և բավարար հիմքեր ունենալ...» (տե՜ս Olsson-ն ընդդ. Շվդիայի (թիվ 1) գործով 1988թ.մարտի 24-ի դատավճիռը, Series A no. 130, pp. 33-34, § 72): Ուստի, «... պետք է անդրադառնալ այն արդար հավասարակշիռ վիճակին, որը պետք է ապահովել անհատի և հասարակության հակադրվող շահերի միջև, ընդ որում՝ երկու իրավիճակներում էլ ... պետությանը վերապահված է հայեցողության որոշակի շրջանակ ...» (տե՜ս Hokkanen-ն ընդդ. Ֆինլանդիայի գործով 1994թ.սեպտեմբերի 23-ի դատավճիռը, Series A 299-A, p. 20, § 55): Այս ոլորտում «... Դատարանի կողմից իրականացվող ... ուսումնասիրությունը չի սահմանափակվում Պատասխանող պետության կողմից իր հայեցողության ողջամիտ, զգույշ և բարեխիղճ իրացմամբ ... Երկրորդ փուլում, իրականացնելով իր հսկողական լիազորությունը, Դատարանը չի կարող իր գործունեությունը սահմանափակել վիճարկվող որոշումների մեկուսի քննարկմամբ, այլև՝ պարտավոր է դրանք դիտարկել ողջ գործի լույսի ներքո: Դատարանը պարտավոր է պարզել, թե արդյոք միջամտությունները հիմնավորելու համար ներկայացվող պատճառները «վերաբերելի են և բավարար»...» (տե՜ս Olsson-ի գործով (թիվ 1) վերը նշված դատավճիռը, p. 32, § 68, ինչպես նաև, mutatis mutandis, Vogt-ն ընդդ. Գերմանիայի գործով 1995թ.սեպտեմբերի 26-ի դատավճիռը, Series A no. 323, pp. 25-26, § 52): 149. Դատարանը նշում է, որ առաջին գանգատաբերի ընտանեկան հանգամանքները լրջորեն վատթարացել են 1994 թվականին (տես վերը՝ 13-րդ կետը): Դատարանին հատկապես զարմացնում է առաջին գանգատաբերի նախկին ամուսնու ունեցած բացասական դերակատարումը: Գործի նյութերը ցույց են տալիս, որ հենց նա էր ընտանիքում տիրող բռնի մթնոլորտի հիմնական պատասխանատուն՝ բազմիցս ֆիզիկական հարձակումներ գործելով երեխաների և նախկին կնոջ վրա, որոնց հետևանքով առաջին գանգատաբերը քրեական բողոք էր ներկայացրել (տե՜ս վերը՝ 13-րդ կետը): 150. Այնուհանդերձ, պետք է նաև նշել, որ նույնիսկ նախկին ամուսնուց բաժանվելուց հետո առաջին գանգատաբերը դժվարացել էր երեխաներին խնամելու հարցում: Այդ առումով Դատարանը կարևորում է տեղական առողջապահական հաստատությունում աշխատող նյարդահոգեբույժի 1997թ.հունիսի 9-ի եզրակացությունը (տե՜ս վերը՝ 24-րդ կետը), որում նա տեսակետ էր հայտնել, թե առաջին գանգատաբերն անձի խանգարում ունի և ի վիճակի չէ կառավարել իր ընտանիքի և երեխաների բարդ իրավիճակը: Խնդիրը բարդանում էր, քանի որ ավագ երեխան ծանր տրավմա էր կրել սոցիալական աշխատողի մանկապղծական բռնության հետևանքով, ով կարողացել էր մոտ հարաբերություններ հաստատել և շահել առաջին գանգատաբերի ընտանիքի վստահությունը: 151. Այդ հանգամանքներում Դատարանն այս հարցում համակարծիք է Հանձնաժողովի հետ և այդ ֆոնի վրա համարում է, որ առաջին գանգատաբերի ծնողական իրավունքները կասեցնելու և երեխաներին ժամանակավորապես մոր խնամքից վերցնելու միջոցով իշխանությունների կիրառած միջամտությունն ունեցել է վերաբերելի և բավարար հիմքեր, մասնավորապես՝ հիմնավորվել է երեխաների շահերը պաշտպանելու անհրաժեշտությամբ: Հետևապես, այդ առումով տեղի չի ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում: 2. Առաջին գանգատաբերի և նրա երեխաների շփումները (ա) Դատարանի առջև ներկայացած անձանց փաստարկները (i) Առաջին գանգատաբերը 152. Առաջին գանգատաբերը սկզբում նշեց, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու են իրեն 1997թ.սեպտեմբերի 9-ի որոշումից ի վեր արգելել տեսակցել ավագ որդուն: 153. Ինչ վերաբերում է 1998թ.հուլիսին նրա դեմ ներկայացված մեղադրանքին, ապա առաջին գանգատաբերը նշեց, որ մոր և որդու միջև հարաբերությունների նման զգայուն հարաբերությունների ընդհատումն անհեթեթ էր, քանի որ եթե վարույթի վերջում պարզվեր, որ ինքն անմեղ է, ինքն անշրջելի վնաս կրած կլիներ: Այդ առումով նա բողոքում էր, որ իշխանությունները երկակի ստանդարտներ են կիրառել. Անչափահասների դատարանը իրեն երեխաներից տևական ժամկետով առանձնացնելու համար որպես հիմք մեջբերել էր իր դեմ ներկայացված մեղադրանքը (թեպետ այդ գործը վերջին հաշվով անգամ դատարան չէր ուղարկվել)՝ միևնույն ժամանակ շարունակելով երեխաներին տեղավորել «Իլ Ֆորտետո»-ում՝ չնայած այն փաստին, որ համայնքի ղեկավարներից երկուսն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտվել են իրենց խնամքի տակ գտնվող երեխաների նկատմամբ ծանր հանցանքներ գործելու համար: 154. Առաջին գանգատաբերը պնդում էր նաև, որ սոցիալական ծառայություններն իսկապես խիստ բացասական կարծիքի էին իր մասին, որն այն աստիճան էր ազդում ավագ որդու վրա, որ վերջինս մոր նկատմամբ ցուցաբերել էր թշնամանք՝ մի բան, որը նախկինում չէր եղել: (ii) Բելգիայի կառավարությունը 155. Բելգիայի կառավարությունը որպես հիմնական փաստարկ նշում էր, որ երբ 1998թ.մարտին Անչափահասների դատարանը կարգադրել էր M.-ի հետ իրականացնել շփումների նախապատրաստական ծրագիր, առաջ չէր քաշվել G.-ի հետ շփումների կասեցումը շարունակելու խնդիրը, թեպետ Անչափահասների դատարանի 1997թ.նոյեմբերի 18-ի որոշմամբ նշանակված հոգեբուժական եզրակացությունը վերաբերել էր երկու երեխաներին: 156. Ինչ վերաբերում է 1998թ.հուլիսի 8-ին կրտսեր որդու հետ արդեն իսկ նշանակված հանդիպման կասեցմանը, ապա Բելգիայի կառավարությունը նշեց, որ թեպետ սկզբունքորեն այդ որոշումը կարելի էր հիմնավորված համարել, միևնույն ժամանակ գործնականում անհրաժեշտ էր հաշվի առնել, որ. – Մեղադրանքը, որն ի վերջո հանգեցրել էր երեխայի հարցաքննությանը, իշխանություններին հայտնի էր եղել մի քանի ամիս (սկսած 1998թ.հունվարի 7-ից), – Բացահայտված հանգամանքները վկայում էին միայն երեխայի հոր մեղավորության մասին, և հնարավոր չէր միանշանակորեն վստահ լինել, որ քննությունը կվերաբերի նաև առաջին գանգատաբերին՝ ինչպես դատախազն էր նշել իր 1998թ.հունիսի 18-ի և 26-ի գրություններում, – M.-ն առաջին անգամ հարցաքննվել էր միայն 1999թ.փետրվարի 27-ին, այսինքն՝ յոթ ամիս անց: 157. M.-ն իրականում հարցաքննվել էր միայն Անչափահասների դատարանի 1998թ.դեկտեմբերի 22-ի որոշման կայացումից հետո, որով դատարանը կարգադրել էր նախապատրաստական նոր ընթացակարգ իրականացնել երկու երեխաների և մոր միջև շփումները վերսկսելու ուղղությամբ: Այն փաստը, որ Անչափահասների դատարանն կարգադրել էր վերսկսել շփումները նույնիսկ նախքան քրեական գործի վարույթի առնչությամբ M.-ին հարցաքննելը, զգալիորեն նսեմացրել էր 1998թ.հուլիսի 6-ի որոշման պատճառաբանությունը: Միևնույն ժամանակ, չէին կարող հաշվի չառնվել նախապատրաստական հանդիպումները կտրուկ կերպով դադարեցնելու հետևանքով այդ որոշման բացասական ազդեցությունը M.-ի վրա: 158. Նույնիսկ 1998թ.դեկտեմբերի 22-ի որոշումից հետո տեսակցություններն ուշ էին սկսվել (ապրիլի 29-ին), երբ առանձնացումից անցել էր արդեն 19 ամիս: Բելգիայի կառավարությունը պնդում էր, որ այդպիսի տևական ժամանակահատվածում որևէ շփման բացառումը ծայրահեղ լուրջ միջամտություն էր առաջին գանգատաբերի ընտանեկան կյանքին, հատկապես հաշվի առնելով կրտսեր երեխայի խոցելի տարիքը: Ըստ այդմ, իշխանությունների որոշումների անհետևողականությունը չէր կարող համատեղելի համարվել 8-րդ հոդվածի պահանջներին: (iii) Իտալիայի կառավարությունը 159. Պատասխանող կառավարությունը սկզբում նշեց, որ միայն 1997 թվականի նոյեմբերի 4-ին, այսինքն՝ երեխաներին «Իլ Ֆորտետո»-ում տեղավորելու մասին Անչափահասների դատարանի որոշման կայացումից երկու ամիս հետո էր առաջին գանգատաբերն առաջին անգամ բողոքել, որ իրեն հնարավորություն չեն ընձեռել տեսակցելո կրտսեր որդուն: 160. Այնուհետև, Պատասխանող կառավարությունը շեշտեց առաջին գանգատաբերի ոչ միանշանակ վերաբերմունքը: Նրա անձն ավելի լավ հասկանալու համար Կառավարությունն առաջարկեց վերհիշել թերևս այն հանգամանքը, որ վարույթի ընթացքում նա տարբեր առիթներով ներկայացել էր որպես հոգեբան, բուժքույր և գինեկոլոգ: Պատասխանող կառավարությունը նպատակահարմար էր համարում նաև անդրադառնալ ավագ որդու նկատմամբ մոր կատարած ենթադրյալ գործողությունների (մոր հանցակցութունը հիմնավորող լուրջ ապացույցներ կային) առնչությամբ Ֆլորենցիայի դատարանում ներկայումս քննվող գործի վարույթին, առաջին գանգատաբերի առաջին ամուսնությունից ծնված դստեր՝ ընտանեկան բռնությունից տուժելու հետևանքով կատարած ինքնասպանության փորձին, ինչպես նաև՝ Ֆլորենցիայի անչափահասների դատարանում առաջին գանգատաբերի քրոջ տված ցուցմունքին: 161. Կառավարությունը միաժամանակ պնդում էր, որ կոնտակտային տեսակցություններից առաջ նախապատրաստական խորհրդատվությունն անհրաժեշտ է եղել, և որ այդ խորհրդատվությունն անհրաժեշտ էր իրականացնել կարճատև հանդիպումներով, որպեսզի արտոնյալ հարաբերություններ չձևավորվեն մոր և կրտսեր որդու՝ M.-ի միջև, քանի որ դա լուրջ լարվածություն կառաջացներ երկու եղբայրների հարաբերություններում, որոնց պահպանումը կարևորում էին սոցիալական ծառայությունները: Ավելին, հաշվի առնելով ծրագրի բարդությունը և մասնակիցների փաստացի կարիքները պարզելու ցանկալիությունը, անհրաժեշտ էր եղել դրան ժամանակ տրամադրել: 162. Կառավարությունն անդրադարձավ նաև առաջին գանգատաբերի, հատկապես՝ ավագ որդու նկատմամբ ագրեսիվ և սպառնալից վարքի հետևանքով սոցիալական ծառայությունների կրած դժվարություններին. Կառավարությունը պնդեց, որ մոր այդ վարքը գրեթե միանշանակորեն կարող էր բացատրվել քրեական գործի վարույթում ավագ որդու տված ցուցմունքով: 163. 1998թ.հուլիսի 6-ին նշանակված տեսակցության հետաձգումը լիովին հիմնավորված էր՝ հաշվի առնելով քրեական գործի պահանջները, քանի որ անհրաժեշտ էր երեխաներին հարցաքննել, իսկ ավագ որդու նկատմամբ առաջին գանգատաբերի վերաբերմունքը սպառնալից էր եղել: 164. Պատասխանող կառավարությունն ընդգծեց նաև, որ համապատասխան ծառայությունները լուրջ են վերաբերվել գործընթացին՝ երեխաների համար իրականացնելով նորարարական ծրագիր, որի նպատակը երեխաների հոգեբանական և հուզական վերականգնումն էր, ինչպես նաև՝ ծնողների դերի վերաբերյալ նրանց պատկերացումների բարելավումը: Հաշվի առնելով այդ նպատակը, Կառավարությունը ցանկալի էր համարում առաջին գանգատաբերի համագործակցությունը սոցիալական ծառայությունների հետ, ինչպես նաև՝ տեսակցությունների ժամանակ ավագ որդու նկատմամբ սպառնալից վերաբերմունքի դադարեցումը (Կառավարությունն անդրադարձավ նաև այն փաստին, որ առաջին գանգատաբերը 1999 թվականի սեպտեմբերի 9-ի տեսակցության ավարտից հետո ականջալուր չէր եղել ավագ որդուն նամակ գրելու մասին սոցիալական աշխատողների խորհրդին): 165. Կոնտակտային տեսակցությունները ցանկացած պարագայում վերսկսվելու էին գործին ներգրավված մասնագետների որոշումներին համապատասխան: (iv.) Հանձնաժողովը 166. Հանձնաժողովը նշել էր, որ գիտակցում է առաջին գանգատաբերի երեխաների իրավիճակի առանձնակի ծանրությունը և կասկածի տակ չի առնում նախազգուշական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով թե՜ ընդհանուր առմամբ, թե՜ մոր հետ տեսակցությունների ժամանակ երեխաների կրած տառապանքը և տրավման: 167. Այնուհանդերձ, Հանձնաժողովը համարել էր, որ իր զեկույցի ընդունման պահի դրությամբ տեղի ունեցած՝ հարաբերությունների իսպառ խզումը հիմնավորված չէր: Հանձնաժողովը համարել էր,որ չկային բացառիկ հանգամանքներ, որոնք տվյալ գործի շրջանակում կարող էին հիմնավորել հարաբերությունների իսպառ խզումը: Իսկապես, իշխանություններն իրենք նախատեսել էին հարաբերությունների վերսկսում, առնվազն՝ կրտսեր որդու հետ: Բացի դրանից, հարաբերություններն իսպառ խզելն էլ ավելի չհիմնավորված էր թվում տվյալ դեպքում՝ հաշվի առնելով տեղավորման համար ընտրված համայնքի վերաբերյալ առաջին գանգատաբերի մտահոգությունները, որոնք հասկանալի էին՝ ի նկատի ունենալով, ի թիվս այլ գործոնների, «Իլ Ֆորտետո»-ի որոշ ղեկավարների հանցավոր անցյալը: 168. Ինչ վերաբերում էր կրտսեր որդու հետ արդեն իսկ նշանակված տեսակցությունները կասեցնելուն, ապա Հանձնաժողովը կարծիք հայտնեց, թե իշխանությունների կիրառած հիմքը՝ այն փաստը, թե երեխաների հոր նկատմամբ հարուցվել էր քննություն, հիմնավոր չէր թվում, քանի որ դատախազությունը չէր մեջբերել որևէ կոնկրետ ապացույցներ ընդդեմ առաջին գանգատաբերի, և պարզապես ակնկարկել էր քննությունն ընդլայնելու և մոր նկատմամբ նույնպես տարածելու հնարավորության մասին: (բ) Դատարանի գնահատականը 169. Դատարանն առաջին հերթին վերահաստատում է հետևյալը. «Ծնողի և երեխայի կողմից միմյանց ներկայությունը վայելելն ընտանեկան կյանքի հիմնարար տարր է: Ավելին, երեխային հանրային խնամքի վերցնելու փաստի հետևանքով չեն դադարում կենսաբանական ընտանիքի հետ հարաբերությունները...» (տե՜ս Eriksson-ն ընդդ. Շվեդիայի գործով 1989թ. հունիսի 22-ի դատավճիռը, Series A no. 156, p. 24, § 58): Ինչպես նախկինում նշել է Դատարանը, «երեխային խնամքի վերցնելը սովորաբար պետք է համարել ժամանակավոր միջոցառում, որը պետք է դադարեցնել՝ հենց հանգամանքները դա թույլ տան, և ... ժամանակավոր խնամքի ցանկացած միջոցառում պետք է համահունչ լինի կենսաբանական ծնողին և երեխային վերամիավորելու վերջնանպատակին... Այս առումով, արդար հավասարակշռություն է անհրաժեշտ ապահովել երեխայի՝ հանրային խնամքի ներքո մնալու շահերի և ծնողի՝ երեխայի հետ վերամիավորվելու շահերի միջև... Հավասարակշռելու ընթացքում Դատարանն առանձնապես կարևորում է երեխայի լավագույն շահերը, որոնք, կախված դրանց բնույթից և լրջությունից, կարող են գերակայել ծնողի շահերի նկատմամբ: Մասնավորապես, ... ծնողը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն չի կարող իրավունք ունենալ՝ իրականացնելու այնպիսի միջոցառումներ, որոնք կվնասեին երեխայի առողջությանը և զարգացմանը» (տե՜ս Johansen-ն ընդդ. Նորվեգիայի գործով 1996թ. օգոստոսի 7-ի դատավճիռը, Reports of Judgments and Decisions 1996-III, pp. 1008-09, § 78): 170. Առաջին հերթին Դատարանը համարում է, որ առաջին գանգատաբերի և նրա ավագ որդու միջև բոլոր շփումներն արգելելու մասին 1997թ. սեպտեմբերի 9-ի որոշումն ըստ երևույթին չի ունեցել բավականաչափ ծանրակշիռ հիմքեր: Երեխան իսկապես շատ ծանր և տրավմատիկ փորձառություն էր ունեցել: Այնուհանդերձ, ինչպես իր զեկույցում նշել էր Հանձնաժողովը, այնպիսի ծայրահեղ միջոցը, ինչպիսին կապերն իսպառ խզելն է, կարող է հիմնավորված լինել միայն բացառիկ հանգամանքների առկայության դեպքում (տե՜ս B.-ն ընդդ. Միացյալ Թագավորության գործով 1987թ. հուլիսի 8-ի դատավճիռը, Series A no. 121, pp. 78-79, § 77): Թեպետ ընտանեկան կյանքի և երեխաների զարգացման համար վնասակար բարդ հանգամանքները լիովին հիմնավորում էին նրանց ժամանակավոր խնամքի հանձնելը (չթերագնահատելով մորը համապատասխան հոգեբանական օժանդակություն ցուցաբերելու կարևորությունը), ծանր վիճակն առաջին գանգատաբերի ընտանիքի ներսում Դատարանի կարծիքով ինքնին բավարար հիմք չէր ավագ երեխայի հետ կապերը խզելու համար՝ հաշվի առնելով ոչ միայն առաջին գանգատաբերի կողմից երեխաների նկատմամբ դրսևորած կապվածություն, այլ նաև՝ կրտսեր երեխայի հետ շփումների վերսկսումը միևնույն ժամանակ թույլատրելու մասին իշխանությունների որոշումը: Հաշվի առնելով, որ իշխանությունները չէին ցանկանում առաջին գանգատաբերին մշտապես զրկել ծնողական բոլոր իրավունքներից, G.-ին մոր հետ շփումներից իսպառ բացառելու մասին որոշումից բխում է նաև հարաբերությունների մասնակի դադարեցումը, ներառյալ՝ եղբայրների միջև, որը համահունչ չէ մոր հետ հարաբերությունների վերսկսմանը հասնելու՝ հռչակված նպատակին: 171. Դատարանը հարկ է համարում նաև նշել, որ թեպետ 1997թ. սեպտեմբերի 9-ի որոշմամբ նախատեսվում էր կրտսեր որդու հետ տեսակցություններ կազմակերպել, լրացուցիչ որևէ քայլ չէր կատարվել մինչև 1998թ. մարտի 6-ը, երբ Ֆլորենցիայի անչափահասների դատարանն ի վերջո որոշել էր տեսակցություններից առաջ պարտադիր կերպով պահանջել նախապատրաստական ծրագիր անցկացնել մոր հետ: Այնուհանդերձ, դա որևէ արդյունք չէր ունեցել, քանի որ առաջին տեսակցության համար նշանակված օրվանից՝ 1998թ. հուլիսի 8-ից ընդամենը երկու օր առաջ, երեխաների հոր նկատմամբ քննությունը հենց նոր հարուցած դատախազի տեղակալի միջնորդությամբ (տե՜ս վերը՝ 66-րդ կետը), Անչափահասների դատարանը որոշել էր կասեցնել արդեն իսկ նշանակված տեսակցությունները: Այդ որոշման մասով Դատարանը համակարծիք է Հանձնաժողովի հետ: Դժվար է գտնել այն հիմքերը, որոնցով Անչափահասների դատարանը կայացրել էր նման դաժան որոշում՝ շահագրգիռ անձանց նկատմամբ խիստ բացասական հոգեբանական հետևանքներով հանդերձ, քանի որ դատախազի միջնորդության հիմքը եղել էր պարզապես այն հնարավորությունը՝ առանց որևէ օբյեկտիվ ապացույցների, թե քննության շրջանակը կարող է ընդլայնվել և ներառել մորը: Թեպետ երեխան իր նկատմամբ տեղի ունեցած մանկապղծական ոտնձգությունների առնչությամբ առաջին անգամ մորը հասցեին մեղադրանք էր ուղղել՝ դատախազին ուղղված 1998թ. հուլիսի 19-ի նամակում (տե՜ս վերը՝ 113-րդ կետը), որևէ լուրջ փորձ չէր արվել այդ մեղադրանքի ճշմարտացիությունը հաստատելու ուղղությամբ (ընդ որում՝ ենթադրյալ մանկապղծին հարցաքննելու օրվա՝ 1998թ. նոյեմբերի 11-ի դրությամբ նույնպես նման փորձ չէր արվել, իսկ նա նշել էր, որ մեղադրանքը սուտ է, տե՜ս վերը՝ 115-րդ կետը): Դատարանը ստիպված է եզրակացնել, որ թե՜ դատախազի տեղակալը, թե՜ Անչափահասների դատարանը գործել են անպատասխանատու կերպով: 172. Ընդամենը հինգ ամիս հետո՝ 1998թ. դեկտեմբերի 22-ին, մինչև Անչափահասների դատարանը թույլատրել էր առաջին գանգատաբերին տեսակցել երկու երեխաներին, թեպետ քննությունը պաշտոնապես դեռևս ընթացքի մեջ էր: Դա ըստ երևույթին տրամագրոծեն հակասում էր նույն տարվա ամռանը կայացված որոշումներին: 173. Այնուհանդերձ, չնայած 1999թ. մարտի 15-ի դրությամբ տեսակցությունները վերսկսելու մասին Անչափահասների դատարանի որոշմանը, առաջին տեսակցությունը տեղի էր ունեցել միայն 1999թ. ապրիլի 29-ին: Ուշացման մասին նշել էր անգամ Անչափահասների դատարանը՝ 1999թ. փետրվարի 15-ի իր նամակում: Այնքանով, որքանով ուշացումը կարելի էր վերագրել վարչական դժվարություններին (տե՜ս վերը՝ 84-85-րդ կետերը), պետք չէ մոռանալ, որ «այնպիսի հիմնարար ոլորտում, ինչպիսին ընտանեկան կյանքն է, չի կարելի թույլատրել, որպեսզի նման նկատառումները երկրորդայինից ավելի կարևոր դերակատարում ունենան» (տե՜ս Olsson-ի գործով (թիվ 1 գործով) վերը նշված դատավճիռը, p. 37, § 82): Այդ ուշացումն էլ ավելի անընդունելի էր տվյալ գործի շրջանակում, քանի որ այդ պահի դրությամբ առաջին գանգատաբերը և նրա երեխաները միմյանցից առանձնացված էին արդեն մեկուկես տարի: 174. Ավելին, առաջին տեսակցությունը փաստացի նախադրյալներ չէր ստեղծել կանոնավոր և հաճախակի շփումների համար, որոնք երեխաներին և մորը կօգնեին վերականգնել իրենց հարաբերությունները: Ավագ որդին սոցիալական աշխատողներին ուղղված 1999թ. մայիսի 6-ի նամակում իսկապես առաջին հանդիպման կապակցությամբ հիասթափություն էր հայտնել (տե՜ս վերը՝ 92-րդ կետը): Այնուհանդերձ, մի կողմ թողնելով այն փաստը, որ ավագ որդու կողմից գործին մասնակցող տարբեր իրավասու մարմիններին ուղարկված նամակներին պետք է զգուշությամբ վերաբերվել՝ հաշվի առնելով երեխայի առանձնահատուկ իրավիճակը (որին Դատարանը կանդրադառնա ստորև՝ տե՜ս 210-րդ կետը), երեխայի համար տրավմատիկ իրադարձություններից հետո այդքան տևական ժամանակով առանձնացված լինելու պարագայում լիովին հասկանալի էր հիասթափության զգացումը: Ընդհակառակը, այդ իրավիճակը պետք է սոցիալական ծառայություններին դրդեր, որպեսզի նրանք կանոնավոր կերպով տեսակցություններ կազմակերպեն՝ օգնելով երեխաներին հաղթահարելու այդ բարդ շրջանը: Իհարկե, չի կարելի ակնկալել, թե շարունակվող առանձնացումը կնպաստի ընտանեկան այն կապերի վերականգնմանը, որոնք արդեն իսկ զգալի փորձության էին ենթարկվել: Այս առումով հարկ է վերհիշել, որ «ընտանիքի անդամների միջև կապերը և նրանց բարեհաջող վերամիավորման հեռանկարներն անհրաժեշտաբար կթուլանան, եթե խոչընդոտներ ստեղծվեն նրանց՝ միմյանց հետ հեշտորեն և կանոնավոր կերպով հանդիպելու ճանապարհին» (տե՜ս Olsson-ի գործով (թիվ 1 գործով) վերը մեջբերված դատավճիռը, pp. 36-37, § 81): 175. Դատարանը ցանկանում է ընդգծել, որ չի թերագնահատում նախապատրաստական խորհրդատվության կարևորությունը: Նախկինում էլ Դատարանը նշել է հետևյալը. «... որոշ ժամանակ խնամատար ընտանիքում բնակված երեխաների հետ կենսաբանական ծնողների վերամիավորման համար նախապատրաստական աշխատանք է անհրաժեշտ: Այդ նախապատրաստման բնույթը և ծավալը կարող են կապված լինել յուրաքանչյուր դեպքի հանգամանքներից, սակայն դրա համար մշտապես պահանջվում է շահագրգիռ բոլոր անձանց ակտիվ և փոխըմբռնող համագործակցությունը: Թեպետ ազգային իրավասու մարմինները պետք է իրենցից կախված ամեն ինչ անեն, որպեսզի նման համագործակցությունը կայանա, այս առումով հարկադրանք կիրառելու՝ նրանց հնարավորությունները սահմանափակ են, քանի որ պետք է հաշվի առնել բոլոր շահագրգիռ անձանց շահերը, իրավունքները և ազատությունները, հատկապես՝ երեխաների շահերը և Կոնվենցիայի 8-րդ հոդվածից բխող իրավունքները: Եթե կենսաբանական ծնողների հետ շփումները կարող են վնասել այդ շահերին կամ միջամտել այդ իրավունքների իրացմանը, ապա ազգային իրավասու մարմինները պետք է ձգտեն գտնել արդար հավասարակշռությունը...» (տե՜ս Olsson-ն ընդդ. Շվեդիայի (թիվ 2) գործով 1992թ. նոյեմբերի 27-ի դատավճիռը, Series A no. 250, pp. 35-36, § 90): Սույն գործով, սակայն, հարկ է նշել, որ մեկ տեսակցությունը չէր կարող բավարար լինել երեխաներին մոր հետ կապերը վերականգնելու հնարավորություն ընձեռելու համար: Հաշվի առնելով այն փաստը, որ առաջին տեսակցությանը նախորդել էր նախապատրաստական փուլը, որն արդեն իսկ նպաստել էր ուշացմանը, Դատարանը չի կարողանում հասկանալ, թե ինչու դրան արագորեն չէին հաջորդել լրացուցիչ տեսակցություններ: Դատարանը նաև համարում է, որ Կառավարությունը բավարար բացատրությամբ չի հիմնավորել հաջորդ՝ ևս չորս ամիս տևած նախապատրաստական փուլը, և որ ավելի կարևոր է՝ 1999թ. սեպտեմբերի 9-ից հետո լրացուցիչ տեսակցությունների բացակայությունը: 176. Ուշադիր կերպով ուսումնասիրելով առաջին տեսակցության տեսագրությունը (տե՜ս վերը՝ 91-րդ կետը), Դատարանը եզրակացնում է, որ թե՜ տեսակցությունը, թե՜ դրա արդյունքն բնավ այնքան բացասական չէին, որքան նշվում է սոցիալական ծառայությունների զեկույցում: Սոցիալական ծառայություններին, սակայն, բացարձակ ազատություն էր տրվել՝ ամբողջ չորս ամսով ձգձգելու երկրորդ տեսակցությունը: Ավելին, երկրորդ տեսակցության ձայնագրությունը (տե՜ս վերը՝ 94-րդ կետը) վկայում է հետագա տեսակցություններ անցկացնելու և դրանց ժամկետների մասին որոշում կայացնելու՝ սոցիալական ծառայություններին վերապահված զգալի հայեցողության մասին: 177. Այդ առումով հարկ է մտապահել, որ լուրջ վտանգ կա, որ ծնողի և երեխայի միջև շփումները տևական ժամանակով ընդհատելը կամ տեսակցությունների միջև չափազանց երկար ընդմիջումը կարող են նվազեցնել ընտանիքի ներսում ծագած դժվարությունների հաղթահարմանն օգնելու և ընտանիքի անդամներին վերամիավորելու իրական հնարավորությունը (վտանգն էլ ավելի մեծ է կրտսեր երեխայի դեպքում, ով շատ փոքր էր առանձնացման ժամանակ): 178. Ուստի, սույն գործի հանգամանքներում Դատարանն անընդունելի է համարում տեսակցությունները անցկացումը սկզբունքորեն թույլատրող դատական որոշումների գործնական կիրառությունը փոխելու՝ սոցիալական ծառայությունների կարողությունը, ինչև դրսևորվել էր սույն գործի շրջանակում: Հաշվի առնելով դրանց սահմանափակ թիվը և ոչ կանոնավոր հաճախականությունը (գրեթե երեք տարիների ընթացքում ընդամենը երկու նման տեսակցություններ էին եղել), մինչ օրս կազմակերպված տեսակցությունները ցանկացած իմաստով եղել են անկանոն և լուրջ տրամաբանություն չեն ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածում զետեղված սկզբունքների տեսանկյունից: 179. Գործի նյութերից ակնհայտ է, որ սոցիալական ծառայություններն առաջին տեսակցությունից ի վեր չափազանց մեծ դեր են խաղացել Անչափահասների դատարանի որոշումներն ի կատար ածելու հարցում՝ բացասական դիրքորոշում որդեգրելով առաջին գանգատաբերի նկատմամբ. դիրքորոշում, որի համար Դատարանը չի տեսնում որևէ համոզիչ օբյեկտիվ հիմքեր: Իրականում, իրավիճակի նկատմամբ սոցիալական ծառայությունների կողմից մինչ օրս դրսևորած վերաբերմունքն էլ ավելի է խորացրել անջրպետն առաջին գանգատաբերի և երեխաների միջև՝ ստեղծելով այն մշտական դարձնելու ռիսկ: Սոցիալական ծառայությունների վերջին զեկույցում զետեղված տեղեկություններն ընդամենը հաստատում են այդ միտումը (տե՜ս վերը՝ 96-րդ կետը): Արձանագրելով իրավիճակի նման զարգացում, Անչափահասների դատարանը, որը սկզբունքորեն պետք է վերահսկի իր որոշումների կատարումը, հաստատել էր սոցիալական ծառայությունների կողմից կատարվող գործունեությունը՝ չիրականացնելով մանրակրկիտ ուսումնասիրություն: 180. Այն փաստը, որ 1998թ. դեկտեմբերի 22-ի որոշումից ի վեր տեղի էին ունեցել ընդամենը երկու տեսակցություններ (մեկուկես տարվա առանձնացումից հետո) պետք է որ դրդեր Անչափահասների դատարանին՝ պարզելու ծրագրի ուշացման պատճառները, որն անելու փոխարենը դատարանը պարզապես ընդունել էր սոցիալական ծառայությունների բացասական եզրակացությունները՝ չիրականացնելով փաստերի քննադատական վերլուծություն: Ստանալով տեսակցությունների արդյունքի վերաբերյալ առաջին գանգատաբերի բողոքները, Անչափահասների դատարանն անհրաժեշտ չէր համարել ուսումնասիրել տեսակցությունների տեսաձայնագրությունները (դրանք ներկայացնելու թույլտվությունը տվել էր զգալի ուշացմամբ, այն էլ՝ դրանք Դատարան ներկայացնելուց հետո միայն. տե՜ս վերը՝ 10-րդ կետը), և չնայած խնամակալության դատավորի դրական եզրակացությանը, տեսակցությունների և նախապատրաստական հանդիպումների ժամանակ չէր թույլատրել առաջին գանգատաբերի ընտրած անկախ մասնագետի ներկայությունը (տե՜ս վերը՝ 106-07-րդ կետերը): Այդ մերժումների համար վերաբերելի հիմքերի առերևույթ բացակայությունից զատ, դրանք Անչափահասների դատարանին զրկել էին սոցիալական ծառայությունների կողմից կատարվող գործողությունները վերանայելու հնարավորությունից: 181. Կոնվենցիայի 8-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի դատարանների որոշումները սկզբունքորեն նպատակաուղղվեն ծնողների և երեխաների միջև տեսակցությունների կազմակերպմանը, որպեսզի նրանք կարողանան վերականգնել հարաբերությունները, որպեսզի արդյունավետ և ամբողջական ձևով իրականացվի ընտանիքի վերամիավորումը: Տեսակցություններ նշանակելու մասին որոշում կայացնելը որևէ տրամաբանական նպատակի չի ծառայի, եթե որոշման կատարման ձևն այնպիսին է, որ երեխան փաստացի անշրջելիորեն առանձնացվում է կենսաբանական ծնողից: Ըստ այդմ, իրավասու մարմինները, այս դեպքում՝ Անչափահասների դատարանը, պարտավոր են մշտական զգոնություն ցուցաբերել, հատկապես սոցիալական ծառայությունների գործողությունների նկատմամբ, որպեսզի ապահովեն, որպեսզի այդ ծառայությունների վարքագիծը չիմաստազրկի իրավասու մարմինների որոշումները: 182. Ի վերջո, հաշվի առնելով գործի նյութերը, Դատարանը չի կարող որևէ կշիռ վերագրել առաջին գանգատաբերի քրոջ արած և այլ ապացույցներով չհաստատվող հայտարարություններին (տե՜ս վերը՝ 117-րդ կետը): Ուստի, պատասխանող Կառավարությունը, որքան էլ չփորձի, չի կարող իրավասու մարմինների և սոցիալական ծառայությունների վարքագիծը բացատրել այդպիսի աղոտ տեղեկություններով, քանի որ թե՜ իրավասու մարմինների որոշումները, թե՜ Կառավարության զեկույցները որևէ հղում չեն պարունակում այդ հայտարարություններին: Դատարանը նաև հարկ է համարում նշել, որ գործի նյութերը իրարամերժ ապացույցներ են պարունակում առաջին գանգատաբերի և նրա նախկին ամուսնու ներկայիս հարաբերությունների վերաբերյալ (տե՜ս վերը՝ 97-րդ և 111-րդ կետերը): Այնուհանդերձ, գործի նյութերով որևէ կերպ չի հիմնավորվում այն հանգամանքը, որ առաջին գանգատաբերի և նրա նախկին ամուսնու ներկայիս հարաբերությունների անորոշությունը պետք է հանգեցներ այն եզրակացությանը, որ առաջին գանգատաբերն ի վիճակի չէ վերականգնել կապերն իր երեխաների հետ: Հարկ է նաև նշել, որ իրավասու մարմինների որոշումներից ոչ մեկը դրա վերաբերյալ բավարար տեղեկություններ չեն պարունակում: 183. Եզրափակելով, Դատարանը համարում է, որ իշխանություններն արդար հավասարակշռություն չեն ապահովել առաջին գանգատաբերի երեխաների շահերի և Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված՝ առաջին գանգատաբերի իրավունքների միջև: Հետևապես, այս առումով տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում: 3. Երեխաներին «Իլ Ֆորտետո» համայնքում տեղավորելու մասին որոշումը (ա) Դատարանի առջև ներկայացած անձանց փաստարկները (i) Առաջին գանգատաբերը 184. Առաջին գանգատաբերը պնդեց, որ «Իլ Ֆորտետո»-ի փիլիսոփայությունը, որի հիմքում կենսաբանական ընտանիքի մերժումն է, 1970-ականներից ի վեր էվոլյուցիա չի ապրել: «Իլ Ֆորտետո»-ի նպատակը եղել և մնում է երեխաներին կենսաբանական ընտանիքից առանձնացնելը, ինչը հաստատում էին նաև G.-ի նամակները: 185. Գործի նյութերից ակնհայտ էր, որ երեխաների՝ այնտեղ գտնվելու ողջ ընթացքում նրանց խնամել, ուղեկցել և վերահսկել էին L.R.F.-ը և L.G.-ն, որի մասին էր վկայում, օրինակ, L.G.-ի 1998թ. հունվարի 7-ի դատախազին ուղարկած նամակի տոնայնությունը: Այդպիսի նամակ կարող էր ուղարկել համայնքի նախագահը կամ խնամատար ծնողները, այլ ոչ՝ համայնքի մի անդամ, ով Կառավարության տրամադրած տեղեկությունների համաձայն շատ փոքր դեր ուներ երեխաների դաստիարակության գործում: 186. Առաջին գանգատաբերը նաև պնդում էր, թե իրականում խնամատար ծնողներ չկային, և երեխաներին իրականում հետում էին ոչ այն անձինք, ում Անչափահասների դատարանը վստահել էր նրանց խնամքը: Նշանակալից էր նաև այն փաստը, որ G.-ն իր նամակներում երբևէ չէր հիշատակել տկն. M.G.-ին: 187. Ինչ վերաբերում է «Իլ Ֆորտետո»-ի նկատմամբ իշխանությունների ենթադրյալ վերահսկողությանը, ապա առաջին գանգատաբերը պնդում էր, թե իրավասու մարմինները գործնականում չէին կազմում և ներկայացնում զեկույցներ Կառավարության նշած ժամկետներում: Այսպես, սոցիալական ծառայությունների առաջին զեկույցը կազմվել էր 1998թ. փետրվարին, երկրորդը՝ 1998թ. հունիսին, իսկ երրորդը՝ ընդամենը նոյեմբերին: 1999. Ավելին, 1983 թվականի թիվ 184 օրենքի 9-րդ բաժնով պահանջվող վեցամսյա ստուգումները տեղի չէին ունեցել: 188. Վերջապես, առաջին գանգատաբերը նշում էր, որ «Իլ Ֆորտետո»-ին ըստ երևույթին զգալի ազատություն էր ընձեռվել՝ որոշումներ կայացնելու իր խնամքի ներքո գտնվող երեխաների պայմանների վերաբերյալ, ինչպես նաև՝ այն լուրջ օժանդակություն էր ստանում սոցիալական ծառայություններից: Այդ փաստը և իրավասու մարմինների որոշումների իրագործման ուշացումները վտանգում էին նշված որոշումների արդյունավետ կատարումը: (ii) Բելգիայի կառավարությունը 189. Բելգիայի կառավարությունն առաջին հերթին նշեց, որ «Իլ Ֆորտետո»-ի երկու ղեկավարները, ովքեր դատապարտվել էին 1985 թվականին, չէին ռեհաբիլիտացվել, և քրեական վարույթի ժամանակ Իտալիայի իշխանությունները շարունակում էին նրանց խնամքին վստահել անչափահասների: Բելգիայի կառավարությունն ավելացրեց, որ հակառակ Իտալիայի կառավարության պնդումներին, գործի նյութերից ակնհայտ էր, որ երկու ղեկավարներն ակտիվ դերակատարում էին ունեցել առաջին գանգատաբերի երեխաներին առնչվող վարույթում: 190. Չհաստատելով գանգատաբերների շտապողական եզրակացություններն առ այն, թե L.R.F.-ը և L.G.-ն շարունակում էին հանցանքներ գործել երեխաների նկատմամբ, Բելգիայի կառավարությունը համարում էր, որ խնամքի կարգադրություններն այնքան լուրջ միջամտություն են ընտանեկան կյանքի ոլորտի նկատմամբ, որ դրանց իրագործումը պետք է կազմակերպել որևիցե կասկածից վեր կանգնած կառույցի շրջանակում: Կոնվենցիայի 6-րդ հոդվածին համապատասխան, ուստի, էական էր նաև արտաքուստ տպավորությունը: Հետևապես, կյանքի դժվարին վիճակներում գտնվող անչափահասների խնամատարությունն իրականացնող կառույցները պետք է ամենայն կերպ երաշխավորեն, որ իրենք հուսալի են և բանիմաց: Կառույցի ներսում դատվածություն ունեցող անձանց ներկայությունը, չնայած այդ դատվածությունների վաղեմությանը, լրջորեն սասանում է վստահության այն մակարդակը, որին պետք է ձգտեն նման կառույցները: 191. Բելգիայի կառավարությունը նշեց նաև, որ «Իլ Ֆորտետո»-ն շահույթի նպատակ հետապնդող առևտրային գործունեություն էր իրականացնում, որը բնավ համատեղելի չէր անչափահասների սոցիալական բարօրությանն աջակցելու նպատակներին: Խնամքի կարգադրություններ արձակելու հարցի վերաբերյալ դատարաններին խորհուրդներ տվող խորհրդատվական հանձնաժողովների կազմում դրա անդամների մասնակցությունը դժվար կլիներ նպատակահարմար անվանել: 192. Ի վերջո, «Իլ Ֆորտետո»-ում օգտագործվող մեթոդներն ըստ երևույթին ուղղված էին երեխաների և կենսաբանական ընտանիքի միջև հարաբերությունները խզելուն: Դա ըստ երևույթին համահունչ չէր Կոնվենցիայի 8-րդ հոդվածից անուղղակիորեն բխող՝ ընտանիքի շրջանակում խնամատարություն իրականացնելու սկզբունքի ոգուն: (iii) Իտալիայի կառավարությունը 193. Պատասխանող Կառավարությունն ընդունեց այն փաստը, որ երեխաներին «Իլ Ֆորտետո»-ում տեղավորելու մասին որոշումը կայացնելիս իրավասու մարմինները հավանաբար տեղյակ էին եղել L.R.F.-ի և L.G.-ի դատվածությունների մասին: Այնուհանդերձ, Կառավարությունը շեշտեց, որ Տոսկանիայի հանրային կարծիքի համաձայն, տվյալ երկու անձանց ներկայացված մեղադրանքը համարվել էր «Իլ Ֆորտետո»-ի կողմնակիցների և հակառակորդների միջև ընթացող «մարտական գործողությունների» շարունակությունը: Ավելին, աշխատատար դատավարության ավարտին, որին երկու անգամ միջամտել էր Վճռաբեկ դատարանը, երկու անձինք մեղադրանքի 13 կետերից 10-ով արդարացվել էին: Ինչ վերաբերում է այն հանցագործություններին, որոնց համար դատապարտվել էին L.R.F.-ն և L.G.-ն, Կառավարությունը նշեց, որ վերանայման միջնորդություն ներկայացնելու համար անհրաժեշտ ապացույցներ հավաքելու համար շուտով ստեղծվելու էր հանձնաժողով: Նրանցից ոչ մեկը 1985 թվականի դատվածություններից հետո նոր հանցանք չէր գործել: 194. Ավելին, «Իլ Ֆորտետո»-ն վայելում էր տեղական և տարածքային կառույցներից շատերի վստահությունը, և այնտեղ բազմաթիվ ուսումնասիրություններ էին անցկացվել: Կառավարությունը, մասնավորապես, մեջբերում արեց Իտալիայի ամենահայտնի հրատարակչություններից մեկում՝ «Il Mulino»-ում հրապարակված հոդվածից, որի հիմքում երեխաների գծով մասնագիտացող հոգեբանների, բժիշկների, սոցիոլոգների և նյարդահոգեբույժների կողմից տեղում իրականացված հետազոտություններն էին: Ավելին, «Իլ Ֆորտետո»-ում տեղավորված երեխաների պարագայում ստացված դրական արդյունքների հիման վրա ուսումնասիրություններ էին կատարել նաև այլ պետությունների կառույցները: Անգամ Ֆլորենցիայի վերաքննիչ դատարանը 1985թ. դատավճռում կարևորել էր «Իլ Ֆորտետո»-ում ստացված դրական արդյունքների մասին վկայող բազմաթիվ ականատեսների ցուցմունքները: Անչափահասների դատարանի համապատասխան դատավորը չէր նկատել համայնքին կամ դրա անդամներին առնչվող որևէ բացասական երևույթ: «Իլ Ֆորտետո»-ն նաև վերահսկվում էր զբաղվածության նախարարության կողմից, որը վերջին տեսչական ստուգման ընթացքում խնդիրներ չէր նկատել: Տեսչական ստուգումներ էին անցկացնում նաև շրջանը և մարզը: Ցանկացած պարագայում, անչափահասներն «Իլ Ֆորտետո»-ում սերտորեն վերահսկվում էին սոցիալական ծառայությունների համապատասխան վարչությունների մասին, և ընթացքի մասին մշտապես տեղեկացվում էր Անչափահասների դատարանը: 195. Այդ ֆոնի վրա, անէական էին դառնում ավելի քան 20 տարվա վաղեմություն ունեցող դատվածությունները: 196. Ավելին, ո՜չ L.R.F.-ը, ո՜չ L.G.-ն որևէ դեր չէին կատարել համայնքի խնամքին հանձնված անչափահասների վերականգնման ծրագրերում: Ընդհակառակը, այդ խնդիրը վերապահված էր Անչափահասների դատարանի հսկողության ներքո աշխատող բազմաթիվ սոցիալական աշխատողներին և մասնագիտացված թիմերին: Պրն. G.C.-ն և տկն. M.G.-ն խնամում էին երեխաներին և սոցիալական ծառայությունների համաձայնությամբ օգնություն էին ստանում տկն. M.C.-G.-ից՝ պրն. L.G.-ի կնոջից, իսկ երեխաների դպրոցի դասերի առնչությամբ՝ պրն. S.-ից (երեխաները հաճախում էին մոտակայքում գտնվող պետական դպրոց): Տարբեր հանդիպումների ընթացքում երեխաները նախապատրաստվում էին մոր և տատիկի հետ շփումներին: 197. Ինչ վերաբերում է ավագ երեխայի գրած նամակներին, Կառավարությունը համարեց, որ դրանցից մեկը խնամատար ծնողների և պրն. R.-ի ներկայությամբ գրելու փաստը որևէ նշանակություն չունի, քանի որ երեխայի կարիքները փոխվել էին, և նա հաճախ էր քննադատում ծնողներին, հատկապես՝ մորը, նրա համար, որ ծնողներն իրեն չէին օգնել այն բանից հետո, երբ տղան նրանց տեղեկացրել էր ընտանեկան ընկերներից մեկի կողմից իր նկատմամբ տեղի ունեցած սեռական ոտնձգության մասին: Ինչ վերաբերում է 1999թ. մարտի 2-ի նամակին, ապա Կառավարությունը՝ հիմնվելով դրա վերաբերյալ հոգեբանների եզրակացության վրա, պնդեց, թե ավագ երեխայի ստորագրությունը, որին նա ավելացրել էր խնամատար ծնողներից մեկի ազգանունը, վկայում էր իրեն խնամող անձանց նկատմամբ երեխայի դրական վերաբերմունքի մասին: 198. Կառավարությունն ընդգծեց նաև, որ գործի նյութերում ներառված մի շարք ապացույցները վկայում էին այն մասին, որ երեխաների հոգեբանական վիճակը մշտապես և զգալիորեն բարելավվում էր: 199. Կառավարությունը եզրափակեց՝ ասելով, թե առաջին գանգատաբերի երեխաներին «Իլ Ֆորտետո»-ում տեղավորելը դրական էր համարվում շահագրգիռ բոլոր ծառայությունների կողմմից, և որ այն վայելում էր Անչափահասների դատարանի վստահությունը: Ցանկացած պարագայում, նման բարդ և համալիր ծրագիրը փոխելու որևէ հիմքեր չկային՝ հատկապես հաշվի առնելով առաջին գանգատաբերի կողմից համագործակցության բացակայությունը: (iv) Հանձնաժողովը 200. Հանձնաժողովը տեսակետ էր հայտնել, թե համայնքի տվյալ երկու անդամների՝ «Իլ Ֆորտետո»-ում կարևոր պաշտոններ զբաղեցնելը շարունակելու փաստը մտահոգության տեղիք է տալիս: Այն նկատեց, սակայն, որ առաջին գանգատաբերի երեխաները չէին հանձնվել համայնքի այդ ղեկավարների խնամքին, որից զատ ճշմարիտ համարեց այն պնդումը, որ հանցագործությունների համար նրանց դատվածությունները 20 տարվա վաղեմություն ունեին, և գործի նյութերը որևէ կերպ չէին հիմնավորում այն եզրակացությունը, թե այդ անձինք հետագայում կատարել են նույնաբնույթ այլ արարքներ կամ, որ ավելի կարևոր է, ուղղակի հսկողություն են իրականացրել երեխաների նկատմամբ կամ վճռորոշ ազդեցություն են ունեցել խնամատար ծնողների նկատմամբ: Հանձնաժողովը նաև համարեց, որ երեխաների առողջական վիճակի բարելավումը վկայում էր այն մասին, որ այլևս դադարած կարող է համարվել այն ռիսկը, որ իշխանությունների կողմից «Իլ Ֆորտետո»-ի ընտրությունը կարող էր ակնհայտորեն հակասել երեխաների շահերին: (բ) Դատարանի գնահատականը 201. Դատարանն առաջին հերթին հարկ է համարում կրկնել իր նախկին որոշումներում ամրագրված որոշակի սկզբունքներ, որոնք կարող են օգնել՝ ավելի լավ ընկալելու գանգատի այս մասի առնչությամբ ծագող բարդ խնդիրները: Մասնավորապես, Johansen-ն ընդդ. Նորվեգիայի գործով կայացված և վերը մեջբերված դատավճռում Դատարանը նշել էր (pp. 1003-04, § 64). «... Դատարանը հաշվի կառնի այն փաստը, որ երեխաների խնամքին պետական մարմինների միջամտության նպատակահարմարության մասին պատկերացումները Պայմանավորվող պետությունների միջև տարբերվում են՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են ընտանիքի դերին և ընտանեկան գործերին պետության միջամտությանն առնչվող ավանդույթները, ինչպես նաև կոնկրետ այս ոլորտում պետական միջոցառումների համար ռեսուրսների առկայությունը: Այնուամենայնիվ, ցանկացած պարագայում լրջագույն կարևորություն ունի երեխայի լավագույն շահերի դիտարկումը: Ավելին, պետք է մտապահել, որ ազգային իրավասու մարմինները հնարավորություն ունեն ուղղակիորեն շփվելու բոլոր շահագրգիռ անձանց հետ... հաճախ՝ հենց այն փուլում, որում նախատեսվում են խնամքի միջոցառումները, կամ դրանց իրագործումից անմիջապես հետո: Այդ նկատառումներից բխում է, որ Դատարանի խնդիրը չէ՝ ներպետական իրավասու մարմինների փոխարեն իրականացնել երեխաների պետական խնամքը և խնամքի հանձնված երեխաների ծնողների իրավունքները կարգավորելու պարտականությունները, այլև՝ Կոնվենցիայի համաձայն վերանայել այն որոշումները, որոնք իրավասու մարմինները կայացրել են իրենց հայեցողական լիազորություններն իրականացնելու շրջանակում... Այս պարագայում իրավասու ազգային մարմիններին վերապահվելիք հայեցողության շրջանակը տարբերվում է՝ հաշվի առնելով խնդիրների բնույթը և քննարկվող շահերի կարևորությունը... Այսպիսով, Դատարանն ընդունում է, որ իշխանությունները հայեցողության լայն շրջանակ ունեն երեխային խնամքի հանձնելու անհրաժեշտությունը որոշելու հարցում: Այնուամենայնիվ, ավելի խիստ քննարկման առարկա պետք է դարձնել թե՜ լրացուցիչ սահմանափակումները, օրինակ՝ ծնողների իրավունքների և տեսակցությունների նկատմամբ այդ իշխանությունների կիրառած սահմանափակումները, թե՜ ընտանեկան կյանքի առնչությամբ ծնողների և երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ապահովելու իրավական երաշխիքները: Այդ լրացուցիչ սահմանափակումները հղի են ծնողի և մանկահասակ երեխայի միջև հարաբերությունները փաստացի խզելու վտանգով»: 202. Դատարանը հարկ է համարում նշել, որ «Իլ Ֆորտետո»-ի հիմնական ղեկավարներից և համահիմնադիրներից երկուսը դատապարտվել են 1985 թվականին Ֆլորենցիայի վերաքննիչ դատարանի կողմից՝ համայնքում բնակվող երեք հաշմանդամ անձաննց նկատմամբ դաժան վերաբերմունքի և սեռական ոտնձգությունների համար: Նրանք համաներվել էին կեղծիքով որպես Բեռնի և Ցյուրիխի համալսարանների դիպլոմներ ունեցող հոգեբաններ ներկայանալու ենթադրյալ հանցագործության մասով (տե՜ս վերը՝ 32-րդ և 33-րդ կետերը): Այդ դատվածությունների փաստը հաստատված է, քանի որ գործի նյութերում առկա է Վերաքննիչ դատարանի դատավճռի ամբողջական տարբերակը, որն ուժի մեջ էր թողնվել Վճռաբեկ դատարանի կողմից: Ըստ այդմ, Դատարանը չի կարող կշիռ վերագրել Կառավարության այն փաստարկին, թե դատական քննությունը վերաբացելու համար ապացույցներ հավաքելու նպատակով ստեղծվում է հանձնաժողով (որի մանրամասները չեն ներկայացվում): Դատարանը նաև վերաբերելի չի համարում դատաքննության ժամանակ Տոսկանիայի հանրային կարծիքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկությունները (տե՜ս վերը՝ 193-րդ կետը): 203. Դատարանից չի պահանջվում կարծիք հայտնել որպես այդպիսին «Իլ Ֆորտետո»-ի կամ համայնքում տեղավորված երեխաների համար իրականացվող խնամքի ընդհանուր որակի մասին: Դատարանի խնդիրը չէ՝ կարծիք հայտնել այն մասին, թե արդյոք «Իլ Ֆորտետո»-ի նկատմամբմի շարք կառույցների վստահությունը հիմնավորված է: Ավելին, թեպետ Ֆլորենցիայի վերաքննիչ դատարանի 1985 թվականի դատավճիռը տեղեկություններ է բացահայտում 1970-ականների վերջերին «Իլ Ֆորտետո»-ում տիրող մթնոլորտի և գործելակերպի մասին, այդ տեղեկությունները վերաբերում են համայնքում ավելի քան 20 տարի առաջ եղած իրավիճակին և Դատարանը չունի որևէ տեղեկություններ, որոնց հիման վրա կկարողանար կարծիք արտահայտել «Իլ Ֆորտետո»-ի այսօրվա իրավիճակի մասին: Ցանկացած պարագայում, Դատարանի խնդիրը չէ՝ ներգրավվել «Իլ Ֆորտետո»-ի կողմնակիցների և հակառակորդների բանավեճին: 204. Այնուամենայնիվ, այն փաստը, որ համայնքի 1985 թվականին դատապարտված երկու անդամները շարունակում են պատասխանատու պաշտոններ զբաղեցնել համայնքում չի կարող անվնաս համարվել, և գործնական իմաստով նշանակում է, որ անհրաժեշտ է մանրամասնորեն ուսումնասիրել առաջին գանգատաբերի երեխաների կոնկրետ վիճակը: 205. Դատարանը նշում է, որ հակառակ պատասխանող Կառավարության պնդումներին, գործի նյութերում առկա ապացույցները ցույց են տալիս, որ տվյալ երկու ղեկավարները շատ ակտիվ դերակատարում ունեն առաջին գանգատաբերի երեխաների առնչությամբ: –L.R.F.-ը մասնակցել էր 1997թ. սեպտեմբերի 8-ի հանդիպմանը, որի ավարտին սոցիալական ծառայությունները Ֆլորենցիայի անչափահասների դատարանին խորհուրդ էին տվել առաջին գանգատաբերի երեխաներին տեղավորել «Իլ Ֆորտետո»-ում (տե՜ս վերը՝ 35-րդ կետը): – 1997թ. դեկտեմբերի 15-ի հարցազրույցի ժամանակ ավագ երեխային ուղեկցում էր, ի թիվս այլ անձանց, տկն. M.C.-G.-ն, ում վերաբերյալ Կառավարությունն ընդունել է (տե՜ս վերը՝ 114-րդ և 196-րդ կետերը), որ նա փաստացի L.G.-ի կինն է (տե՜ս վերը՝ 56-րդ կետը): – «Իլ Ֆորտետո»-ում երեխաներին տեսակցելու փորձ կատարելու ժամանակ առաջին գանգատաբերի և նրա նախկին ամուսնու պատճառով ենթադրաբար տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ դատախազին և Անչափահասների դատարանին ուղղված 1998թ. հունվարի 7-ի նամակը ստորագրել էր L.G.-ն (տե՜ս վերը՝ 53-րդ կետը): –1998թ. հունիսի 29-ին L.R.F.-ը մանրակրկիտ նամակ էր գրել «Իլ Ֆորտետո»-ի անունից առաջին գանգատաբերի երեխաների վերաբերյալ՝ խորհուրդ տալով հետաձգել կրտսեր երեխայի համար նշանակված տեսակցությունները (տե՜ս վերը՝ 65-րդ կետը): 206. Դատարանը համարում է, որ այդ փաստերն ակնհայտորեն վկայում են առաջին գանգատաբերի երեխաների խնամքում համայնքի այդ երկու անդամների ունեցած ակտիվ դերակատարման մասին: Դատարանը լուրջ վերապահումներ ունի այն փաստի առնչությամբ, որ երեխաներին խնամքի վերցնելու ուղղությամբ պետական իրավասու մարմինների ձեռնարկած միջոցառումների շրջանակում նախկինում՝ թեկուզ 20 տարի առաջ, իրենց խնամքին վստահված անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի և չարաշահումների համար դատված երկու անձինք կարող են նման ակտիվ դեր կատարել միևնույն համայնքում: 207. Դատարանի վերապահումները հաստատվում են այն փաստով, որ ինչպես ընդունեց Կառավարությունը (տե՜ս վերը՝ 193-րդ կետը), Անչափահասների դատարանն առաջին գանգատաբերի երեխաներին առնչվող որոշումները կայացնելիս տեղյակ է եղել համայնքի տվյալ երկու անդամների նախկին դատվածությունների մասին: Այդ վերապահումները չեն փարատվում, չնայած այն հանգամանքին, որ ո՜չ L.R.F.-ը, ո՜չ L.G.-ն 1985 թվականից ի վեր նոր հանցանքներ չեն գործել, և գործի նյութերում չկան որևէ փաստեր, որոնք ցույց կտային, որ նրանք կամ համայնքի որևէ այլ անդամներ կամ այնտեղ գտնվող այլ անձինք բռնություն կամ դաժանություն են գործադրել առաջին գանգատաբերի կամ «Իլ Ֆորտետո»-ում մնացող այլ երեխաների նկատմամբ: Նպաստող լրացուցիչ գործոն է նախկինում ավագ երեխայի նկատմամբ տեղի ունեցած սեռական բռնությունը (տե՜ս վերը՝ 14-19-րդ կետերը): Այդ երկու գործոնների (ավագ երեխայի նկատմամբ նախկինում տեղի ունեցած սեռական բռնությունը և L.R.F.-ի և L.G.-ի հանցավոր անցյալը) համակցությունը լիովին հիմնավորում են առաջին գանգատաբերի մտահոգություններն «Իլ Ֆորտետո»-ում իր երեխաների տեղավորման առնչությամբ՝ դրանք հասկանալի դարձնելով օբյեկտիվ տեսանկյունից, հատկապես եթե հաշվի առնենք նրա՝ որպես սեփական երեխաներից առանձնացված մոր դիրքորոշումը: 208. Հարկ է նշել նաև, որ իշխանություններն առաջին գանգատաբերին այդպես էլ չեն բացատրել, թե ինչու, չնայած այդ մարդկանց դատվածություններին, երեխաներին «Իլ Ֆորտետո» ուղարկելը խնդիր չի առաջացրել: Դատարանը գտնում է, որ նման բացատրություն չտալը համատեղելի չէ ընտանեկան կյանքի նման զգայուն և նուրբ ոլորտում միջամտող լուրջ միջոցառումներ իրականացնելիս արդար կերպով գործելու և տեղեկություններ տրամադրելու՝ պետությունների կրած պարտավորություններին: Եթե համապատասխան իրավասու մարմինները չեն տալիս լիարժեք և վերաբերելի բացատրություններ, ապա ծնողներին չպետք է ստիպել՝ ինչպես սույնով գործով էր արվել, որպեսզի նրանք պարզապես կողմնակի դիտորդի կարգավիճակով հետևեն, թե ինչպես է իրենց երեխաների խնամքը վստահվում մի համայնքի, որի ղեկավարներից ոմանք նախկինում դատված են դաժան վերաբերմունքի և սեռական ոտնձգության ծանր հանցագործությունների համար: Իրավիճակը բարդացել է հետևյալ երկու հանգամանքների հետևանքով: 209. Նախ, «Իլ Ֆորտետո»-ի ղեկավարներից ոմանք, ներառյալ՝ 1985 թվականին դատված երկու տղամարդկանցից մեկը, ըստ երևույթին էապես նպաստել են առաջին գանգատաբերի և վերջինիս երեխաների միջև տեսակցությունները հնարավոր դարձնելու մասին Ֆլորենցիայի անչափահասների դատարանի որոշումների իրագործումը ձգձգելուն կամ խոչընդոտելուն: Այսպես, գործի նյութերից երևում է, որ առաջին գանգատաբերին կրտսեր որդու հետ տեսակցությունը թույլատրող՝ 1997թ. սեպտեմբերի 9-ի որոշումից հետո, նախքան M.-ի հետ տեսակցությունների վերսկսման համար նախապատրաստական ծրագրի մասնակցելու նախապայմանը սահմանող՝ Անչափահասների դատարանի 1998թ. մարտի 15-ի վերջնական որոշման կայացումը, «Իլ Ֆորտետո»-ի ղեկավարները, արհամարհելով Անչափահասների դատարանի որոշման կիրառելի դրույթները, ըստ երևույթին կանխել են առաջին գանգատաբերի տեսակցությունները երկու երեխաներից որևէ մեկի, հատկապես՝ կրտսեր երեխայի հետ: Այդ վարքագիծը Դատարանի կարծիքով անընդունելի է: Բացի դրանից, տպավորություն է առաջանում, որ L.R.F.-ի կողմից 1998թ. հունիսի 29-ին դատախազի տեղակալին ուղարկված նամակը, որում նա խորհուրդ էր տալիս հետաձգել շփումները, ինչպես նաև՝ դրանից ընդամենը երեք օր անց դատախազի տեղակալի կողմից Անչափահասների դատարանին ուղարկված նամակ, որոնցում անուղղակիորեն խորհուրդ էր տրվում հետաձգել նշանակված տեսակցությունները (որոնց մասին դատախազը նշել էր, որ տեղյակ է) (տե՜ս վերը՝ 66-րդ և 171-րդ կետերը) որոշակիորեն կապված էին միմյանց հետ: 210. Երկրորդ, ապացույցները վկայում են, որ առաջին գանգատաբերի երեխաները ծանրակշիռ ազդեցության էին ենթարկվել «Իլ Ֆորտետո»-ի ղեկավարների, ներառյալ՝ 1985թ. դատված երկու տղամարդկանցից մեկի կողմից: Այդ ազդեցությունը գործադրելու նպատակն էր եղել տղաներին, հատկապես՝ ավագ տղային, մորից օտարելը: Այսպես, Դատարանն արձանագրում է, մասնավորապես, որ վերջինս 1999թ. փետրվարի 27-ին մասնագետի հետ հանդիպման ժամանակ ընդունել էր, որ դատախազություն ուղարկված նամակը գրվել էր որոշ անձանց ներկայությամբ, ներառյալ՝ մեկ անձի, ում անունը համընկնում էր L.R.F.-ի անվան հետ: Դատարանը չի կարող տեսակետ արտահայտել ավագ երեխայի նամակներում արված պնդումների իսկության վերաբերյալ: Այնուամենայնիվ, 12 տարեկան տղայի կողմից դատարանի նախագահին կամ դատախազին նամակներ գրելու ընթացքում մեծահասակների, ամենայն հավանակնությամբ ներառյալ՝ L.R.F.-ի ներկայությունը, օբյեկտիվորեն չի կարող համարվել ոչ նշանակալից հանգամանք: Այսպիսով, Դատարանը մտահոգիչ է համարում մոր նկատմամբ վերաբերմունքի, հատկապես՝ ավագ երեխայի վերաբերմունքի փոփոխությունները (նման փոփոխության օրինակ կարելի է տեսնել 1999թ. մարտի 2-ի նամակում, տե՜ս վերը՝ 87-րդ կետը, իսկ այդ նամակն ուղարկվել էր 1999թ. փետրվարի 27-ից չորս օր անց, երբ նա մասնագետին հայտնել էր (տե՜ս վերը՝ 116-րդ կետը), որ ուրախ կլինի կրկին տեսնել մորը): 211. Դատարանը գտնում է, որ փաստերը վկայում են այն մասին, որ «Իլ Ֆորտետո»-ում առաջին գանգատաբերի երեխաների խնամքի պատասխանատու ղեկավարներն օգնել են՝ Անչափահասների դատարանի որոշման կատարումը շեղելու որոշման բուն նպատակից, այն է՝ տեսակցությունները հնարավոր դարձնելուց: Ավելին, հայտնի չէ, թե «Իլ Ֆորտետո»-ում փաստացի ով է զբաղվում երեխաների խնամքով, քանի որ տարածքից դուրս երեխաներին ուղեկցող տարբեր անձինք ըստ երևույթին պարզապես խնամատար ծնողներին օգնողներ չեն՝ ի հեճուկս դրա վերաբերյալ Կառավարության պնդումներին (տե՜ս վերը՝ 196-րդ կետը), քանի որ նրանք տարբեր փաստաթղթերում նշվում են որպես խնամատար ծնողներ (տե՜ս վերը՝ 56-րդ, 60-րդ և 68-րդ կետերը): Այդ կասկածը հաստատվում է պաշտոնապես նշանակված երկու փորձագետների տված ապացույցներով, որոնք Կառավարությունը չի վիճարկել (տե՜ս վերը՝ 43-րդ կետը): 212. Այդ իրավիճակը և համապատասխան ղեկավարների հանցավոր անցյալը պետք է որ հուշած լիներ Անչափահասների դատարանին՝ խստացնելու իր վերահսկողությունն «Իլ Ֆորտետո»-ում երեխաների խնամքի իրականացման նկատմամբ, ինչպես նաև երեխաների վրա և երեխաների ու իրենց մոր հետ հարաբերությունների վրա տվյալ ղեկավարների ազդեցության նկատմամբ: Դա, սակայն, տեղի չի ունեցել: Տվյալ ղեկավարները գործնականում աշխատում են մի համայնքում, որը զգալի ազատություն է վայելում և ըստ երևույթին արդյունավետ վերահսկողության չի ենթարկվում իրավասու մարմինների կողմից: Այդ առումով, Դատարանը հարկ է համարում նաև նշել, որ պատասխանող Կառավարությունը չի ներկայացրել բավարար ապացույցներ՝ հիմնավորելու համար, որ փաստացի տեղի են ունեցել վեցամսյա ստուգումներ խնամակալության դատավորի կողմից, որոնք պահանջվում են 1983թ. թիվ 184 օրենքի 9-րդ բաժնով: Իսկապես, պատասխանող Կառավարությունը չի ներկայացրել նման ստուգումների վերաբերյալ խնամակալության դատավորի կազմած որևէ զեկույցներ: 213. Ավելին, «Իլ Ֆորտետո»-ում երեխաների համար պատասխանատու անձանց, ներառյալ՝ 1985թ. դատված երկու ղեկավարների վարքագծի և վերաբերմունքի բացասական ազդեցությունը երեխաների մոր հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարի վրա համակցվել է սոցիալական ծառայությունների վերոհիշյալ բացասական վերաբերմունքի հետ, և մասամբ հենց այդ գործոնների համակցությունն է առաջին գանգատաբերին և նրա երեխաների ապագայում երբևէ վերամիավորվելու լուրջ հեռանկարից զրկելու պատճառը: 214. Ինչ վերաբերում է «Իլ Ֆորտետո»-ում երեխաների մնալու ժամանակային սահմանափակման բացակայությանը, ապա փորձը ցույց է տալիս, որ երբ երեխաները տևական ժամանակով մնում են որոշակի համայնքի խնամքի ներքո, նրանցից շատերը երբևէ չեն վերադառնում իրական ընտանեկան կյանքի՝ համայնքից դուրս: Ըստ այդմ, Դատարանը չի տեսնում առաջին գանգատաբերի երեխաների խնամքի մասին որոշումը որոշակի ժամկետով չսահմանափակելու հիմնավորումը, հատկապես՝ հաշվի առնելով, որ դա չանելն ըստ երևույթին հակասում է Իտալիայի օրենսդրության, մասնավորապես՝ 1983թ. թիվ 184 օրենքի 4-րդ բաժնի պահանջներին: 215. Փաստն այն է, որ խնամքի որոշման ժամկետային սահմանափակման բացակայությունը, «Իլ Ֆորտետո»-ում երեխաների խնամքի համար պատասխանատու անձանց բացասական վերաբերմունքը, ինչպես նաև՝ սոցիալական ծառայությունների վերաբերմունքը և վարքագիծն առաջին գանգատաբերի երեխաներին ներկայումս մղում են մորից անշրջելիորեն առանձնանալու և «Իլ Ֆորտետո»-ում երկարաժամկետ հիմունքներով ինտեգրվելու ուղղությամբ: Թեպետ մի շարք գործոններ վկայում են այն մասին, որ տեղավորումից ի վեր զգալիորեն բարելավվել է երեխաների հոգեբանական և ֆիզիկական վիճակը (տե՜ս վերը՝ 118-22-րդ կետերը), այդ գործընթացը, որի մասին հարկ է նշել, որ այն թուլացնում է գործով զբաղվող դատարանների և նրանց որոշումների դերակատարումը, հղի է առաջին գանգատաբերի և նրա երեխաների միջև հարաբերությունների խզման իրական վտանգով: 216. Հետևապես, Դատարանը համարում է, որ իշխանությունները չեն դրսևորել նման նուրբ և զգայուն իրավիճակում պահանջվող շրջահայացության և ջանասիրության մակարդակը, ընդ որում՝ դա չանելով վնաս են պատճառել ոչ միայն առաջին գանգատաբերի իրավունքներին, այլ նաև՝ երեխաների գերակա շահերին: Ըստ այդմ, վերը նկարագրված հանգամանքներում, երեխաներին մինչ օրս շարունակաբար «Իլ Ֆորտետո»-ում տեղավորելը չի բավարարում Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջները: 4. Երկրորդ գանգատաբերի դիրքորոշումը (ա) Դատարանի առջև ներկայացած անձանց փաստարկները (i) Երկրորդ գանգատաբերը 217. Երկրորդ գանգատաբերը սկզբում պնդեց, որ խախտվել է 1983թ. թիվ 184 օրենքի 12-րդ բաժինը, որն երեխաների խնամատարության առաջնահերթ իրավունք է վերապահում հայտնի հասցե ունեցող մերձավոր ազգականներին, քանի որ հաշվի չի առնվել երեխաների՝ իր հետ բնակվելու հնարավորությունը: Այդ առնչությամբ նա ասաց, որ G.-ն բնակվել է իր հետ մինչև 1992 թվականը, և որ իրենք գերազանց հարաբերություններ են ունեցել: 218. Ավելացրեց, որ Անչափահասների դատարանի հանձնարարությունը կատարելու նպատակով ինքը տեղափոխվել է Իտալիա, որտեղ բնակվել է սեփական բնակարանում՝ ոչ իր դստեր հետ: Չնայած այդ փաստին, իշխանությունները շարունակել են նրա նկատմամբ որևէ վստահություն չցուցաբերել, քանի որ համարել են, որ նա անկախ չէ դստերից: (ii) Իտալիայի կառավարությունը 219. Իտալիայի կառավարությունը՝ չհերքելով, որ երկրորդ գանգատաբերի և թոռների միջև հարաբերությունը տեղավորվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված՝ ընտանեկան կյանքի հարգման իրավունքի շրջանակի մեջ, պնդեց, որ իշխանությունները քննարկել են երկրորդ գանգատաբերի դիմումները և աշխատում են երեխաների և տատիկի միջև հարաբերությունների աստիճանական վերականգնման ուղղությամբ: Այնուհանդերձ, վերջին զարգացումները, հատկապես՝ նախապատրաստական առաջին հանդիպման չեղարկումից հետո երկրորդ գանգատաբերի կողմից սոցիալական ծառայությունների հետ կապ հաստատելու ուշացումները, Կառավարությանկարծիքով վկայում էին երեխաներին փաստացի խնամելու իրական ցանկության պակասի մասին: Անդրադառնալով սոցիալական ծառայությունների տված բացատրությանը, Կառավարությունը պնդեց նաև, թե անհրաժեշտ է առաջնահերթ համարել մոր տեսակցությունների նախապատրաստումը: (iii) Հանձնաժողովը 220. Հանձնաժողովը համարել էր, որ երեխաներին իր խնամքին հանձնելու վերաբերյալ երկրորդ գանգատաբերի միջնորդությանը չպատասխանելու մասին իշխանությունների որոշումն ունեցել է համապատասխան հիմքեր, մասնավորապես՝ այն փաստը, որ ցանկալի չէր լինի, որպեսզի իշխանություններն իսպառ կորցնեն երեխաների վիճակը հսկելու հնարավորությունը: Բացի դրանից, Հանձնաժողովը նաև նշել էր, որ երկրորդ գանգատաբերի վարքագիծն անհետևողական է: (բ) Դատարանի գնահատականը 221. Դատարանն առաջին հերթին հարկ է համարում նշել, որ կողմերը համակարծիք են, որ երկրորդ գանգատաբերի և նրա թոռների միջև հարաբերություններին վերաբերող խնդիրների նկատմամբ իսկապես կիրառելի է Կոնվենցիայի 8-րդ հոդվածը: Դատարանն այդ առնչությամբ նաև մատնանշում է, որ «ընտանեկան կյանքն» 8-րդ հոդվածի իմաստով ներառում է առնվազն մերձավոր ազգականների, օրինակ՝ թոռների և պապիկների ու տատիկների միջև կապերը, քանի որ այդ ազգականները կարող են զգալի դերակատարում ունենալ ընտանեկան կյանքում: «Ընտանեկան կյանքի հարգման նման ընկալումից բխում է նաև, որ պետությունը պարտավոր է գործել այնպես, որպեսզի հնարավոր դարձնի այդ կապերի բնականոն զարգացումը» (տե՜ս Marckx-ն ընդդ. Բելգիայի գործով 1979թ. հունիսի 13-ի դատավճիռը, Series A no. 31, p. 21, § 45): 222. Ինչ վերաբերում է երեխաներին իր խնամքին հանձնելու մասին երկրորդ գանգատաբերի միջնորդությանը, ապա Դատարանը նշում է, որ 1983թ. թիվ 184 օրենքի 12-րդ բաժնի համաձայն առաջնային է համարվում երեխաներին ընտանիքի՝ հայտնի հասցեով բնակվող մերձավոր անդամների խնամքին հանձնելու տարբերակը: Դատարանը նշում է, սակայն, որ գործի նյութերում առկա ապացույցները վկայում են, որ երկրորդ գանգատաբերը լուրջ դժվարություններ կունենար երեխաների պատշաճ խնամքը կազմակերպելու հարցում: Նա չէր կարողացել ներկայանալ երեխաների հետ տեսակցելուց առաջ կազմակերպված նախապատրաստական խորհրդատվության առաջին ծրագրի հանդիպմանը, քանի որ բնակվում էր Բելգիայում (տե՜ս վերը՝ 75-րդ կետը): Իտալիա տեղափոխվելուց հետո նա ստիպված էր եղել 1999թ.աշնանը վերադառնալ Բելգիա հաշմանդամության նպաստին առնչվող վարչական խնդիրները լուծելու համար, քանի որ դեռևս իր խնամքի ներքո գտնվող հաշմանդամ որդու համար նա ստանում էր հաշմանդամության նպաստ (տե՜ս վերը՝ 110-11-րդ կետերը): Ի վերջո, նա սրտի խնդիրներով 2000թ. փետրվարին ընդունվել էր հիվանդանոց (տե՜ս վերը՝ 112-րդ կետը): Ավելին, դժվար է վճռորոշ համարել այն փաստը, որ ավագ երեխան 1992 թվականին ապրել է տատիկի հետ. նա այդ ժամանակ շատ ավելի փոքր էր, և դրանից հետո երկրորդ գանգատաբերի և նրա միջև սերտ և շարունակվող հարաբերությունների առկայությունը հաստատող փաստեր գոյություն չունեն: Ուստի, Դատարանը համարում է, որ երեխաներին երկրորդ գանգատաբերի խնամքին չհանձնելու մասին իշխանությունների որոշումը հիմնված է եղել այնպիսի պատճառների վրա, որոնք վերաբերելի են մնացել անգամ երկրորդ գանգատաբերի Իտալիա տեղափոխվելուց հետո, ընդ որում՝ պարզ էր դարձել, որ տեղափոխությունը ժամանակավոր է: 223. Ինչ վերաբերում է երկրորդ գանգատաբերի և երեխաների միջև շփումներին, ապա Դատարանը նշում է, որ երկրորդ գանգատաբերի վերաբերմունքը սկզբում բնորոշվում էր որոշակի անհետևողականությամբ: Ինչպես նշել է Հանձնաժողովը, դժվար է հասկանալ, թե ինչու է երկրորդ գանգատաբերը հրաժարվել երեխաներին տեսակցելուց առաջ կազմակերպվող նախապատրաստական աշխատանքներից՝ զուտ այն հիմքով, թե ինքը հեռու է բնակվում, չնայած որ հենց ինքն էր միջնորդել, որպեսզի թույլատրեն շաբաթը երկու անգամ տեսակցել երեխաներին: 224. Հետևապես, չնայած Ֆլորենցիայի անչափահասների դատարանի 1998թ. դեկտեմբերի 22-ի որոշմանը, որով նախատեսվել էր սկսել շփումները երկրորդ գանգատաբերի և երեխաների միջև նախքան 1999թ. մարտի 15-ը՝ այդ փուլում երկրորդ գանգատաբերի Իտալիայի տեղափոխվելուց հետո հնարավոր դարձող նախապատրաստական ծրագիրն ավարտելուց հետո, երկրորդ գանգատաբերն այդպես էլ կապ չէր հաստատել, այլ՝ պարզապես սպասել էր, որպեսզի իր հետ կապվեն սոցիալական ծառայությունները, անգամ Անչափահասների դատարանի սահմանած ժամկետը լրանալուց հետո: Նա նաև անհրաժեշտ չէր համարել իշխանություններին տեղեկացնել, թե երբ է ինքը մեկնում Բելգիա, որպեսզի սոցիալական ծառայությունների կողմից, թեպետ՝ ուշացմամբ ուղարկված հանդիպումների մասին երկու ծանուցումներն ապարդյուն չլինեին: 225. Չնայած որ Դատարանի համար համոզիչ չէ երկրորդ գանգատաբերի մասով Անչափահասների դատարանի որոշման կատարման ուշացման վերաբերյալ Կառավարության բացատրությունը (որի համաձայն, սոցիալական ծառայություններին անհրաժեշտ էր եղել կենտրոնանալ առաջին գանգատաբերի հետ շփումները նախապատրաստելու ուղղությամբ), Դատարանը գտնում է, որ երկրորդ գանգատաբերը հիմնավոր բացատրություններ չի ներկայացրել՝ հիմնավորելու, թե ինչու ինքը գործողություններ չի կատարել ժամկետը լրանալուց հետո, կամ՝ Բելգիա մեկնելիս ինչու այդ մասին չի տեղեկացրել իրավասու մարմիններին: 226. Դատարանը գտնում է, որ երկրորդ գանգատաբերի վարքագիծը վկայել է թոռներին կրկին տեսնելու իրական ցանկության պակասի մասին՝ գործոն, որով չեզոքացվում է իշխանությունների ուշացումը: 227. Հաշվի առնելով վերոհիշյալ գործոնները, Դատարանը եզրակացնում է, որ երկրորդ գանգատաբերի մասով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել: Դ. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 14-րդ հոդվածի կիրառելիությունը 228. Գանգատաբերները Դատարանում չեն շարունակել ներկայացնել իրենց գանգատները Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտումների (ներպետական դատարաններում գանգատների քննության ձգձգումների մասով) և 14-րդ հոդվածի խախտումների (ենթադրյալ խտրական վերաբերմունքի) վերաբերյալ: 229. Հանձնաժողովն իր զեկույցում համարել էր, որ տվյալ գործի հանգամանքներում, հաշվի առնելով հատկապես այն փաստը, որ Հանձնաժողովի զեկույցի ամսաթվի դրությամբ 1997թ. դեկտեմբերի 3-ի գանգատի հիման վրա կոնկրետ քայլեր չէին ձեռնարկվել, վարույթի տևողության մասին Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ներկայացված գանգատը պետք է համարել Կոնվենցիայի 8-րդ հոդվածին առնչվող խնդիրների մեջ ներկլանված: Ինչ վերաբերում է 14-րդ հոդվածին, ապա Հանձնաժողովը որդեգրեց այն տեսակետը, թե այդ դրույթը սույն գործով այլևս վերաբերելի չէ, քանի որ գանգատաբերներն այդ հոդվածի իմաստով փաստացի խտրականության վերաբերյալ որևէ պնդում չէին ներկայացրել: 230. Հաշվի առնելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածով կայացված իր որոշումը, Դատարանը հիմքեր չի տեսնում այս մասով Հանձնաժողովի եզրակացություններից շեղվելու համար, և ըստ այդմ որոշումէ, որ Կոնվենցիայի նշված դրույթներին առնչվող առանձին խնդիր չի ծագում: II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ Ա. Արդյո՞ք «Իլ Ֆորտետո»-ում երեխաների նկատմամբ ցուցաբերված ենթադրյալ վերաբերմունքն առաջացրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում 231. Առաջին գանգատաբերն իր երեխաների անունից գանգատվում էր, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, քանի որ առկա է եղել «Իլ Ֆորտետո»-ում նրանց նկատմամբ ոչ պատշաճ վարվեցողության ռիսկ: Բացի դրանից, նա պնդում է, որ 3-րդ հոդվածին հակասում է այն վտանգի առկայությունը, որ երեխաները կրկին կարող են ենթարկվել մանկապղծական ոտնձգությունների կամ հայտնվել մի միջավայրում, որտեղ կոոպերատիվի անդամներից առնվազն մեկը նախկինում կատարել է նման ոտնձգություններ: 232. Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսվում է. «Ոչ ոքի չի կարելի ենթարկել խոշտանգման կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի»: 233. Կառավարությունը պնդեց, մասնավորապես, թե գործի նյութերում չեն եղել ապացույցներ, որոնք կհաստատեին, որ համապատասխան երկու ղեկավարները կամ համայնքի այլ անդամները կամ այնտեղ մնացող անձինք բռնություն կամ դաժան վերաբերմունք են դրսևորել առաջին գանգատաբերի երեխաների կամ այդ տանը մնացող այլ երեխաների նկատմամբ: 234. Հանձնաժողովը կարծիք հայտնեց, թե գործում չեն եղել կոնկրետ ապացույցներ, որոնք ողջամիտ բոլոր կասկածների փարատմամբ կապացուցեին, որ երեխաները ենթարկվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի: 235. Չնայած այն փաստին, որ առաջին գանգատաբերի ներկայացրած որոշ ցուցմունքներ (տե՜ս վերը՝ 38-40-րդ կետեր) մտահոգության տեղիք են տալիս, իսկ Կառավարությունը չի վիճարկել դրանց ճշմարտացիությունը, Դատարանը համակարծիք է Հանձնաժողովին, քանի որ գործի նյութերում ոչինչ չի վկայում այն մասին, որ երեխաներն «Իլ Ֆորտետո»-ում ենթարկվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի: Այդ առումով հարկ է նաև նշել, որ ռաջին գանգատաբերն իրավասու ներպետական մարմիններին չի ներկայացրել քրեական բողոք: Հետևաբար, տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Բ. Արդյո՞ք գանգատաբերներին պատճառված տառապանքն առաջացրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում 236. 1999թ. մարտի 3-ին Դատարանին ներկայարած հուշագրում գանգատաբերները պնդել են, որ իրենց իրավիճակն ամբողջության մեջ իրենց պատճառել է ցավ և տառապանք, որն առաջացրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: 237. Դատարանը նշում է, որ այդ գանգատը, որն ըստ էության Կոնվենցիայի 8-րդ հոդվածի առնչությամբ ծագող խնդիրներից տարբերվող էական խնդիր չի բարձրացնում, ընդունելի չի ճանաչվել Հանձնաժողովի կողմից: Ուստի, Գանգատաբերներին արգելվում է ներկայացնել այդ գանգատը: III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ 238. Առաջին գանգատաբերը նաև բողոքել է, որ իր երեխաները չեն ստացել բավարար կրթություն, և որ ըստ երևույթին նրանց ստացած միակ կրթությունը եղել է այն, ինչ կազմակերպվել է համայնքի ներսում: Առաջին գանգատաբերը պնդել է, թե դրա կապակությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում: 239. Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսվում է. «Ոչ մեկին չի կարելի զրկել կրթության իրավունքից: Պետությունը կրթության և ուսուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս հարգում է ծնողների՝ զավակների համար իրենց կրոնական և փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը»: 240. Կառավարությունը պնդեց, թե առաջին գանգատաբերի պնդումներն անհիմն են, քանի որ երեխաները մշտապես գտնվել են վերահսկողության ներքո: Ավելացրեց, թե ավագ երեխայի դպրոց հաճախելու որոշակի ուշացումն անխուսափելի է եղել՝ հաշվի առնելով նրա անձնական նուրբ հանգամանքները և դպրոցական համակարգում նրա աստիճանական վերաինտեգրումն ապահովելու ցանկալիությունը: 241. Հանձնաժողովը համարել էր, որ առաջին գանգատաբերի մտավախություններն այլևս ըստ երևույթին հիմնավորված չեն, քանի որ գործի նյութերը, մասնավորապես, ցույց էին տալիս, որ ավագ երեխան այժմ արդեն հաճախում էր դպրոց: Ավելին, սկզբնական ուշացումը կարծես նպատակահարմար էր, եթե հաշվի առնվեր այն դրամատիկ իրավիճակը, որից նոր էր դուրս եկել երեխան: 242. Դատարանը նշում է, որ գործի նյութերը ցույց են տալիս, որ առաջին գանգատաբերի ավագ որդին սկսել է դպրոց հաճախել «Իլ Ֆորտետո» հասնելուց կարճ ժամանակ անց (տե՜ս վերը՝ 47-րդ կետը): Կրտսեր երեխան նոր էր հասել դպրոցական տարիքի, և Դատարանը գործի նյութերի հիման վրա նշում է, որ նա փաստացի հաճախում է նախակրթական (տե՜ս վերը՝ 123-րդ կետը): Ավելին, ինչ վերաբերում է երեխաների վերահսկողության և կրթության վրա «Իլ Ֆորտետո»-ի ազդեցությանը, ապա Դատարանն իր եզրակացությունների մեջ հղում է կատարում երեխաներին այդ համայնքում տեղավորելու փաստին (տե՜ս վերը՝ 201-16-րդ կետերը): 243. Հետևաբար, Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել: IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ 244. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է. «Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանն անհրաժեշտության դեպքում որոշում է արդարացի փոխհատուցում տրամադրել տուժած կողմին»: Ա. Վնասը 245. Առաջին գանգատաբերը ոչ նյութական վնասի հատուցման համար պահանջում էր 100,000,000 իտալական լիրա (ԻՏԼ): Նա նաև նույն հոդվածով 700,000,000 ԻՏԼ էր պահանջում երեխաների կրած վնասի հատուցման համար: Երկրորդ պահանջի հիմքում, մասնավորապես, այն գանգատն էր, որ իշխանությունները չէին փորձել գտնել լուծում, որի շրջանակում երեխաները կտեղավորվեին ազգականների մոտ: 246. Առաջին գանգատաբերը նաև 300,000,000 ԻՏԼ էր պահանջում այն դեպքում, եթե Դատարանը կարձանագրեր, որ երեխաների տեղավորումը պատշաճ չի եղել: 247. Ինչ վերաբերում է նյութական վնասին, ապա առաջին գանգատաբերը 15,000,000 ԻՏԼ էր պահանջում իր նախկին աշխատանքից զրկվելու համար, որը նա վերագրում էր երեխաների վիճակով պայմանավորված դժվարություններին, որոնց հետևանքով ինքը բազմիցս ստիպված էր եղել աշխատանքից արձակուրդ վերցնել: 248. Պատասխանող Կառավարությունն ընդամենը պնդում էր, թե առաջին գանգատաբերի պահանջները հիմնավորող ապացույցներ չկան: Նաև պնդում էր, թե Կոնվենցիայի որևէ խախտում արձանագրելու դեպքում բարդ և նուրբ հարցեր կծագեն, հատկապես՝ Նախարարների կոմիտեում, կապված անհատական միջոցառումների իրագործման հետ: 249. Դատարանն ընդգծում է, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվել են իրենց մասնակցությամբ ընթացող ցանկացած գործով կատարել Դատարանի վերջնական դատավճիռները, ընդ որում՝ կատարումը վերահսկվելու է Նախարաների կոմիտեի կողմից: Դրանից, մասնավորապես, բխում է, որ Դատարանի՝ խախտում արձանագրող դատավճիռը պատասխանող պետության համար առաջացնում է ոչ միայն արդարացի հատուցման նշանակված գումարները շահագրգիռ անձանց վճարելու իրավական պարտավորությունը, այլ նաև՝ Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո իրենց ներպետական իրավակարգում այնպիսի ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցառումներ ընտրելու իրավական պարտավորությունը, որոնք վերջ կդնեն Դատարանի արձանագրած խախտմանը և հնարավորինս կվերացնեն խախտման հետևանքները (տե՜ս, mutatis mutandis, Papamichalopoulos-ը և այլք ընդդ. Հունաստանի գործով (հոդված 50) 1995թ. հոկտեմբերի 31-ի դատավճիռը, Series A no. 330-B, pp. 58-59, § 34): Ավելին, պատասխանող պետությունը Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո ազատորեն ընտրում է այն միջոցները, որոնցով իրականացնելու է Կոնվենցիայի 46-րդ հոդվածից բխող իր իրավական պարտավորությունը՝ պայմանով, որ այդ միջոցները համատեղելի լինեն Դատարանի դատավճռում շարադրված եզրահանգումներին: 250. Ըստ այդմ, Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն, արդարացի հատուցման կարգով գումարներ վճարելու պարտավորությունը սահմանելու նպատակն է հատուցում տրամադրել բացառապես տուժածների կրած վնասի մասով՝ այնքանով, որքանով այդ իրադարձություններն այն խախտման հետևանքն են, որն այլ կերպ հնարավոր չէ շտկել: 251. Ինչ վերաբերում է նյութական վնասին, ապա Դատարանը գտնում է, որ առաջին գանգատաբերն իր պահանջները հիմնավորող կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել: 252. Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, ապա Դատարանը համարում է, որ առաջին գանգատաբերն անկասկած կրել է այդպիսի վնաս, քանի որ մինչ օրս իր երեխաների հետ կազմակերպված շփումները եղել են անբավարար, տեսակցություններն ուշացել են, չի բացատրվել երեխաներին «Իլ Ֆորտետո»-ում տեղավորելու՝ իշխանությունների որոշումը, և «Իլ Ֆորտետո»-ում երեխաների համար պատասխանատու անձինք խոչընդոտել են երեխաների հետ հարաբերությունների վերականգնումը: Դատարանը նաև նշում է, որ երեխաներին 1997թ. սեպտեմբերի 9-ին խնամքի վերցնելուց ի վեր, այսինքն՝ 2 տարի և 10 ամիս ժամկետում, առաջին գանգատաբերը նրանց տեսել է ընդամենը երկու անգամ, իսկ 1999թ. սեպտեմբերի 9-ից ի վեր շփումներ չեն կազմակերպվել: Կարելի է ողջամտորեն ենթադրել, որ այդ հանգամանքների ամբողջությունը լուրջ անհանգստություն և տառապանք է պատճառել առաջին գանգատաբերին, որը ժամանակի ընթացքին զուգահեռ աճել է: Վճիռը կայացնելով արդարացիության հիմքով՝ Դատարանն կարգադրում է առաջին գանգատաբերին վճարել 100,000,000 ԻՏԼ: 253. Դատարանը նաև համարում է, որ երեխաներն անձամբ նույնպես վնաս են կրել, քանի որ աճել է մոր հետ կապերի անշրջելի խզման ռիսկը և նրանց շարունակաբար «Իլ Ֆորտետո»-ում պահելու վտանգը, որոնք հետևանքով նրանք այլևս չէին կարողանա ապագայում երբևէ վայելել ընտանեկան կյանքն այդ համայնքից դուրս, և այդ հանգամանքը համահունչ չէր երեխաների շահերը պաշտպանելու՝ իշխանությունների հռչակած նպատակին: Ուստի, Դատարանը գտնում է, որ երեխաների՝ որպես գանգատաբերների վիճակի առումով պետք է հաշվի առնի կրած այդ վնասը, և վճիռը կայացնելով արդարացիության հիմքով՝ Դատարանը կարգադրում է յուրաքանչյուր երեխային անձամբ վճարել 50,000,000 ԻՏԼ: Բ. Ծախսերը և ծախքերը 254. Առաջին գանգատաբերը պահանջել է 11,550,000 ԻՏԼ՝ որպես Իտալիայի դատարանների վարույթներում կրած իրավական ծախսերի և փորձագիտական վճարների փոխհատուցում: 255. Առաջին գանգատաբերը պահանջել է ևս 121,463,603 ԻՏԼ՝ Հանձնաժողովում և Դատարանում կրած իրավաբանական վճարների փոխհատուցում (և ներկայացրել է վճարման անդորրագիր): Այդ կապակցությամբ առաջին գանգատաբերի փաստաբանը միջնորդել է, որպեսզի գումարները վճարվեն ուղղակիորեն իրեն: Դրա վերաբերյալ նա ներկայացրել է անդորրագիր, որի համաձայն առաջին գանգատաբերն իրեն արդեն վճարել է 800,000 ԻՏԼ: 256. Կառավարությունը տվյալ խնդիրը թողել է Դատարանի հայեցողությանը: 257. Ինչ վերաբերում է ներպետական դատարաններում կրած ծախսերին, ապա Դատարանը նկատում է, որ թեպետ այդ ծախսերի առնվազն մեկ մասը կատարվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տարբեր խախտումների հետևանքները վերացնելու նպատակով, առաջին գանգատաբերը չի ներկայացրել դրանք հիմնավորող որևէ ապացույցներ: Ուստի, այս կետով նրա ներկայացրած պահանջները ենթակա են մերժման: 258. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի կառույցների առջև կրած ծախսերին, ապա Դատարանը համարում է, որ գործն անվիճելիորեն բարդ է եղել: Այնուհանդերձ, Դատարանը գտնում է, որ առաջին գանգատաբերի փաստաբանի պահանջած գումարները չափազանց մեծ են: Վճիռը կայացնելով արդարացիության հիմքով, և հաշվի առնելով այս ոլորտում Կոնվենցիայի կառույցների պրակտիկան, Դատարանը համարում է, որ 26,250,000 ԻՏԼ գումարը խելամիտ է: Այդ գումարից անհրաժեշտ է նվազեցնել այն գումարը, որը փաստաբանն արդեն իսկ ստացել է գանգատաբերներից (800,000 ԻՏԼ), ինչպես նաև՝ Հանձնաժողովի և Դատարանի որոշումներով գանգատաբերներին անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու կարգով նույն փաստաբանին արդեն իսկ վճարված գումարները: Վերջիններս ընդհանուր հաշվով կազմում են 28,030.75 ֆրանսիական ֆրանկ (7,765,000 ԻՏԼ): Ըստ այդմ, գանգատաբերի փաստաբանին վերջինիս միջնորդության համաձայն վճարվելիք գումարի մնացորդը կազմում է 17,685,000 ԻՏԼ: Գ. Հաշվարկային տոկոսագումարը 259. Դատարանի ունեցած տեղեկությունների համաձայն, Իտալիայում սույն դատավճռի կայացման պահին գործող նորմատիվային տոկոսադրույքը կազմում է տարեկան 2.5%: ԵԼՆԵԼՈՎ ԱՅԴ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ, ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ 1. Մերժում է Կառավարության նախնական առարկությունը, 2. Վճռում է, որ առաջին գանգատաբերի ծնողական իրավունքները կասեցնելու և երեխաներին խնամքի հանձնելու փաստի մասով տեղի չի ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, 3. Վճռում է, որ առաջին գանգատաբերի և նրա երեխաների միջև տեսակցությունների ձգձգումների և դրանց սահմանափակ թվի մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, 4. Վճռում է, որ առաջին գանգատաբերի երեխաներին «Իլ Ֆորտետո»-ում տեղավորելու մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, 5. Վճռում է, որ երկրորդ գանգատաբերի նկատմամբ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, 6. Վճռում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 14-րդ հոդվածի հիման վրա առանձին խնդիր չի ծագում, 7. Վճռում է, որ «Իլ Ֆորտետո»-ում առաջին գանգատաբերի երեխաների հետ վարվեցողության մասով տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում 8. Վճռում է, որ գանգատաբերները դատավարական իրավունք չունեն՝ իրենց ողջ իրավիճակի կապակցությամբ կրած տառապանքի մասով գանգատվելու Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման վերաբերյալ, 9. Վճռում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում, 10. Վճռում է. (ա) Որ պատասխանող պետությունը պարտավոր է երեք ամսվա ընթացքում առաջին գանգատաբերին վճարել 100,000,000 ԻՏԼ (հարյուր միլիոն իտալական լիրա) ոչ նյութական վնասի դիմաց, (բ) Որ պատասխանող պետությունը պարտավոր է երեք ամսվա ընթացքում առաջին գանգատաբերի երեխաներից յուրաքանչյուրին վճարել 50,000,000 ԻՏԼ (հիսուն միլիոն իտալական լիրա) ոչ նյութական վնասի դիմաց, (գ) Որ պատասխանող պետությունը պարտավոր է երեք ամսվա ընթացքում առաջին գանգատաբերի փաստաբանին վճարել 17,685,000 ԻՏԼ (տասնյոթ միլիոն վեց հարյուր ութսունհինգ հազար իտալական լիրա) ծախսերի և ծախքերի դիմաց, (դ) Որ պատասխանող պետությունը պարտավոր է երեք ամսվա ընթացքում առաջին գանգատաբերին վճարել 800,000 ԻՏԼ (ութ հարյուր հազար իտալական լիրա) այն վճարների դիմաց, որոնք առաջին գանգատաբերն արդեն վճարել է իր փաստաբանին, (ե) Որ վերոհիշյալ երեքամսյա ժամկետը լրանալուց հետո մինչև փաստացի վճարման պահը վճարման ենթակա է պարզ տոկոսագումար՝ տարեկան 2.5%-ով, 11. Մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ գանգատաբերների պահանջի մնացած մասը: Պատրաստվել է անգլերեն և ֆրանսերեն, գրավոր ծանուցվել է 2000թ. հուլիսի 13-ին, Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն: Լուցիուս ՎԻԼԴՀԱԲԵՐ, նախագահ Միշել ԴԵ ՍԱԼՎԻԱ, քարտուղար   Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ մասի համաձայն, սույն դատավճռին կցվում է պրն. Զուպանչիչի համընկնող կարծիքը:   L.W. M. de S. ԴԱՏԱՎՈՐ ԶՈՒՊԱՆՉԻՉԻ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ   Ես լիովին համակարծիք եմ սույն գործով կայացված դատավճռին: Կարծեցի, սակայն, որ օգտակար կլինի մի քանի ընդհանուր դիտարկումներ անել այսօր մեր լուծած գործի նման գործերի դատավարական առանձնահատկությունների վերաբերյալ: Սկոցարին եվ Ջիունտան ընդդ. Իտալիայի (Scozzari and Giunta v. Italy) գործի նման գործերը հարացուցային իրավական վեճեր չեն: Դրանք որոշակի խնդիրներ են առաջ բերում՝ կապված դատարանի մատչելիության մեր ուսմունքի և իրավունքի գերակայության սկզբունքի հետ: Olsson-ն ընդդ. Շվեդիայի գործով (գործ թիվ 1) 1988թ. մարտի 24-ի դատավճռից (Series A no. 130) մինչև վերջերս լուծված՝ Nuutinen-ն ընդդ. Ֆինլանդիայի գործը (թիվ 32842/96, ECHR 2000-VIII), 8-րդ հոդվածին, այսինքն՝ ընտանեկան իրավունքին վերաբերող գործերի ողջ շարքը դատավարական առանձնահատուկ դժվարություններ է առաջացրել: Այդ դժվարությունները, ինչպես կտեսնենք, հիմնականում հաղթահարվում են ընտանեկան իրավունքի վեճերով կայացվող դատավճիռների ոչ հետահայաց բնույթի շնորհիվ: Օրինակ, փոփոխվող փաստական հանգամանքների մեջ վերջին պահին տեղի ունեցող բարդ զարգացումները Դատարանին ստիպում են առաջին ատյանին բնորոշ փաստահավաքություն իրականացնել, և անգամ՝ հավանականություն գնահատել: Իրավական տեսությունը, որքան գիտեմ, ստորև քննարկվող և հաճախ հանդիպող հարցերի պատրաստի լուծումներ մինչ օրս չի առաջարկել: Իրավունքի դասական վեճը որոշակի դատավարական առանձնահատկություններ ունի: Նախևառաջ, իրավունքը և պաշտպանությունը սովորաբար փոխկախված են: Երկրորդը, իրավական պահանջը հետահայաց է, այսինքն՝ սովորաբար վերաբերում է միայն անցյալի իրադարձություններին (փաստերին): Երրորդը, վեճի իրավական կողմի բևեռայնությունը պետք է միակենտրոն լինի, այսինքն՝ ի վերջո որոշման ենթակա է մեկ հարց: Եվ չորրորդը, իրավաբանորեն վերաբերելի փաստերի և կիրառելի նորմի միջև գոյություն ունի դեոնթոլոգիական լարվածություն: Երեխայի այսպես կոչված «լավագույն շահերը», օրինակ, բավականաչափ որոշակի չեն, որպեսզի հաստատվի դատական սովորական «aut-aut» միակենտրոն բևեռայնությունը: Դա իր հերթին պարտավորեցնում է դատարանին՝ կատարել բազմակենտրոն ընտրություններ, այն է՝ parens patriae ակտիվ դերակատարում ստանձնել: Ավելին, դատարանի այդ ակտիվ ներգրավումը շարունակական է, երբեմն՝ մինչև երեխայի չափահաս դառնալը: Անկողմնակալությունը, այսինքն՝ դատարանի պասիվ չմասնակցությունը, ինչպես նաև վեճի կողմերի համապատասխան դերերը նույնպես կանխորոշվում են ընտանեկան իրավունքի գործերի առանձնահատկություններով: Դատարանների պասիվ անկողմնակալությունը, օրինակ, ակնհայտորեն բխում է կողմերի երկու բևեռացված կողմնակալությունների փոխհարաբերությունից: Գործն իր հերթին այս իմաստով հասունացած է լինում (խոսքս վերաբերում է դատելիության ուսմունքի մեջ քննարկվող հասունության խնդրին) այն ժամանակ, երբ կենտրոնանում է մեկ կամ երկու առանցքային խնդիրների վրա: Այդ կենտրոնացումը, չնայած դրա կապակցությամբ տեղի ունեցող՝ ապացուցման բեռի հայելային փոխադրմանը, այնուհանդերձ ֆիքսված է անցյալում, այսինքն՝ ամբողջովին հետահայաց է: Դատավճռի վերջնականությունը, որն անհերքելիորեն համարվում է վավեր (res judicata pro veritate habetur), կախված է փաստերի նախապես գոյություն ունեցած վերջնականությունից, այսինքն՝ դատական հետահայացությունից: Ի վերջո, դա կարող է բացասաբար անդրադառնալ դատավճռի իրագործման, կատարման և կիրարկման վրա նույնպես, ինչպես նշել եմ Nuutinen-ի գործով իմ տարբերվող կարծիքի մեջ: Ավելին, կիրառելի նորմի ընտրությունը կախված է իրավաբանորեն վերաբերելի փաստերից (անցյալի իրադարձություններ), և հակառակը՝ իրավաբանորեն վերաբերելի փաստերի շրջանակն իր հերթին կախված է նորմի ընտրությունից: Այս դիալեկտիկական գործընթացի համար պահանջվում է անցյալում բյուրեղացված փաստերի որոշակի համակցություն, այլ ոչ՝ անընդհատ փոփոխվող փաստեր: Իրավունքի դատարաններն իրենց սովորական աշխատանքում կատարելով ճշմարտությունը բացահայտելու գործառույթ, դիտարկում և գնահատում են այդկերպ բյուրեղացված փաստերը, սակայն հայտարարություններ չեն անում, օրինակ, այն մասին, թե որքանով է կոնկրետ անձանց հարիր ծնողական գործառույթների իրականացումը: Ապացուցման իրավունքն իմացաբանորեն պայմանավորված է պատմական մեթոդով, այլ ոչ՝ ապագայի հավանականությունների գնահատմամբ: Թե՜ ազգային, թե՜ միջազգային վերաքննիչ ատյաններում այս բարդություններն էլ ավելի մեծ կարևորություն են ստանում: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն առերեսվում է ավելի թարմ իրադարձությունների, այսինքն՝ ստորադաս դատարանների որոշումների կայացումից հետո տեղի ունեցած իրադարձությունների: Այլ կերպ ասած, վերաքննիչ դատարանները բախվում են խաթարված ընտանեկան հարաբերությունների շարունակական էվոլյուցիայի՝ բարելավման կամ վատթարացման խնդիրներին: Վերաքննիչ դատարանը, ուստի, կամա թե ակամա ներգրավվում է նոր փաստերի (questiones facti) նորովի գնահատման մեջ: Այն չի կարող սահմանափակել իրեն՝ ինչպես սովորաբար կվարվեր, փաստերի այն ամբողջությամբ, որը հաստատվել է ստորին ատյաններում և արձանագրվել գործի նյութերում. ընդհակառակը, այն պարտավոր է ընկալունակ մնալ նորագույն զարգացումների նկատմամբ: Ուստի, վերաքննիչ դատարանի համար բավական դժվարանում է միմիայն իրավունքի հարցերով (questiones juris) սահմանափակվելը: Վերջին ատյանի միջազգային դատարանը, որն էլ ավելի է հեռացված միջանձնային հարաբերությունների նրբությունների ուղղակի փաստական գնահատման հնարավորությունից, այսկերպ հայտնվում է անհարմար, սակայն անխուսափելի դերում՝ փաստահավաքի դերում: Հետևաբար, տուժում է փաստերն անմիջականորեն հավաքելու սկզբունքը: Եվ քանի որ վերաքննիչ դատարանը ստիպված է գործի բարդ և շարունակաբար փոփոխվող փաստական հանգամանքների հստակ շրջանակի հանգել, անխուսափելի է դառնում նվազագույնապաշտ, խիստ ռեդուկտիվ դատական մոտեցման որդեգրումը: Բացի դրանից, ընտանեկան կյանքի չխզման իրավունքը և արդարացի փոխհատուցման մեր ընձեռած իրավական պաշտպանությունը չեն կարող իմաստավորված կերպով փոխկախյալ լինել: Դատավճռի 249-րդ կետում հույս հայտնեցինք, որ իտալական պետությունը կընտրի մեր դատավճռին համահունչ տարբերակներից մեկը և կփորձի հնարավորինս շտկել Սկոցարիների ընտանիքի ողբերգական իրավիճակը: Այնուամենայնիվ, թեպետ իտալական պետության տրամադրության տակ փաստացի կան մի քանի ակնհայտ տարբերակներ, դրանցից ոչ մեկը դասական restitutio in integrum սկզբունքին բնորոշ quid pro quo հստակ իմաստը չունի: Մանկահասակ երեխաների պարագայում անցնող ժամանակն անշրջելի է և անվերականգնելի: Կարծում եմ, Դատարանն անցյալում տպավորիչ գործ է արել՝ իմաստուն լուծումներ գտնելով անհատական գործերով, միաժամանակ սահմանելով ընդհանուր սկզբունքներ և ուսմունքներ, որոնք կարգավորում են եվրոպական ընտանեկան իրավունքի որոշակի ուղղությունները: Դատական նախադեպի շնորհիվ այժմ հիմնականում պարզ է, թե որոնք են Պայմանավորվող պետությունների իրավունքները և պարտավորությունները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն, կամ՝ ավելի կոնկրետ, թե որոնք են խաթարված ընտանեկան հարաբերությունների նկատմամբ միջամտության համաչափության սահմանները: Ամփոփելով նշված սկզբունքները և ուսմունքները, վերջնական իրավական պաշպանության միջոցն արդարացված է, եթե (ա) այն օբյեկտիվորեն բխում է երեխայի լավագույն շահերից, (բ) այն հավասարակշռում է ծնողների (և այլ մերձավոր ազգականների) իրավունքները և երեխայի լավագույն շահերը, և (գ) այն ակնհայտորեն ձգտում է վերականգնել ծնող-երեխա հարաբերությունները: Անխոս, այստեղ հատկապես կարևորվում է (դ) ընտանեկան դատարանների կողմից արագ որոշումների իրավունքը, որն ավելի շատ բխում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածից, քան՝ 6-րդ հոդվածի 1-ին մասից:[3] Սույն գործով, սակայն, երկու լրացուցիչ հարցեր են առաջ գալիս: Առաջին հարցը վերաբերում է նրան, թե որքան սերտորեն և որքան երկար ժամանակ պետք է պետական մարմինները վերահսկողություն իրականացնեն երեխայի խնամքի համար պատասխանատու անձանց կողմից այդ մարմինների որոշումների կատարման նկատմամբ: Երկրորդ խնդիրը վերաբերում է քննադատությունից վեր այլընտրանքային խմանք ստանալու՝ ծնողների և երեխաների իրավունքին: Ինչ վերաբերում է երկրորդ խնդրին, ապա հասկանալի է, որ ընտանեկան կյանքի նկատմամբ նման ծանր միջամտությունը չի կարող համաչափ լինել, եթե պետության կողմից նշանակվող այլընտրանքային խնամքի ծառայությունը քննադատությունից վեր չէ: Ավելին, հաշվի առնելով, որ այլընտրանքային խնամքի բնույթի հարցը սովորաբար ծնողների և պետության միջև երկրորդային վեճի առարկա է, որը ծագում է ընտանեկան կյանքին միջամտելու մասին առաջին դատական որոշման արդյունքում, խնդիրը միախառնվում է ծնողների, երեխաների և մերձավոր ազգականների համար դատարանների շարունակական մատչելիության խնդրին: Արդարացված չի կարող լինել պետության կողմից այն հիմնարար մարդկային հարաբերության խզումը, որն առկա է ծնողի և երեխայի միջև, բացառությամբ եթե պետությունը պատրաստ և կարող է շարունակել այնպիսի դատական որոշումներ կայացնել, որոնք ավելին են, քան ընտանիքի կյանքի նկատմամբ հավասարակշիռ միջամտության res judicata սկզբունքի հետահայաց կիրառությունը: Երեխաներ չունեցող զույգի ամուսնալուծության պարզ գործի պարագայում պետության դատարանները կարող են պարզապես հայտարարել հարաբերության ավարտը, ինչպես նաև՝ որոշել անհրաժեշտ հետևանքները համատեղ կյանքի ընթացքում կուտակած գույքի բաժանման առումով: Եթե կան երեխաներ, սակայն, ծայրահեղ բարդ և ապագային վերաբերող երկարաժամկետ որոշումներ պետք է շարունակաբար կայացվեն երեխաների խնամակալության հարցերով: Անգամ եթե երեխայի խնամքը հանձնվում է ծնողներից մեկին, դա արդեն իսկ այն ոլորտն է, որում դատավճիռը չունի անփոփոխելի վերջնականություն: Ավելին, եթե կոնկրետ գործով երկու ծնողների վարքագիծը վնասակար է եղել երեխայի համար, չի կարող պարզապես ընտանիքը մասնատելու որոշում կայացվել: Դատարանը պետք է սկզբում կիրառի այլընտրանքային խմամքի տարբերակ, որից հետո պետք է շարունակի դատական վերահսկողությունը: Կրկնեմ, որ ընտանեկան դատարանի այս գործառույթը յուրահատուկ է, քանի որ այսպիսի վեճերը որևէ իմաստով չեն կարող համարվել վերջնականապես լուծված, առնվազն՝ քանի դեռ երեխան չի հասել օրենքով սահմանված չափահասության տարիքին: Ուստի, եթե պետությունը որոշի միջամտել ծնողի և երեխայի բնական երկարաժամկետ հարաբերություններին, ապա այն պարտավոր է ընդունել, որ ապագայում նույնպես այն շարունակելու է կրել parens patriae բնույթի պարտականություններ և պարտավորություններ: Պատմականորեն, parens patriae իրավական ուսմունքը հիմնված է եղել այն սխալ ենթադրության վրա, թե ընտանեկան իրավունքի, քաղաքացիական սահմանափակման և անչափահաս իրավախախտների գործերով պետությունը գործում է ծնողի կարգավիճակով, այսինքն՝ քրեական և անգամ մասնավոր իրավունքին բնորոշ մրցակցային դիրքորոշումներն այստեղ փոխարինվում են պետության բարյացկամ դիրքորոշմամբ: Իրավական իմաստով, գոյություն է ունեցել բարյացկամ դիրքորոշման անհերքելի կանխավարկած: Այդ կանխավարկածը փաստացի արգելափակել է հետագայում դատարան դիմելու բոլոր հնարավորությունները: Մոտ 30 տարի առաջ, սակայն, parens patriae ուսմունքը փլուզվեց, երբ սահմանադրական մի շարք գործեր քննվեցին տարբեր պետություններում: Իրավաբանորեն պարզ դարձավ, որ պետության այդ հիմնարկները (պետության խնամքին հանձնված երեխաներ, հոգեբուժարաններում հարկադրաբար պահվող խնամառուներ և անչափահաս իրավախախտներ) վատթարագույն իրավիճակում էին հայտնվել: Բարյացկամ վերաբերմունքի կանխավարկածի պատճառով այդ երեխաները, հոգեկան հիվանդությամբ անձինք և անչափահաս իրավախախտները զրկվել էին օրենքի թե՜ դատավարական, թե՜ նյութական երաշխիքներից, սակայն իրականում չէին ստանում պետության խնամքը և բուժումը: Դրա հետևանքն այն էր, որ վերականգնվեց խիստ դատական պաշտպանությունը՝ մեր նախադեպի իմաստով՝ դատարանի մատչելիությունը, աստիճանաբար հրաժարվելով parens patriae պարզունակ գաղափարախոսությունից: Սկոցարին եվ Ջիունտան ընդդ. Իտալիայի գործն ակնհայտորեն ցույց է տալիս, որ պետությունը պարտավոր է հավասարակշռել ընտանեկան կյանքի միջամտելու իր սկզբնական որոշումը և այդկերպ ստանձնած իր՝ parens patriae բնույթի ապագա պարտավորությունները: Այդ պարտավորություններից, մասնավորապես, բխում է, առաջին հերթին, ընտանեկան դատարաններում հավարակշիռ վիճակը գտնելու պարտավորությունը: Ընտանեկան հարաբերություններին միջամտելու հնարավոր իրավական տարբերակները դիտարկելիս նրանք պարտավոր են համոզվել, որ պետության կողմից նշանակվող խնամքն ակնհայտորեն և միանշանակորեն ավելի լավը կլինի, քան՝ այն խնդրահարույց վիճակը, որը դատարանը փորձում է լուծել: Երկրորդը, ընտանեկան դատարանների այդ պարտավորությունները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերականգնվել ծնող-երեխա բազային հարաբերությունները, որոնց վերականգնմանը պետք է հենց միտված լինի միջամտությունը: Երրորդը, տուժած կողմերը պետք է շարունակաբար դատարան դիմելու հնարավորություն ունենան, այսինքն՝ դատարանները պարտավոր են շարունակել լուծել ծնողների և երեխաների հարաբերություններին միջամտած առաջին դատական որոշման հետևանքով ծագող երկրորդային վեճերը: Այլ կերպ ասած, եթե պետության դատարաններն իրավաբանորեն կամ այլ կերպ անկարող են նման երկարաժամկետ հանձնառություն ստանձնել, ապա նրանք չպետք է միջամտեն: Մյուս կողմից, դատարաններն իրենք չեն կարող իրականացնել երեխաների ամենօրյա խնամքը: Դա սովորաբար վստահվում է սոցիալական ծառայություններին: Սակայն, սոցիալական ծառայությունների այն բաժինը, որին դատարանները վստահել են երեխային, պետք է շարունակաբար գտնվի դատարանի ակտիվ վերահսկողության ներքո: Վեճերի լուծման՝ զուտ դատական իրավասությունը, այսինքն՝ այլընտրանքային խնամքի մասին առաջին որոշման հետևանքով ծագող լրացուցիչ վեճերի լուծման իրավասությունը, չպետք է թողնվի հոգեբույժներին, հոգեբաններին, սոցիալական աշխատողներին, այլընտրանքային խմամքի հաստատությունների ղեկավարներին և այլն: Այլընտրանքային խմամքի և խնամատարության գործող համակարգերը հաճախ առաջացնում են մի շարք նոր կոնֆլիկտներ ծնողների և սոցիալական մարմինների միջև: Սույն Դատարանի լուծած բազմաթիվ գործերի շրջանակում ակնհայտ էր, որ սոցիալական մարմինները հակված են կամայական որոշումներ կայացնելու իրավասություն վերապահել իրենց՝ զգալիորեն գերազանցելով դատարանի կողմից վերապահված իրավասությունը: Անկասկած, այդ խնդիրը բխում է երեխայի խնամքի և խնամատարության գործերով դատական որոշումների վերոհիշյալ ոչ հետահայաց բնույթից և այլ առանձնահատկություններից: Այնուամենայնիվ, իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքը պահանջում է, որպեսզի ծնողների և երեխաների համար դատարանի մատչելիությունը շարունակաբար և խստագույնս ապահովվի: Նման բողոքների լուծման իրավունքը բացառապես այլընտրանքային խմամքի իրավասությամբ օժտված մարմիններին վերապահելու դեպքում չափազանց մեծ կլինեն ռիսկերը: Նրանց բարեխղճության կանխավարկածը պետք է անպայմանորեն հնարավոր լինի կասկածի տակ առնել, այսինքն՝ մշտապես հնարավոր լինի իրավական կարգով բողոքարկել նրանց գործողությունները և որոշումները դատարանում: Հաշվի առնելով, որ այդ դեպքում կձևավորվեր այսպես կոչված ինքնարդարադատություն, խնամատար ծնողները, սոցիալական աշխատողները, հոգեբանները, հոգեբույժները, այլընտրանքային խնամքի հաստատությունները և մյուսները չեն կարող որոշումներ կայացնողները լինել այն իրավիճակներում, որոնցում ծնողների դժգոհությունը և բողոքը վերաբերում են նրանց իսկ որոշումներին: Այդ վեճերը դատավարական իմաստով առերևույթ ընդունելի են, եթե դրանցում արծարծվող խնդիրները դուրս են այլընտրանքային խնամքը սահմանող դատական որոշումների շրջանակից: Այս խնդիրը վերաբերում է բուն իրավունքի գերակայության սկզբունքին: Ընտանեկան դատարանի դռները պետք է լայն բացված մնան: [1] Ծանոթագրություն Քարտուղարության կողմից. թիվ 11 արձանագրությունն ուժի մեջ է մտել 1998 թվականի նոյեմբերի 1-ին: [2] Ծանոթագրություն Քարտուղարության կողմից. զեկույցը հնարավոր է ստանալ Քարտուղարությունից: [3] Տե՜ս Johansen-ն ընդդ. Նորվեգիայի գործով 1996թ. օգոստոսի 7-ի դատավճիռը, Reports of Judgments and Decisions 1996-III, opinion of the Commission, pp. 1023-24, §§ 106-12:

© Rada Europy / Europejski Trybunał Praw Człowieka, źródło: HUDOC (hudoc.echr.coe.int), pozyskano 13.07.2026. · Źródło